top of page

S O U L J O B : Job on Thesis

  • 1 день назад
  • 15 мин. чтения

VII

ԱՌԱՔԱՆԻ 



Արթնացա զանգից՝ princess is calling․․․

Ինքը միշտ խոսակցությունը սկսում էր առանց իմ ալո-յի, քնից արթնացած մարդու համար երանելի մի բան․

Պարոն Գոռոզյաաան․․․, - ու միշտ լռում էր 5 վայրկյան՝ ինձ թվում ա մտքում հաշվում էր մինչև 5-ը ու նոր բարև տալիս, չէ արագ բացականչում հետաձգված բարևը․․․մեկ, երկու, երեք, չորս, հինգ․․- Բարև Ձեզ։ Ուրեմն թեզը մի շաբաթ ուուշ եմ հանձնուում․․Էսօր գնացի մտա պրոռեկտրորի մոտ ու ներկայացրեցի բոլորիս իրավիճակը՝ կուրսի անունից, մի շաբաթ ավել տվեցին, պատկերացնու՞մ եք։ Շատ ուրախ եմ, սաղ կուրսն էլ ինձ օրհներգում ա, էդպես․․․Ձեզ հարմա՞ր ա ի դեպ խոսել։ 

Դեմքս տրորեցի, մի երկու հատ մռնչացի, պատասխանեցի․ 

Կարևորը՝ քեզ հարմար ա ոնց որ 

Հա, ինձ հարմար ա․․․Ասածս ինչ ա,  չամուռիկ is baaack, sooo

Ինչի gone էր՞, - ասեցի ու ձգվեցի սիգարետի տուփիս

Ահահա, կչկչում եմ բայց արհեստական  

Էդ ասելու վրա մոխրամանս սեղանիկից ընկավ գետնին ու գիշերվա ծխածս թափվեց։ Քու տիրու՝ կիսաբարձր ասեցի․․․

Իիի՞նչ 

Քեզ չէի, քո հետ չէի, - լռում ա, չի հավատում, - իսկապես քեզ հետ չէի, մոխրամանս թափվեց, -  մի մուխ քաշեցի, ասեցի․ 

Շատ ես թթվացնում էդ թեզը, սաղ նյութերը ունես, սինթեզ արա պրծի, մի շաբաթ էլ մի ձգի…երեկ սաղ օրը օրինակ ի՞նչ էիր անում

Անկեղծ ասած դեռ երեկվանից գիտեի որ մի շաբաթ ավել ունեմ, ու ամբողջ օրը քնել եմ 

Հեքիաթդ փոխել ես էլի, գեղեցկուհի արքայադստերից անցել ես քնած բելոսնեժկային 

Ահահա, հոգնած գեղեցկուհուն ավելի ճիշտ 

Գեղեցկուհու հետ համաձայն ես, ինչպիսի՜ զարմանք․․․Բա 7 թզուկներ չունենայիր՝ քո տեղը թեզդ գրեին

Բա չիմացաք, ղեկավարիս հարցում բախտս բերեց, դրա համար թզուկների կարիք չեղավ

Ղեկավարիդ նախկին տարիների թզուկները գրեցին

Հա բայց նկատի ունեցեք, որ էդ թզուկների թեզերի վրա ահագին աշխատել եմ, ոչ մեկը սրտովս չէր, ու հիմա արդեն ամբողջանում ա արտակարգ մի թեզ՝ իմ ձեռագիրը մեջը դրած։ Նենց որ իմ թեզը որպես շեդևռ կտպեք կդնեք սեղանին՝ ապագա թզուկներին զարմացնելու համար 

Ղեկավարի կարծիքս էլ ռամկի մեջ կդնես, կկախես պատիցդ 

Հա ի դեեեպ․․․․Կարծիքի մասին․․․Ե՞րբ եք տալու

Երբ կտամ, կտամ

Վաղը օրինակ 

Մի անհանգստացի, ես կգրեմ կարծիքը, կտպեմ, կստորագրեմ  ու կուղարկեմ համալսարան

Պիտի ես տանեմ է օրենքով

Կազատեմ քեզ էդ հոգսից

Հասկացա թեզը դուք եք գրել, բայց տանելը ես կտանեմ 

Մառշռուտնու դիալոգ ես դարձնում, տվեք ես կբռնեմ, չէ, ես կբռնեմ 

Ահահա, կչկչում եմ՝ էս անգամ ոչ արհեստական։ Պիտի մագիստրանտը տանի իրա թեզը կարծիքի հետ հանձնի։ 

Կկրկնվեմ՝ հոգ չի, ես կուղարկեմ

Ախախախա

Կչ-կչ-կչ

Հետո չասեք երես առած եմ 

Օհ, ես տենց ուղիղ չեմ էլ ասել, ընդամենը արքայադստերով եմ Ձեզ դիմել, օրիորդ․․․Անգամ պաշտպանելուց հետո չես իմանա ինչ եմ գրել էդ կարծիքի մեջ, ահահա

Ուրեմն պիտի թեզս էլ տպեք, սիդիի վրա գցեք ու սաղ իրար հետ տանեք հանձնեք

Թագդ կարամ բառդաչոկումս պահեմ մինչև դու էդքանը անես

O՜հ, որքան հոգատարն եք, ինչպիսի զարմանք․․․Գնացի թեզի վրա աշխատեմ։Ցտեսություն, պարոն հոգատար

— Մնաք բարով, օրիորդ չամուռիկ 

Ահահահա

Կչ-կչ-կչ

Ըխկ․․․Ցտեսություն! 


