S O U L J O B: Job on Thesis
- Vag Germanyan
- 4 авг.
- 10 мин. чтения
VI
Ես, ինքը, սոուլջոբը
Ծնողները…հայ ծնողները..Հայ ծնողները իրանց երեխեքին մեծացնում են ոչ թե սիրով, այլ շինարարական փրփուրով: Էդ «ճիշտ կյանքի ուղին»՝ դաստիարակությունը էնքան հաստ շերտով են ծեփում, սվաղում երեխու վրա, որ հետո տարիներ հետո էդ արդեն հասունացած երեխուն հանդիպելիս ստիպված ես զուբիլն ու չաքուչը ձեռդ առնել ու հասնել էդ կարծրացած քանդակի վրա, հա խփել, դըմփդըփմացնել՝ քարը քարի հետեւից ջարդել թափել, շերտը շերտի վրայից պոկել հանել ու ընթացքում թըխկ-թըխկ անել ու հա հարցնել՝ ալո, հելլո, մարդ կա՞, անձ կա՞ ստե, էնիբադի՞, սամբադի՞…
Դեկտեմբեր 2021
Երես արած արքայադուստրը ինձ ինչ-որ ֆայլ ա ուղարկում՝ հավանաբար թեզի կազմի էջը հաստատված թեմայով՝ ուսանողի ու ղեկավարի անուն-ազգանուններով։ Չանցած մի րոպե ուղարկում ա ինչ-որ application-ի հղում՝ հեռախոսով ստորագրություն դնելու։ Բանի տեղ չեմ դնում, 10 րոպե անց․
— Որ շաաաաատ խնդրեմ, ստորագրությունը կդնե՞ք էս կազմի վրա, ուղարկեք ինձ:
— Որ ուղղակի խնդրեմ, թագդ կհանես, դնես դարակում, փակես )
— Այսի՞նքն
— Այսինքն պիտի սովորես ջանք թափել մի բանի համար, որ քեզ պետք ա։ Հատկապես եթե էդ բանը ինձնից պիտի ստանաս։
— Լավ, պարոն Գոռոզյան
— Լավ, Լելիա
Մի շաբաթ անց էլի գրում ա․
— Պարոն Գոռոզյան, ոնց հասկացա ստորագրությունը անձամբ պետք ա ստանամ Ձեզանից։
— Այո
— Խնդիր չկա։ Էդ դեպքում կարող եմ խնդրել Ձեզ, էդ փաստաթուղթը ուղղակի տպեք ստրոագրեք, Ձեզ հետ բերեք համալսարան երկուշաբթի օրը, Դուք երկուշաբթի քննության եք, ես էլ եմ էդ օրը համալսարանում լինելու` քննության ուրիշ առարկայից, կտեսնեմ Ձեզ անձամբ, կվերցնեմ։
Աներեևակայելի լրճկված լակոտ էլի։ Ասում եմ․
— Ինչ էլ գիտի իմ քննության օրը․․․
— Առաջին կուրսերի մոտ եք, ժամն էլ կարող եմ ասել )) Ուրեմն ժամը 14։00, 218 լսարան։ Ուսանողների քանակը՝ 19։
— Շատ վատ ժամ ա, հաստատ ուշանալու եմ։
— Ի՞նչ անեմ բա ես։
— Եսիմ, Լելիա, ինչ կարաս անե՞ս։ Նստես գահին, սպասե՞ս բախտին։
— Հահահա․․․Կսպասեմ լավ։
— Քննության ավարտին էլ կսպասես դե։
— Էդքա՞ն սպասեմ։
— 19 ուսանող չէ ասեցիր, մի ժամում կվերջացնեմ․․․
— Լավ․․․
— Մինչ վաղը
Հաջորդ օրը բացեցի ֆայլը ուսանող տողի տակ Լելիա Միրզոյան տպածը ջնջեցի, գրեցի՝ Կայսերուհի Փարավոնյան, դասախոսի անվան կողքը ջնջեցի անունս, գրեցի՝ Գահընկեց Հեղաշրջյան։ Խնդացի քթիս տակ, հետո վերևում գրված համալսարանի անվան տեղը գրեցի՝ Ագրաբայի Պետական Հոգևոր Ճեմարան։ Ստորագրեցի Գահընկեց Հեղաշրջյանի անվան կողքը։ Ու կես ժամ ուշացած դուրս եկա օֆիսից, քշեցի համալսարան։ Պլանը սենց էր․ քննությունից դուրս գալուց արագ տալիս եմ իրեն, ու հեռանում արագ։ Մինչ ինքը կամ ամբիոնում ընդունելիս կհասկանային ինչը ինչոց ա, ես արդեն հեռու կլինեի, կզանգեր, կասեի դե արի օֆիսում ստացի ստորագրությունս։
