top of page

SOULJOB: Job on Thesis

  • Фото автора: Vag Germanyan
    Vag Germanyan
  • 24 июн.
  • 4 мин. чтения

Նվիրվում ա 

Քո խակ սիրուն եվ իմ հասուն տանջանքին

Վերցրած պոպսովիյ պոետից


Թագավորն ապրած կենա, թագուհին թագընկեց լինի

Վերցրած հայերեն ասացվածքից


Նվիրվում ա սիրահարվելու արվեստին(քեզ) եվ սիրելու արվեստին(ինձ) 

չտիրապետողներին

 Վերցրված քո միակ(չափազանցված) ավարտած գրքից


Բոլոր իրադարձությունները վերցրած են ունայն կյանքից

եվ դրա միջի զուր ապրումներից

Համընկումները պատահական չեն եվ 

դեռևս անգամ ճակատագրական չեն


I

ԱՉՔ ՈՒ ՈՒՆՔ

2020 թ․ սեպտեմբեր


— Բարի երեկո։ Իմ անունն է Վիգեն Գոռոզյան։ Պարոն Գոռոզյան։ Դիմում ենք միմյանց բուրժուական պարոնով, օրիորդով եվ ինչու ոչ տիկինով: Ընկերով դիմելաձևը թողնում ենք մեր ոխերիմ товарищ-ներին և ժամանակները խառնած սովետական կարոտախտով տխմարներին, - ասեցի ու միացրեցի վեբ կամերայի կոճակը, տեսա արտացոլանքս․ աչքերս արյունով էին լցված․ նախորդ գիշեր չէի քնել, ոչ նախրդ գիշեր, ոչ այս առավոտ, ոչ ցերեկ, ջնջխված էի եվ էս մեկ ժամ վիդեո քոլով դասը մագիստրատուրայի հեռավար կուրսի հետ միակ խոչընդոտն էր, որ բաժանում էր ինձ իմ քնից։ Պետք էր շուտ ավարտել։  Շարունակեցի։ 


— Ապացուցելու որ ես Ձեզ ընկեր չեմ ու չարժի ինձ դիմել ընկերով, ասեմ որ ձեր բացակայությունների և ներկայություոնների վրա ես թքած ունեմ, ձեր դասերը լսելու կամ չլսելու, սերտելու եվ անտեսելու, գիշերները կրծելու եվ իսկույն մոռանալու վրա թքած ունեմ, ու ընդհանրապես ձեր վրա թքած ունեմ եվ խորապես հուսով եմ, որ դուք այնքան հասուն եք, որ թքած ունենաք իմ վրա։ Այս փոխադարձության մթնոլորտն է միայն որ կարող է նպաստել պրոֆեսիոնալ դասապրոցեսին։ Իսկ հիմա անցնենք նյութին, - չռած աչքերով ինձ էին նայում մոտ 20 ուսանող իրենց վիդեո քոլի պատուհաններից՝ մոտ 70/30 աղջիկ/տղա հարաբերակցությամբ, վերբեռնեցի առաջին դասի presentation-ը եվ հարցրի․ 


— էս խումբը ավագ ունի՞ թե դեռ ընտրություններ չեն եղել։ 


Լռություն եղավ մի քանի վայրկյան, ես կարմրած աչքով փնտրում էի պատուհան, որտեղ մեկնումեկը միկրոֆոնը unmute կանի և կհայտնի իր մասին։ Արյունարբու  աչքս փնտրեց, փնտրեց եվ կանգնեց մի պատուհանի մոտ, որի ետևում աշակերտուհու կեցվածքով նստած էր մի օրիորդ։ Երբևիցե հանդիպե՞լ եք էնպիսի գեղեցկություն, որ չհավատաք դրան։ Ընդհանրապես, մի նշույլ անգամ չհավատաք, միտքը չհավատա աչքին։ Բանականությունը հերքի տեսողությանը։ Չէ, էդպիսի գեղեցկություն անցել է ձեր մտքով, աչքով բայց մոռացված հեքիաթներում՝ մանկության պատկերացումներում, գրքերի նկարազարդումներում։ Հեքիաթային, հեքիաթազարդ գեղեցկություն։ Եկած էն մանկական հուշերից, որտեղ մանկական պատկերացումդ հեքիաթներ լսելով ուրվագծել է արքայադստեր կերպարանքը՝ այնքան գեղեցիկ ու նուրբ, մեղմ ու բարի, որքան մանկական առավելապաշտական եվ երազկոտ միտքը կարող է գծել։ Այնքան նուրբ, որքան բարի, այնքան բարի, որքան հեքիաթի վերջաբանը պարտավոր է լինել։ Այսպիսի գեղեցկությունն ու նրբությունը իրավունք չունի իրական լինել․․․թե այն իրական է, ուրեմն հեքիաթը հեքիաթ չէ՞։ 