Ավելը վերցրի, մոխիրը մաքրեցի գետնից, մաքրելուց մի մոխրամառախուղ բարձրացավ ու ավելի մանր ու ցրված նորից նստեց պարկետի վրա: Պոխույ՝  մտածեցի ու գնացի կոֆես դրեցի ջեզզվեով, հեռախոսը բացեցի,  տեսա Էմմըչկեն ա զանգել: էմմըչկեն Նատալիի ընկերուհին էր, Նատալին էլ էմմըչկայի ընկերուհին էր: Իրանք միասին ընկերուհիներ էին: Իրանց մասին խոսելուց պետք ա միասին նշանավորել: Նախկին օֆիսի աղջկերքն էին: Ուղղակի աղջկերքը, էնքան սիրուն չէին, որ կոչեի ծտեր ու էնքան տգեղ չէին, որ ասեմ ախպերներ: Տենց միջին աղջկերք էին, բայց որոնք լավ դռայվ ունեին, լավ տժժալ, խմել ու ցքցքալ գիտեին, լավ գրքեր էլ էին կարդում, ու անգամ շատ էին կարդում, ինձ էլ հետը,  արտակարգ ու ինձնից լավ ֆրանսերեն էին խոսում, ու էդ ամենը անում էին միշտ միասին, աշխատում էին  միասին,  ճանապարհորդում էին միասին, խմում, տժժում էին միասին ու ես կասկածներ ունեմ, կամ միգուցե հույսեր, որ իրանք սեքսն էլ էին անում միասին: Ու ինչպես ամեն տեսակ մոտիկ ընկերուհիներ, իրարից առանձին-առանձին հատուկենտ կեցության դեպքերն ու ժամանակը օգտագործում էին իրարից բամբասելու համար։  Իմ նախկին՝ աղջիկների ներկա օֆիսը երկու փողոց էն կողմ էր իմից,  բայց 500 մետր ներքեւ, իրանք ձորի մեջ էին, ես՝ լանջի վերևին։ Չնայած որ երկու տարուց ավել ես իրենց օֆիսի հետ գրեթե կապ չունեի, բայց պարբերաբար ու հաճախ հյւորընկալվում էի իրանց մոտ՝ խմելու, խնդալու ու փիլիսոփայելու ու անպայման պոետիկ զեղումներով իրենց աղջկական հոգիները սփոփելու։ Շնորհիվ իրենց ես՝ ինքնակոչ ռոքնռոլշիկս՝ ցանկացած էլեկտրո երաժշտությունից ցխվող, Երևանի ոչ մի կարևոր էլեկտրո երաժշտության իվենթ բաց չէի թողնում․ միշտ երեք տոմս էին առնում ու ինձ հրավիրում։ Իրանք էլ էին շաբաթ-կիրակի օրերը հաճախ հյուրընկալվում իմ օֆիսում։ Ու օրերից մի օր գինու շշերը իրար հետևից բացելով ու դատարկելով՝ երկուսով հայտնվել էին իմ գիրկը՝ մեկը աջ, մյուսը ձախ ոտքիս նստած։ Իրավիճակը շատ բնական էր դասավորվել ու դե հասկանում եք՝ խոստումնալից, ու երբ երեքով ծխախոտ վառեցինք անգամ կարողացա համոզել իրենց shotgun kiss(ask gemini, innocent human) անել իրար։ Մոտիվացված ձեռքերս հայտնվեցին երկուսի հետույքների վրա՝ աջից ու ձախից գրկելով։ Ու իրանք երկուսն էլ օք էին դրա հետ բայց օք չէին, որ ես երկու ձեռք ունեմ, ու էմմըչկան, որը ինձ հետ ավելի հաճախ էր հանդիպում, քան Նատալին, խանդի անուղղակի տեսարան բեմադրեց իր դեմքի մկանների վրա, որի թիրախային հանդիսատեսը պիտի Նատալին լիներ ու Նատալին էլ ներկայացումը դիտելով ու գնահատելով՝ ծափահարելու փոխարեն իջավ ոտքիցս ու տենց․․․ թրիսըմըս քենսըլ եղավ․․․triste…

Բարև, էմմըչկես 

Վիգիիիիկ, ո՞նց ես

Լավ, դու ասա։ Չէ, դուք ասեք

Լաավ, կարո՞ղ ա երևաս էսօր մեր մոտ։ 

Կարոտե՞լ եք:

Չէ, կյանքի պես դառը, դժոխքի պես այրող, - պոետիկ զեղումներիս ձևերն էր անում ու լսում էի, որ Նատալին կողքից հուշում էր՝ անեծքի պես թունդ, - հա, անեծքի պես թունդ սուրճը ունենք, բայց տործիկը չունենք

Միթե ես պետք ա Ձեր դառը կյանքը քաղցրացնեմ, օրիորդներ, մի քաղցրահամ ու ձանձրալի տղամարդն ի՞նչ ա, որ չեք ճարում 

«Մենք չենք դավաճանի մեր Նուարդին, որքան էլ դյութես, օ, Շամիրամ», - էլի պոետիկ զեղումներս էին կրկնում 

Ահահա…Չէ, ջանիկ, էսօր չկամ, ամիս եմ փակում

Լավ, էդ հենցընենց էինք ասում, մայիսի 7-ին կգա՞ս մեր հետ մի տեղ

Որ տեղի անունը չես ասում, ենթադրում եմ հերթական զումերների դըքը-ցըքը-ն ա

Նու հաա, բայց էդքան էլ չէ, հայֆիլմում ա էս անգամ, լոքեյշնը կայֆ պիտի որ լինի, կգաս

Իսկ եթե չգա՞մ

Կգաս, տոմսերը արդեն վերցրել ենք, հետո էլ կգնանք խմելու

Որ դու արդեն որոշել ես, էլ խի՞ ես հարցնում

Տեղեկացնում ենք

Էդ ասելու վրա կոֆեն փրփրեց, բարձրացավ ու թափվեց: Քու տիրու՝ ասեսի կիսաբարձրաձայն: 