Պարկինգ մտնելուց ուշադիր էի կարմիր մաշինկային, բայց չտեսա, մտա քննությանս, ավարտեցի, մտա Դեմիտրիի մոտ, որ լրացնեմ գնահատականները․
— Բարլուս, կոմմունիստ
— Բարև, անարխիստ, նստի, կոֆե կխմե՞ս, - հարցրեց հաստափոր պապկաները դասավորելով պահարանում
— Հա, քո շիրայոտ հետև մտնող ուսանողներից հետո կյանքի պես դառը կոֆե ես մենակ ուզում ու սիգարետ
— Կոֆեն դառը կտամ, բայց Գոռոզյան, ծխելը արգելել են ստեղ
— Ո՞վ ա արգելել
— Պետությունը
— Հա լավ, ես էլ ասի կենտկոմը
— Հահահա
Կոֆեն դրեց, սիգարետս հանեցի, ծխեցի, կտացրեցի, կոֆեյի ափսեի մեջ։ Դեմիտրին վեր կացավ տեղից, պահարանից հանեց մոխրամանը, եկավ նստեց սեղանին, դրեց մոխրամանը սեղանին ու սղացնելով նենց ուժով բրդեց իմ կողմ, որ եթե ձեռքով չբռնեի, ընկնելու էր փշուր-փշուր լիներ խրուստալից զռլաման։ Տակից վրեն նայեցի, վրես չէր նայում, խառն էր, անգամ շփոթված․
— Ջղային ես հաաա, Դեմիտրիյ, բուրժույները կյանքդ կերե՞լ են։
— Հա բա ինչ եմ, ամեն մեկը իրա օրակարգով կյանքս կերել են արա, ուսանողները իրանց պահանջներով, ռեկտորատը իրա, նախարարությունից օրը մի նոր բան են մոգոնում
— Դե գոհ եղի, որ ես իմ օրակարգով գոնե էլ չկամ
— Չմտածես, քո բարեփոխումներից հետո մինչև հիմա պահանջներ են նոր գալիս, MBA-ի կուրսերը ամենապահանջկոտն են դարձել․․․
Բան չպատասխանեցի։ Դեմիտրին կոնֆորմիստների կոնֆորմիստն էր։ Լճացածների ճահճացածն էր։ Միակ բանը, որ ինքը սիրում էր կյանքում, ստաբիլիությունն էր։ Ու երբ կրթական ծրագրի ղեկավարն էի, սրա կյանքը ահագին կերել էի իմ օրը մի նոր բարեփոխումներով ու օրը մի նոր սաբոտաժով ուսանողների կողմից կազմակերպված։ Նա սիրում էր հրամաններ կատարել, ցուցումներով աշխատել, երբեք չդիմադրել ու երբեք ռեֆլեքսիա չանել տրված հանձնարարության շուրջ։ Դեմիտրին զինկոմիսարիատի կադր էր, ոչ թե համալսարանի։ Ու ամբողջ համալսարանը սենց լցրել էին զինոկոմիսարիատի մայորներով ու սպանել համալսարանական մթնոլորտին բնորոշ ազատություններն ու ըմբոստության ոգին։ Բայց հենց ինքը վատ մարդ չէր, չարություն չկար մեջը, բոլոր մեղքերից միայն հնազանդությունն ու վախկոտությունն էր ընտրել։
Հեռախոս բացեցի, տեսնեմ Լելիան չի՞ գրել-զանգել։ Չկար։ Հարցրի․
— Դիպլոմնիցաս չի՞ երևացել էսօր։
— Ո՞ր մեկը։
— Լելիան Միրզոյան
— Չէ, չի էլ երևալու։
— Ինչի՞։
— Դե զանգել ասել ա, որ չի գալու։
— Բայց քննության էր, չէ՞։
— Հա ու հարգելի պատճառ ունի չգալու․ պապիկն ա մահացել։
Վեր կացա տեղիցս, քայլեցի դեպի աղբարկղը անկյունում, ճղեցի գցեցի սարքածս տպած թուղթը։ Հետ եկա նստեցի։ Դեմիտրին տպում էր քննության վեդոմոսծը, որ ստորագրեմ։ Հեռախոսով Լելիայի ուղարկած փաստաթուղթն ուղարկեցի Դեմիտրիի մեյլին, խնդրեցի էդ ֆայլն էլ տպի։ Տպեց, տվեց ինձ, վեդոմոսծը ստորագրեցի, սղացրեցի սեղանով Դեմիտրիի կողմ։ Լելիայի թեզի կազմի թուղթն էլ ստորագրեցի, մեկնեցի Դեմիտրիին․
— Թեման հաստատված է իմ կողմից, խնդրում եմ ընդունեք, պարոն Դադայան։