Վիդեո պատուհանից ներս նստած էր շիկահեր, երկար ու թափված մազերով օրիորդ՝ անիրական նուրբ գծած աչքունքով, նույնքան անիրական հայկական գենետիկայի համար քթով ու շրթունքներով։ Օրիորդը սեղանին ծալած դրած ձեռքը բարձրացրեց եվ մոտեցրեց հավանաբար մկնիկին, որ unmute անի այն։ Երևացին նիհար ու երկար ձեռքի,  մատերի ոսկորիկները։ Շարժումը ձեռքի սահուն էր եվ շատ անշտապ, անգամ դանդաղ, կարծես կինոյի slow-motion-ի կադրով, որ հատուկ ընդգծի դրա տիրոջ կանացիությունը եվ մեղմությունը:  Միկրոֆոնի նշանը ակտիվացավ օրիորդի մոտ, բայց խոսել չհասցրեց, ուրիշ պատուհանից՝ տակը գրված Արամայիս իրենից առաջ ընկան․

— Այո, էսօր արդեն ընտրել ենք։ 

Ուշադրությունս ու աչքերս փախան մի պահ դեպի խոսող պատուհանը, հետո էլի վերադարձան օրիորդին. 

— Ե՞վ։ Ո՞վ է, ու՞ր է ընտրյալը, - հարցնում եմ նայելով օրոիրդին, որը կրկին անշտապ ձեռքը տանում էր մկնիկին, երբ իրենից կրկին առաջ ընկան։ 

— Լելիան ա, Լելիան Միրզոյան, - ասում ա Արամայիսը։ Արա դե հլե միհատ մեջ մի ընկի հեքիաթիս մեջ, ոնց որ էն լուսավոր երազը ընդհատող արթնացնող ձայներից ըլնես։ Թող տեսնեմ՝ հեքիաթս իրական ա թե՞ չէ։ 

— Եվ ու՞ր ա Լելիան, - հարցնում եմ։ 

Հունական գեղեցկութամբ եվ անունով օրիորդը կրկին երրորդ անգամ ձեռքը տարավ մկնիկին,  որ միացնի ձայնը, աչքի տակով հետևում էի Արամայիսին, որ հարամ չանի։ Դե խոսի Լելիա, խոսի տեսնեմ, վերադարձրու ինձ իրականություն, դուրս շպրտի ինձ հեքիաթից, ավարտիր մանկությունս ձայնովդ, թող ձայնդ գիշատիչ գեղեցկությամբ լրբի ձայն լինի, թող էդ մի բանը սթափեցնող լինի․․․

— Ես եմ Լելիան, պարոն Գոռոզյան․․․

— Բարև, Լելիա

Լռություն պահեց․

— Բարև Ձեզ, պարոն Գոռոզյան, -  ասաց՝ մոտենալով կամերային, ժպտաց վերջում էնքան բարի, որքան փերին կարա լինի, եվ կրկին ետ նստեց՝ թողնելով որ շարունակեմ իրեն դիտել։ 