Հը՞ն

Քո հետ չէի, կոֆես թափվեց, հա լավ Էմմա, կգամ

Լավ, դե պակաաաա, Վիգիիիկ 


Հագնվեցի, գնացի համալսարան, քննության էի, ու անտերը գրավոր․․․Ես կողմ եմ բոլոր քննությունների գրավոր լինելուն, բայց դեմ եմ, որ դրանք վերահսկի դասախոսը։ Դասախոսը վերահսկելուց կամա-ակամա հայտնվում ա ոստիկանի դերում՝ պատժիչ մահակը ձեռքին և որպես հետևանք՝ դառնում ա ուսանողի հակառակորդը։ Այսինքն մի ամբողջ կիսամյակ, կամ տարի դասախոսն ու ուսանողը մի նավակով իրար հետ ճանապարհ են ընկել, համագործակցել ու վերջում դասախոսին գցում ես ափը, հրացանը տալիս ձեռքը ու ասում՝ նշան բռնի ուսանողի լոդկի վրա․․․Եզություն, բայց դե կրթական համակարգը եզերն էին համակարգում, ակնկալել որ այլ կենդանու իմաստնություն պիտի ցուցաբերեին,  չարժեր․․․

Մտա, բարձրացա ամբիոնը, տեսա մերոնք հավաքված են. մերոնք ասելով՝ մեր խուլիգան դասախոսները։ Մեկը՝ Վարդանը, մյուսը՝ Արենը։ Տղուկական տարիքը մի ինչ-որ պահի կանգնացրած տղամարդիկ էին՝ 40-45-ի սահմաններում: Էն տեսակ մարդիկ, որ առաջին հայացքից թվում ա՝ լուրջ մասնագետներ են, երկրորդ հայացքից՝ հաստատ ինչ-որ տեղից հեռացվել են, երրորդ հայացքից՝ դու ես սկսում կասկածելի երևալ իրենց կողքին կանգնած լինելու համար։ Երկուսից ավելի հետաքրքիրն, անկասկած, Վարդանն էր։ Հարկերի մասնագետը: Չէ, հարկերի սպեցը: Բիզնեսում բոլորը գիտեին՝ եթե հարկայինի հետ կռիվ ունես ու դեռ չես հանձնվել, ուրեմն Վարդանին ես ճանաչում։ Ինքը հարկայինի կոկորդին կանգնած քար էր՝ փոքր, անհարմար, բայց էնքան ճիշտ տեղում, որ բոլոր ցանկացած տեսուչ հազում էր իրա պատճառով։ 

Երբ կրթական ծրագիրն էի հիմնում, կարողացել էի չերեզներով վրան դուրս գալ ու համոզել գալ դասավանդել: Թեպետ համոզելու կարիք չկար, իր միակ դիմադրությունը հնչեց որպես՝  ախր ես երբեք լսարան չեմ մտել, չգիտեմ՝ ինչքանո՞վ ա իմ տեղը: Պատասխանեցի․ “Ոնց չեք մտել, պարոն Մամիկոնյան։ Ուսանող եղել եք։ Հիմա ուղղակի ճամբարն եք փոխել։ Էն ժամանակ ձեզ էին պատրաստում՝ համակարգին հարմարվելու համար, հիմա դուք եք պատրաստելու՝ համակարգին դիմադրելու համար”։ Խրպոտ ծիծաղեց, դուրը եկավ, ձեռ ձեռի տվեցինք, հետո էլ կոնյակ լցրեցի ու բաժակները իրար տվինք ու դարձանք կոլեգաներ,  իսկ որոշ ժամանակ անց՝ անգամ գաղափարակիցներ: 


Վարդանի՝ այսինքն պարոն Մամիկոնյանի հետ, մենք միշտ դիմում էինք իրար «պարոն»-ով ու «Դուք»-ով։ Անգամ տարիներից անխուսափելի դարձած մտերմությունից ու հինգերորդ բաժակից հետո։ Պարոն Մամիկոնյանը ինձ հանդիպած ամենաբարեկիրթ ու քաղաքավարի մարդկանցից էր։ Միշտ պաշտոնական, գրական լեզու։ Միշտ չափված խոսք։ Էդ ամենի պրակտիկ արժեքը գիտեր, շատ լավ հասկանում էր, որ բարեկրթությունը, քաղաքավարությունն ու ճիշտ ընտրված պաշտոնական լեզուն դռներ չեն բացում։ Դարպասներ են բացում։ Ու երբեմն՝ նաև պահակախմբի ուշադրությունը շեղում։  Իսկ իրականում Վարդանը էն ամենաիսկական խորամանկ խուլիգաններից էր, ծիպլի ծատուր՝ կասեին լոռեցիները։ Ցանկացած պաշտոնական պատնեշ շրջանցելու վարպետ։ Պարտադիր ձևականություններից խուսանավելու ճարտարապետ։ Իսկ եթե բռնվում էր՝ հենց ըտեղ էր սկսվում ներկայացումը։ Խուլիգանավարի կռիվ, կոշտ բանակցություն, հանկարծակի բարեկրթության բռնկումներ, հետո՝ անմեղ դեմք, հետո՝ կռուտիտների մի ամբողջ շարան, որ գրպաններից հերթով հանում էր, մինչև բանակցությունը կանգնեցնում էր իր ուզած կետում։ Այ ըտեղ ինքն իրան ձուկը ջրում էր զգում։ 

Ու մենք գաղափարակիցներ ու գործընկերներ էինք դարձել: Ու գործընկերներ էինք նաեւ համալսարանից դուրս: Վարդանը իրա գործի մոլեռանդն էր: Ես մոլեռանդների հետ ընգերություն չեմ կարում անեմ ու չեմ սիրում, բայց գաղափարակիցներ լինել կարամ: Ու վստահ եմ, որ լուրջ իրավիճակներում գաղափարակիցները ավելի մեծ եռանդով են օգնության հասնում քան ընկերները: 

Մտա ամբիոնի ներս։

Վարդանը կանգնած էր, մնացածը բազմոցին փռված։ Վարդանը կանցերտ էր տալիս՝ հերթական պատմություններից մեկը, ձեռքերով, դեմքով, մարմնով խաղալով։ 

Մտնելուն պես Վարդանը, պատմության կես բառի վրա, աչքի պոչով նկատեց ինձ ու բարձրաձայն, հանդիսավոր տոնով բացականչեց.