Վերցրեց, նայեց փաստաթուղթը, ասեց․
— Գոռոզյան, ախր էս ինքն էլ պիտի ստրոգրած լինի, որ ընդունեմ։ Ու ընդհանրապես ինքը պիտի ինձ հանձնի։
Կիսաբարձրացա սեղանից, ձեռքս գցեցի, համարյա ճմրթելով խլեցի մոտից թուղթը ու ասեցի․
— Միհատ կշրջվե՞ս։
Էշացած վրաս ա նայում։
— Լուրջ եմ ասում, խնդրում եմ մի քանի վայրկյանով շրջվի։
Շրջվեց, ստորագրեցի Լելիայի Միրզոյանի կողքին՝ հնարավորինս աղջկական ԼԵԼՄ խզբզելով։ Հետ ա շրջվում Դեմիտրին, մեկնում եմ թուղթը ու ասում․
— Չհասցրեցիք նկատել, պարոն Դադայան, բայց Լելիան ծիտիկի պես պատուհանից արագ մտավ, ստորագրեց ու հետ թռավ, ուշանում էր։
Վերցրեց, նայեց ստորագրությանը, քթի տակ ասեց՝ Լաավ․․․
Դուրս եկա Դեմիտրիի կաբինետից։ Գրեցի Լելիային․ “Չկաս, ես էլ ուշանում եմ․․․Մեծահոգաբար որոշեցի խնայել քեզ, հանձնել եմ”։
3 օր անց պատասխանեց․
— Չեք էլ պատկերացնի Ձեր մեծահոգի քայլը ինչ տեղին էր․․․
— Ո՞ր քայլը
— Էն որ համալսարան ստիպված չեղա գնամ․․․Իմ տեղը հանձնեցիք։
— Հաա, բա քննությու՞նը։
— Չեմ գնացել։
— Ինչի՞
— Պապիկս էր մահացել էդ առավոտ։
— Օհ, ցավում եմ․․․ու լիարժեք պատկերացնում ցավդ։ Ո՞նց ես հիմա։
— Եսիմ․․․չեմ զգում․․․
— Նորմալ ա էդ․․․Կապվա՞ծ էիր հետը շատ։
— Չեմ կարողանում հավատալ, ոնց որ ինձ հետ չկատարվի էս ամեն ինչը․․․
— Հասկանում եմ․․․Հավանաբար առաջին անգա՞մ ես ընտանիքում մահվան հանդիպում։
— ՉԷ, անցած տարի տատիկս մահացավ․․․Չեմ հասկանում, չեմ զգում, չգիտեմ ոնց պահեմ ինձ, էս ամենը ոնց որ իմ համար չլինի, չգիտեմ ոնց հաղթահարեմ․․․
— Գիտեմ` սփոփանք չկա, ըմբռնում եմ ցավդ, որը մենակ ժամանակը կարա խլացնի ու թուլացնի... Բայց միքիչ էլ փիլիսոփայորեն պետք ա մոտենալ...Մահը մեր անխուսափելիությունն ա, հիշողությունը` մեր պարտադրանքը, բայց ինքնին հուշերը իրանց մեջ պահում են միայն կյանքը ու դառնում հոգու լույս )
— Հուսամ․․․մերսի․․․
Հունվար 2022
— Պարոն Գոռոզյան, ինչպե՞ս եք։
— Լավ, դու լա՞վ ես։
— Լավ, թեզի պլանը պիտի մշակենք ու դուք ստորագրեք, ես գրել եմ մի քանի բան, երբ կարող եմ գալ քննարկե՞նք։
— Շաբաթ օրը ձեր կուրսի Անին էլ ա գալու, կարող եք միասին գալ։
— Քանիսի՞ն ա գալու Անին։
— 7-ին։
— Ես 8-ին կգամ։ Հասցեն կասե՞ք։
— Անտառային xxx
— Մինչ շաբաթ օրը
Լելիային ժամը 7-ին էլ էր հարմար գալ, դրանից շուտ էլ, բայց նրա ենթագիտակցությունը պահանջել էր իրենից առանձին հանդիպում ինձ հետ՝ առանց ժամանակի սահմանափակման։ Լելիայի դեպքում ամեն բան ենթագիտակցույթունում էր։ Ես չեմ հանդիպել մարդու, ով ավելի շատ կշարժվեր ու կզգար ենթագիտակցությունով, քան նա, որ ավելի շատ սեփական անձը կուտակած, սեղմած ու կողպած կլիներ ենթագիտակցությունում, քան նա։ Նրա գիտակցությունը հետաքրքիր չէր՝ հաստաշերտ դաստիարակություն, չափված-ձևվածություն, զգուշավորություն, չէզոքություն։ Ծնողներով, ընտանիքով ու հասարակությունով հերն անիծած, օրինակելի օրիորդի