Իհարկե ձայնը չսթափեցրեց, տիեզերքի տերերը որոշել էին արդեն, որ հեքիաթը պիտի մինչև վերջ հեքիաթ մնա։ Ձայնը երկու մասից էր բաղկացած՝ շշուկից, տերյանական շշուկ ու շրշյունից խորքում և թռչնի ծլվլոցից մակերեսին, ոչ ուշ լուսաբացի թռչունների, այլ դեռևս մթնշաղի, երբ էն առաջին թռչունը առաջին  ձայնն ա տալիս երամին՝ ցածր, հոգատար, մեղմ․․․Ես գիտեի այդ ձայնը, այդ ձայնը գոռալ, բղավել, անգամ խիստ վրդովվել ի վիճակի չէ, տեխնիկապես՝ ձայնի ծավալը թույլ չի տալիս։ Տիեզերքի տերերը տալով նրան խիստ մեղմություն և խիստ նրբություն, խիստ էին գտնվել և արգելել էին նրան բարձր խոսել, զրկել բղավելու ունակությունից, որ չխախտվի հեքիաթայնությունը․․․

Ուշաադիր ինձ էր նայում և սպասում խոսքիս՝  բարեկրթության հազիվ-հազ ընդգծվող ժպիտը պահած։ Իմ դեմքին ժպիտ չկար, միայն հետազոտող ու մտածող աչքեր։ Մոռանալով ինչի համար էի փնտրում ավագին, սկսեցի դասախոսությունը։ 


Վերջում սովորական իրար հերթ չտվող շնորհակալություններ լսեցի, հերթի վերջում՝ անշտապ, էնքան, որ դանդաղ ու մի քիչ էլ անգամ ուշացած լսեցի իրեն՝  շնորհակալություն և ձգվեց մկնիկին, որ անջատի տեսազանգը։ 


Ավարտելով ինձ տարա գցեցի անկողինը, հեռախոսս միացրի,  հաղորդագրություն կար․ ”Խենթացուցիր ընձի, խենթացուցիր ըըըընձի։ Չեմ ուզեր երեսդ տեսնել, ցայնդ լսել չեմ ուզեր, գժեցուցիր, մի՛ հեռացայնե այլեւս։ Գացե՛ սատանայի գիրկը”: Ցանկացա սատանայի գրկից հաղորդագրությունով պատասխանեմ, հետո հասկացա որ այդ հաղորդագրությանը վստահաբար բարի գիշեր չէր հետեւելու, ու ընդհանրապես աստվածաշնչյան մոտիվներով հեքիաթը իմի հետ կապ չուներ,  իսկ բարի գիշերը իմ միակ երազածն էր էս պահին եվ գլուխս դրեցի բարձին, որ քնեմ․․․

Չքնեցի, հեռախոսս նորից միացրեցի, մտա ուսուցման հարթակի էջը, գտա էս տարվա ուսանողների ցուցակը՝ Լելիա, Լելիա Միրզոյան, ազգանունը չէի հիշում։ Փնտրեցի սոցիալականներում՝ կարծելով թե հեքիաթը տեսազանգի ավարտով պիտի ավարտվի եվ սոցիալականներում էջը պիտի վերադարձնի ինձ իրականություն՝ նրա գեղեցկությունը սովորական դարձնելով։ Գտա․ գրեթե ոչ մի գրառում բացի մի քանի լուսանկարներից։ Հեքիաթը չավարտվեց, երկնքից երեք խնձոր գլխիս չընկավ, որ սթափեցնի։ Սոցիալական-ը առաջարկում էր ավելացնել նրան ընկերների ցանկում։ Հետաձգեցի, փակեցի հեռախոսը, գլուխս դրեցի բարձին, բարի գիշեր ինձ, հրեշտակներին, սատանային, հեքիաթների արքայադստրերին եվ տիեզերքի տերերին․․․

Էդ օրն արդեն սիրահարվել էի, առաջին հայացքից սիրահարվել էի, բայց փառք տիեզերքի տերերին, 32 տարեկանում անցած լինելով կյանքի պարտադրանքների ու հրաժեշտների, դառը ու քաղցր ապրումների, հաշտությունների ու տվայտանքների,   բազում կոտրված սրտերի ու կիսատ սերերի, ամեն տեսակ զուր ու ունայնի միջով, հասած էի արդեն էն կետին ու վարպետությանը,  որ կարող էի հետաձգել ու կառավարել սիրահարվածությանս ընթացքը՝ բացարձակ վերահսկողություն չունենալով դրա սկզբի վրա։ Սկիզբը անբեկանելի էր․․․Քնեցի։ Քաղցր։ 

Comments


  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page