Օօօ, բարև Ձեզ, պարոն Գոռոզյան։

Նենց շեշտով ասեց՝ ոնց որ դահլիճում կարևոր հյուր էր հայտնվել, ու հիմա ներկայացումը պիտի նոր մակարդակի բարձրանար։ Մոտեցա, ձեռքս մեկնեցի։ Ամուր ու երկար սեղմեց:  Իրան ձեռքով բարևելուց էլ թվում էր՝ պայմանագիր ես կնքում, ոչ թե ուղղակի բարեւում։ Ասեցի․


Մի  ընդհատվեք, հանդիսատեսը սպասում ա

Վարդանը մի պահ կոկորդը մաքրեց, ձեռքը օդում մի շրջան գծեց՝  վարագույրը բացեց էլի, ու սկսեց.

— Ուրեմն երեկ մտա ծաղկի խանութ…

Էդ «ուրեմն»-ը իրա դեպքում միշտ նշանակում էր՝ հիմա կամ պատմություն ա լինելու, կամ հանցակազմ։ Շարունակեց․

— Առիթի էի հրավիրված, մտա առանց նայելու ում հետ եմ խոսում, ասեցի՝ «Բարև Ձեզ, ինձ սպիտակ կակաչների մեծ փունջ հավաքեք խնդրում եմ»։

Ձեռքով ցույց տվեց «մեծ փունջ»-ի չափը, որը ծաղկեպսակի տակ կանցներ։ Պաուզա պահելով էլի շարունակեց․

— Կռացած տեղից մի աղջիկ բարձրացավ, զննեց ինձ վերից վար ու ասում ա՝ «Իիի՜նչ հաճելի ձայն ունեք»։

Բազմոցին նստածներից մեկը արդեն քմծիծաղ տվեց։ Վարդանը աչքը կկոցեց, գլուխը թեթեւ թեքեց՝ գնահատելով հանդիսատեսի ռեակցիան ու  շարունակեց․

— Մտքումս ասեցի՝ իյա, Վարդան, հլը պատմությունը կիսատ չթողնես։ Ու աղջկան ասում եմ՝ «Իսկ դուք այնքա՜ն հաճելի տեսք»։

Արենը միանգամից հարց մտցրեց արանքում․

— Բայց իսկապե՞ս հաճելի էր, թե խաբում էիր, այ աղվես։

Վարդանը առանց մի վայրկյան կորցնելու, պատասխանեց.

— Դե, որ ճաշակովս չլիներ, չէի խաբի էլի։

Սենյակում տղամարդկանց էն խորը, խռպոտ ծիծաղը բարձրացավ։

Վարդանը ձեռքով օդում մի շրջան արեց՝ ծիծաղը հանդարտեցնելու համար ու շարունակեց.

— Ասեցի՝ եկեք էսպես անենք․ երկու փունջ հավաքեք։ Մի փնջի մեջ հեռախոսահամարս կդնեմ ու կնվիրեմ ձեզ։

— Ջենտլմեն եմ է՜ ասել, — մեկը արմունկով բզելով մյուսին ասեց բազմոցից։

— Հավաքեց։ Նվիրեցի։ Գնացի իմ գործերով։ Հաջորդ օրը՝ զանգ։

Ստեղ Վարդանը հանեց հեռախոսը գրպանից, նենց, ոնց որ թե հենց նոր էր էդ զանգը ստացել

— Բարևներ, որպիսության հարցումներ․․․Վերջում հարցրի՝  «Երբ եք ավարտում գործը»։ Ասում ա՝ «Ժամը 9-ին»։

Դադար տվեց։ Ունքերը  բարձրացրեց, շարունակեց․ 

Դե  9-ին արդեն երկրորդ գծում կանգնած էի։

Բազմոցից  մեկը ասեց՝ — Դե բնականաբար։

— Եկավ, նստեց, — շարունակում էր Վարդանը, — ես էլ քշեցի ուղիղ ջրվեժի հյուրանոցները։

Ստեղ արդեն մեկը շվցրեց, մեկն էլ ծափ տվեց․

— Ավտոյով մտանք պարկինգ, բարձրացանք համարը։ Համարը՝ սաունայով, բասեինով ու դե… — մի պահ նայեց առաստաղին, — իհարկե մեծ մահճակալով։

Ձեռքով «բնականաբար» շարժում արեց։

— Էս մեր ծաղիկ աղջիկը հենց դրեցի ծաղկամանի մեջ, մեկ էլ սկսեց կոտրատվել՝ «Վայ չէէէ, գոնե մի տեղ սկզբից գնայինք ընթրեինք,  սուրճ խմեինք կամ մի բաժակ գինի գոնե…»

Վարդանը էստեղ դանդաղ մոտեցավ պատմության կուլմինացիային, ձեռքը դրեց օդում ինչ-որ մի տեղ, դեմքին բերեց իրա պաշտոնական, լուրջ արտահայտությունը ու ասեց.

— Ձեռքս դրեցի ոտքին… ու պաշտոնապես հայտարարեցի՝ «Այստեղ ամեեեեեեեն ինչ կա»։

Վերջին բառը ձգեց էնպես, ոնց որ թե «ամեն ինչ»-ի մեջ մտնում էր թե ընթրիքը, թե  սուրճն ու գինին,  թե՛ կյանքում ցանկացած այլ ծառայություն՝ ապահովագրություն, հարկային հաշվառում, փաստաբանի եվ մասաժիստի ծառայություններ եվ այլն։ 

Սենյակը ծիծաղից պայթեց։ Ես էլ հետը։ Նոր պատմություն էր ուզում սկսել, երբ ասեցի՝ ինձ կներեք, քննության եմ ես ու քայլեցի, որ դուրս գամ, երբ արմունկիցս բռնեց Վարդանը ու ասեց․ 

Գնանք օֆիս հետո՝ մի բաժակ բան խմենք

Ինչի օֆիսումդ էլ ամեեեեն ինչ կա, հա՞

Բազմոցը ծիծաղեց, ինքը գոհ ժպտաց։ Դուրը եկավ համ կատակը, համ էլ որ իրան էի ցիտում։ Շարունակեցի․ 

Գրավոր ա, 2 ժամ տևելու ա, էդքան չեք սպասի․․․Մի ուրիշ անգամ

Ձեռքը պարզած օդ մեկնեց՝  պայմանավորվածության նշան տալով։ 



Ամբիոնից դուրս եկա, մտա լսարան: Առաջադրանքը բաժանեցի, հայտարարությունը, որ հեռախոսներից օգտվելը արգելվում ա,  բարձրաձայն արեցի: Պաուզա պահեցի, որ բոլորը հավատան կանոնի խստությանը. հաշվի առնելով իմ աբսոլյուտ պոխուիզմը,  դա բարդ էր անել: Իրանք մտան իրանց քննական առաջադրանքների մեջ, ես էլ ուզում էի հեռախոսս մտնել, որտև ի՞նչ ա ուսանողի արտագրելը դասախոսի ֆեյսբուք սքրորելու կողքին, երբ աչքիս զարնեց 3-րդ սեղանի տակ կրկնվող ինչ-որ գործողություն: Միհատ ռոքնռոլշիցա նախկին ընկերուհի ունեի, ասում էր հայ աղջիկների մեծ մասը տեղյակ չեն, որ սեռական օրգաններ ունեն ու սեփական մարմնին աշխատում են չնայել, ուր մնաց զննել՝ մտածելով մի բանի, որ չես նայում, ուրեմն գոյություն չունի: Միտքը  թեպետ շատ ճշգրիտ ա նկարագրում, բայց ինքնին անհեթեթ ա, որտեւ հերքում են վախենալու բանի գոյությունը, անգամ հեքիաթներում պետք էր չնայել չարիքին, որ այն չհարձակվի: Հիմա ի՞նչ, սեփական կրծքերից են վախենում թե՞ հեշտոցից…Չգիտեմ: 3-րդ սեղանի մոտ նստած էր Սիրանուշը՝ գերազանցիկի սինդրոմով(կարդալ շիկահերի) մեծ կրծքերով ու աչքի զարնող հետույքով աղջնակը, որը մի քանի անգամ ցածր ստանալով իմ առարկաներից, դադարել էր ինձ հետ որեւիցե կոնտակտի գնալ՝ համարելով, որ ես վտանգավոր եմ իր կայացած (կարդալ կարծրացած ու սերնդեսերունդ փոխանցած, անգիր, զուբռիտ արած) աշխարհընկալման համար: Բայց, ոնց հասկանում եմ, ցածր ստանալու հետ չէր հաշտվել՝ հիմա սեղանի տակ պարբերաբար հեռախոսը միացնել անջատելով՝ արտագրելով միակ տեսական հարցի պատասխանը: Հմմ…Ես քու տիրու՝ մտածեցի…

Մտա հեռախոսով ուսուցման հարթակը, գտա Սիրանուշի էջը,  կոնտակտների հատվածը, հե-ռա-խո-սը…Զանգեցի: Ծունկը սեղանի տակ վիբրացիայից ցնցվեց, նայեց ներքեւ, համարս հավանաբար գրեց…Աչքերը կլորացան, վտանգի գիտակցման  արտահայտում ստացան,  բարձրացան ու դանդաղ ուղղվեցին դեպի կենտրոնական սեղան, որտեղ ես էի հեռախոսը ականջիս դրած: Դադար պահելով ասեցի. 

Կարծում եմ կարեւոր զանգ ա…Արժի պատասխանել երեւի թե

Իր անհավատությանը ձեռքի արագ շարժումով պատասխանեցի՝ շուրթերով արտաբերելով՝  դե-դե-դե…Աչքերը ինձնից թեքեց, հեռախոսը դրեց ականջին. 

Բարեւ Սիրանուշ

Բաարեւ Ձեզ…

Ի՞նչ կա, ո՞նց ես: 

Լաավ, մերսիի… 

Հո չխանգառեցի՞

Չէ

Ոնց չէ, քննության չե՞ս

Քննության եմ

Բա, որ քննության ես, ո՞նց ա հեռախոսդ մոտդ․․․Ինչևէ, գիտես ինչ եմ մտածում․․․Մտածում եմ մնանք գծի վրա, համ ես կիմանամ չես արտագրում, համ էլ միքիչ կշփվենք վերջապես․․․

Աչքերը թեքում ա իմ կողմ կլորացրած ու դա զարմանք չէր, այլ օրիորդական զայրույթ и негодование - а ла что вы себе позволяете, բայց թեպետ զգացմունքը դա էր իր մոտ, արտահայտել այն ի վիճակի չէր, քանի որ, она уже позволила себе непозволительное` cheating: Շարունակեցի․ 


Ի՞նչ…Չէ՞…Չե՞ս ուզում հետս շփվել: Դե լավ, դե լավ…Նեղացնող ա միքիչ, անգամ վիրավորական…Բայց, եթե ինձ հետ չես շփվում, ուրեմն ոչ մեկի… բեր հեռախոսը հանձնիր։ 

Դանդաղ վեր կենալով, դանդաղ քայլելով՝ հայացքը գետնից չպոկելով բերեց դրեց սեղանիս, ուզում էր շրջվեր գնար, երբ հայտարարեցի․ 

Ըհըը, հիմա շարունակիր գրել։ Հիմա մեր հարաբերությունները շատ ավելի վստահելի հիմքի վրա են։

Լսարանը ամաչկոտ ծիծաղեց տակից։ Պաուզա պահեցի, որ լրջանան ու հայտարարեցի․ 

Հեռախոսից կարող եք օգտվել, եթե միայն ինձ հետ եք ուզում շփվել․․․


2 ժամ ու մի քանի հարյուր քաղաքական գրառում սքրոլելուց հետո, ավարտվեց քննությունը, ուսանողները հերթով գալիս էին դնում թուղթը սեղանի վրա ու մի շիրայոտ բան ասում՝

Շնորհակալություն դասավանդման համար

Խնդրեմ, հուսով եմ էլ չենք հանդիպի 

Շնորհակալություն, շատ հետաքրքիր էր էս կիսամյակը Ձեզ հետ

Ինձ համար էլ։ Բայց եկեք չխորացնենք էս հարաբերությունը: 


Լսարանը դատարկվում էր, սեղանիս վրայի թերթիկների դաստան հաստանում էր։ Մնացինք ես ու դաստաս, որի հետ անհրաժեշտ գործողությունը՝ ստուգումը,  ես վստահաբար հնարավորինս հետաձգելու էի։ Դրեցի թևիս տակ, իջա մեքենայի մոտ, ետևի դուռը բացեցի, առանց նայելու շպրտեցի նստարանին, ուզում էի դուռը ծածկել, երբ ականջ ծակող տհաճության ասոցացումով զրնգոց եկավ, ներս նայեմ, տեսնեմ՝ թղթերի շպրտելուց գինու շիշը գլորվել հարվածել էր բաժակներին ու կոտրել մեկը։ Քու տիրու՝ ասեցի ու դուռը շրխկցրի, նստեցի, քշեցի օֆիս։ 


Մի քանի օր Լելիայից խաբար չկար։ Մի օր առավոտով զանգեց․ 

Բարև Ձեզ, պարոն

Բարև Ձեզ, օրիորդ

Քանի՞ հոգու կտրեցիք քննությանը

Ոչ մի

Որ ասում եմ՝ շատ բարի եք

Հա, ճիշտ ուղիղ ծուլությանս չափ, լիկվիդի գնալու հավես չունեմ, օրիորդ

Պարզ ա․․․Ավարտել եմ թեզը, ուղարկել եմ Ձեզ

Ստացել, կարդացել ու պատասխանել եմ քեզ, որ հանձնես արդեն

Կհանձնեմ․․․բայց գրավոր կարծիքը ձեր չե՞ք տալու հիմա

Տալու եմ, բայց ոչ քեզ

Գոնե իմանամ՝ ի՞նչ եք գրել մեջը 

Քիչ գիտես, լավ կքնես

Հենց էդ ա՝ չիմացությունը ինձ չի թողնի քնել 

Ի՞նչ ասեմ, Լելիա

Եկեք էսօր երեկոյան հանդիպենք, եզրակացությունն էլ ամփոփենք ու վաղը հանձնեմ

Երեկոյան հանդիպեցինք արտբրիջում։ Եզրակացությունը ամփոփեցինք, կազմի էջերը ստորագրեցի, էլի անցավ իրա փորացավին․

Բա կարծիքը

Կարծեմ արդեն փոխանակվել ենք կարծիքներով կարծիքի մասին, կարծում եմ կրկնվելու կարիք չկա

Չէ, ախր տենց չի լինի․․․

Ինչի՞դ ա պետք։ Չես վսհտահու՞մ, չէ, որ դրական կարծիք եմ տալու։ 

Լռում ա, հայացքը փախցնելով։ 

Չես հավատում, - կրկնում եմ, - պարզ ա․․․Արի սենց․․․Ես քեզ ընտրություն կտամ։ Դու կարող ես վստահել ինձ, թողնես որ ես հանձնեմ ու երբեք չտեսնել գրածս կարծիքը, ու կարող ես հիմա ու էստեղ ստանալ կարծիքս բայց մի պայմանով․․․

Ի՞նչ պայմանով

Սպասի մտածեմ․․․Անձնական վարորդը արդեն կա․․․մմմ․․․

Ուշադիր բայց վախվորած ինձ էր նայում ու սպասում։ Խեղճացած էր ու պաշտպանական պատնեշները բացած․․․

Պետք ա հետաքրքիր բան լինի․․․հմմ․․․Հա, գիտեմ․․․

Սպասեցի որ աչքերով հարցնի ու վերահարցնի՝  ի՞նչ, դե ասա՝ ի՞նչ։

Երբ թեզը հանձնես…Պիտի նշվի…Բայց կնշես միայն դու, ոչ ինձ հետ, բայց իմ ներկայությամբ…Պիտի մեկ շիշ գինի խմես․․․Մենակով․․․Բայց իմ ներկայությամբ․․․

Ես ղեկին եմ էդ օրը լինելու

Օհ, հոգիս, չէ, էդ օրը չէ․․․Մի ուրիշ օր․․․Հա, մի ուրիշ օր կգնանք դիլիջան իմ մեքենայով․․․Դիլիջանում կճաշենք ու դու մեկ շիշ գինի կխմես․․․

Բայց ինչի՞ համար․․․

Հեքիաթներից ոչ մեկում արքայադուստրը խմած չէր, չէ՞։ Հետաքրքիր կլինի, նորություն, համարյա ինովացիա․․․

Մտածեց, աչքերը կկոցեց, մի պահ անգամ ժպտաց էդ աչքերով ու ասեց՝ լավ․․․

Գրածս կարծիքը ուղարկեցի մեյլին՝ էլեկտրոնային ստորագորթյուն վրեն դրված։ Թեպետ ձևակերպումները միքիչ երկիմաստ էին՝ այդուհանդերձ կարծիքը ավելի քան դրական էր։ Գոհ ժպտաց, սիրտը տեղն ընկավ, ուզում էր երևի միքիչ էր մնար, բայց առաջարկեցի գնալ, գլխավոր մարտից՝ դեպի դիլիջան ճանապարհորդությունից առաջ, շատ շփվել չարժեր․․․Ապահովություն կզգար հետս․․․


Հաջորդ առավոտ հանձնեց թեզը ու իսկույն զանգեց ինձ՝ արթնացնելու ու կիսվելու նորություններով։ Մանկական բան կար իրա էդ միշտ ինձ հետ նորություններով կիսվելու մեջ՝ աղջնակի մանկապարտեզում կամ դպրոցում անցկացրած օրվա պատմություն։ Շնչակտուր պատմեց, շունչ քաշեց ու ասեց․ 

Վերջապես․․․

Դեռ վերջը չի․․․Պաշտպանություն դեռ կա, ընդդիմախոսներ․․․

Հաա, գիտեմ․․․Բայց էս փուլում վերջ․․․

Էս փուլում վերջ․․․Շունչ քաշի՝ ավելի երկար չշնչելու համար…

Այո․․․Դե լավ, զանգել էի պատմեի, շնորհակալություն Ձեզ․․․

Շնորհակալությունը հետո․․․

Դե լավ, ցտեցություն․․․


Եկավ ապրիլի 29-ը՝ պայմանագրում իր պարտականության մատուցման(հատուցման) երկու հնարավոր ամսաթվերից նախօրեն։ Գրեցի․

Օրիո՞րդ

Պարո՞ն

Սալյու

Բոնժուղ

Ո՞նց ես դու, ո՞նց ա տրամդ

Հրաշալի

Լավ ա, որ վաղվա փորձությանը ընդառաջ հրաշալի տրամադրություն ունես

Ի՞նչ փորձություն

Թագընկեցության․․․Թե՞ հրաշքների աշխարհում մոռացությունն էր փարվել Ձեր հոգուն, օրիորդ )

Տարբերակներ էի ընտրում, որով պատասխանեմ․․․Այո, ճիշտ տարբերակը ասեցիք

Ուղարկեցի ԴԱՀԿ-ի կայքի հասցեն իրեն։ Բան չի պատասխանում, շարունակում եմ․ 

Դիլիջանում անձրև ա լինելու, թող վարորդը անձրևանոց ունենա մեքենայում։ 

Ի՞նչ դիլիջան, ի՞նչ վարորդ

Օհ, մի հոգա, Դիլիջանում որ անձրևանոցը գլխիս պահած դու թրջվես, կհիշես դիլիջանն էլ, վարորդին էլ, քեզ էլ 

Ահահահա

Ծիծաղում է նա, ով ետևի նստատեղին է ծիծաղում

Մտածում եմ՝ ի՞նչ այլընտրանք կա

Քո մոտ չկա, ինձ մոտ՝ լիքը

Հմմ, ի՞սկ վեճերի լուծման քաղաքակիրթ տարբերակ

Վեճ չկա, կա պայմանագիր

Եղանակն էլ ձեր կողմից չի, սա նշան ա, որ չգնանք ))) 

Դու չես գնում, ես եմ գնում, դու վարում ես ընդամենը․․․Եթե վարորդը մտահոգություններ ունի, կարա հիմա հայտնի 

Դե հաա,  կան մի քանիսը․․․

Դե ասա

Բայց մի րոպե․․․Երկու ամսաթիվ կար չէ․․Մյուսը մայիսի 7-ն էր ըստ պայմանագրի․․․Մնաց 7- ին :

Դու վախենում ես

Ինչի՞ց

Չգիտեմ, դու ինձ ասա ) 

Հա, ձեր համար եմ մտածում

Այսի՞նքն

Չեմ ուզում տանջել Ձեզ ))))) 

Մենք երկուսս էլ գիտենք ով ա հիմա տանջվում ու ով չունի անկեղծություն ու համարձակություն դրա մասին խոսելու համար ) 

Վոյս ուղարկեց՝ թե բա․ “Ես ճ՞իշտ եմ հասկանում, որ Դուք հիմա ինձ դրդում եք նրան, որ ես անկեղծ ասեմ՝ ինչ եմ մտածում։” 

Հա բա, քո փայ հարիֆն էլ ստեղ ա, մտածում ես՝ կես ճամփին կթողնեմ անկեղծանալ քեզ, չէ, քարտերը կբացենք խաղի վերջում միայն։ Պատասխանեցի․ 

Չէ, դրդում եմ քեզ հետևես պայմանագրի կետերին ու հոգաս քո մասին։ 

Լավ, պարոն, բայց էսօր խառն եմ․․․Դրա համար վաղը չենք գնում 😀

Կաֆեում նստած ուրախ ֆիեստայոտ լատինոոտ անհոգ ցքցքոց միացավ, մտածեցի լավ ֆոն ա վոյսիս համար ու ձայնագրեցի․ 

Խնդիր չկա․ պայմանագիրը ազատ ա թողնում քեզ՝ ընտրել երկու ամսաթվերի միջև․․․Բայց չեմ կարծում էլի, թե օրն ա քո խնդիրը․․․

Հա օրը խնդիր չի, անգամ ստրկացուցիչ պայմանները կտանեի, բայց չեմ ուզում Ձեզ տանջել․․․

Արի հոգ տար քո ու քո պատասխանատվության կանչելու ձևերի մասին․․․պայմանգրի վերջում գրված ա կարծեմ․․

Լավ, լավ, չեմ բարդացնում, ճիշտ եք! Ամեն մեկս թող իր մասին մտածի, դրել դարդ եմ անում Ձեր համար )) 

Միհատ կարդա էլի գրածդ․․․Շլանգի տեղ ես քեզ դնում )

Ինձ ձեռք ա տալիս շլանգի տեղ դնելը ) դրա համար վաղուց միացված ա էդ ռեժիմը, հահա )

Վստահեցնում եմ քեզ՝ դա քո շահերից չի բխում 


Կորավ։ Մի շաբաթ ոչ գրում, ոչ զանգում, բայց սոցիալականներում ակտիվ էր՝ քաղաքից դուրս, ռեստորանչիկներ, կաֆեներ, գույնզգույն կոկտեյլներ, ընկերուհիներ․․Ձիպլոմնիցան վայելում էր առանց թեզ կյանքը․․․

Մայիսի 6-ին բացեցի ամազոնից մի 2 շաբաթ առաջ եկած ծանրոցը։  Chauffer-ի պրոֆեսիոնալ էկիպիռովկեն՝ գլխարկ(фуражка), ձյունաճերմակ ձեռնոցներ եվ իհարկե սև նեղ ուղղաձիգ  փողկապ։ Մտածեցի քիչ ա, իջա ներքևի փողոց՝ ծանոթ տաքսիստների կանգնելու տեղը։ Մշտականս ըտեղ հենված կանգնած էր․ 

Ի՞նչ կա, բարլուս, - ասեցի 

Բան չէ, - ասեց ու մոտեցավ դռանը, - նստի

Չէ, չեմ նստում․․․Էս զնակը ինչքանո՞վ ես առել, - հարցրի՝ ցույց տալով տաքսու նշանին՝ տանիքի վրա

Կիսավարանելով վրաս նայեց, բայց պատասխանեց․ 

4000 դրամ էր ինչ էր, ինչի՞

10000 տամ, հիմա հանես ինձ տաս

Ոչ կիսատ վարանելով ուշացած հարցնում ա․ 

Ինչի՞դ ա պետք

Ի՞նչ տարբերություն, հանի տուր 

Լավ, բայց սպասի, - մոտեցավ բեռնախցիկին, բացեց, ընդեղից նորը հանեց, - գոնե էս վերցրու, նոր ա, մաքուր ա

Տուր

Մի ստվարաթղթի մեջ փաթեթավորեցի՝ գլխարկը, ձեռնոցները, փողկապն ու տաքսու նշանը։ Սկոչեցի, առաքում կանչեցի, ուղարկեցի իրա հասցեով, ես գնացի օֆիս ու գրեցի իրեն․ 

Օրիո՞րդ

Պարո՞ն 

Տա՞նն եք

Այո

Դե միհատ ծանրոց ունեք, առաքում․․․ 

Հմմ

Մի անհանգստացեք, վստահաբար ծաղկեփունջ չի․․Ճանապարհին ա

Բա ի՞նչ ա։ Հա՞ց եք ուղարկել, նենց ա քաղցած չեմ, պարոն: Պայմանագի՞րն ա տպած։ 

Կհասնի, կտեսնես, անհամբեր օրիորդ

Ուղղակի չեմ հասկանում՝ ներվերս ուտելու թե մեղքերի թողության առաքում ա

Նախ մեղքերը չեն թողնում, հատուցում են։ Երկրորդը՝ կանացի համբերությունդ միքիչ էլ ձգի․․․Մոտենում ա, 2 րոպեից կհասնի: 


Մի քանի րոպեից  caps look-ով գրեց

ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ։ Դուք հաստատ չգնացիք․․․Եթե մինչև էս մտածում էի կխոսենք, պարզ կլինի․․․Հիմա դրա ցանկությունն էլ չկա!

Գիտես քո պրոբլեմը ի՞նչն ա

Ի՞նչը։ Որ համարժեք լկտի ինձ չե՞մ պահում:  

Չէ, որ արդեն եղած իրողությունը չես կարողանում ընդունել․․․Ենթադրում եմ՝ ոչ էլ կարողանում ես արժանապատվորեն պարտվել ) 

Եկեք վաղը խոսենք

Չէ, վստահ չեմ արդեն, որ խոսել ուզում եմ․․․Վստահ եմ միայն, որ պարտավորությունը պիտի կատարես ) Հանդիպելու ու խոսելու իմաստ չեմ տեսնում, խոսել ու բանակցել ենք պայմանագրի ստորագրումից առաջ, հետո իմաստ չկա այլևս․․․

Կորավ մի կես ժամով․ գրեց․

Հա, ճիշտ եք։ Կարիք չկա այլևս, վաղվա համար ժամ պայմանավորվենք 

Ցերեկոտ շուտոտ տենց )

Ու ասեմ Ձեզ, էս տուն առաքումը շատ չստացված կատակ էր

Հա՞ որ․․․Իսկ ինձ թվում ա եթե հումորի զգացումը միացնես լավ էլ ստացված էր ) 

Առաքումը հետ ա գալու Ձեր գլխին !!!! Ցտեսություն !!! 

Ատու՞մ ես ինձ

Երևակայության գիրկը խնդրում եմ մի ընկեք․․․Ես պարտավորությունս կկատարեմ ու կավարտենք էս ամեն ինչը!!! 

Ինչի՞ տե՞նց չէր նախատեսված 

Հաջողություն! 

Մինչ վաղը, օրիորդ․․․

Комментарии


  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page