մոդելով ավիրած գիտակցություն էր․․․Բայց այ ենթագիտակցությունը հենց էն էր, ինչին արժեր սիրահարվել։ Եվ իմ ամբողջ խաղը, իմ դիմումը, իմ խոսքը ուղղված էր իր ենթագիտակցությանը, իսկ գիտակցությամբ թող զբաղվեն իր ընտանիքի ընկերների լավ, բարի, չափված-ձևվված ու դաստիարակված ու հարմար որդիները, որ կապրեն իր հետ ամբողջ կյանք եվ չեն նկատի իր էությունը, չեն կարդա դրա պոեզիան ու չեն վայելի իր քամոտ փարվող մուսաները։ Ու մի օր էլ էդ խեղճ բայց արժեքավոր ենթագիտակցությունը կձուլվի գիտակցությանը ու կվերանա ու կանէանա, ու էլ ոչ մեկ չի հիշի, ու էլ ոչ մեկ չի հիշացնի իրեն, որ կար մի ուրիշ հոգի, մի ուրիշ լույսեր իր հոգում(“Կվառեմ ուրիշ լույսեր քո հոգում” Վ․Տ․ ) Աշխարհի ամենատխուր բաներից մեկը մուսա կինն ա, որ դարձել ա ֆինանսիստի տիկին, պլանավորել տնային տնտեսություն, ծնել նրա համար երեխաներ, դարձել նրա երեխաների համար օրինակելի մայր, օրինակելի կին, օրինակելի պաշտոնյա էլի՝ անօրինաբար ու անիրավաբար վտարելով իր բոլոր մուսաներին․․․Ամենաքամահրելի բաներից մեկը էն “հայ օջախ” մոդելով ընտանիքն ա, որտեղ ոչ թե սիրեցյալներ են, այլ պաշտոնյաներ՝ պաշտոնական մայր, պաշտոնական հայր, պաշտոնական ամուսին ու տիկին, ըտեղ ամեն բան պատվիրակված ու պլանավորած ա, բյուջետավորված ու նամուսով պարփակված, հանձնված ա պլանային համատեղ տնտեսությանը, սերն էլ ա պլանավորված ա, չէ, պինդ զակատ արած ա, որ ոչ մի տեղից հանկարծ պոռթկում չտա, պոռթկումները հաստատված պլանից՝ դեպի համատեղ գերեազման, շեղում են․․․Նենց որ իմը իր ենթագիտակցությունը պիտի լիներ, ուր մուսաների քամիները վզզալեն հարվածում էին կողպված դարպասներին, փոթորիկ ու ազատություն պահանջում ներսից․․․
Եվ այսպես Լելիայի ենթագիտակցությունը հետաքրքրվել էր ինձնով ու որոշել էր հետազոտել ինձ։ Իսկ ինչպես գիտեք, երբեք պետք չի խանգառել կնոջը ձեզ հետազոտել, դրա վերջում նրանք անպայման կգտնեն մի բան սիրահարվելու համար․․․
Շաբաթ օր։ Անին եկավ, 20 րոպեում ավարտեցինք իր պլանի վրա աշխատանքը։ Լելիային կար դեռ 40 րոպե։ Ջեքիի հետ գնացիինք օֆիսի ընդհանուր սրահը, նստեցինք՝ սպասելու․․․Ժամանակից շուտ գրեց՝ հարցնելու արդյոք Անիի հետ վերջացրել եմ, դրական պատասխանից մի 5 րոպե հետո՝ ժամանակից շուտ զանգեց․
— Պարոն Գոռոզյան, ես ոնց որ թե տեղում եմ։
— Կանաչ դարպասնե՞ր են, դիմացն էլ սև բմվ՞
— Մի րոպե․․․Այո․․․
— Հիմա կիջնեմ
Իջա, Ջեքին հետևիցս՝ ամեն ինչին մասնակցելու իրա գործնական տղայական մղումով։ Իջնելուց, աստիճանների պատուհանից նկատեցի կարմիր մաշինկան իմ սևի ետևում կանգնած։ Շենքի մուտքի դուռը բացեցի, դուրս եկա եվ տեսա իրեն դարպասի ճաղերից այն կողմից ինձ նայող։ Ժպտաց, ես էլ, բարևեցինք։ Երկուսինս անկեղծ ժպիտ էր՝ շարունակության հանդեպ հետաքրքրություն արտահայտող։ Բայց իրա ժպիտը վայրկյան անց չէզոքացավ եվ խուճապահար հարցրեց․
— Էս ձե՞ր շունն ա
— Հա, ինչի՞
— Վայ, որ խնդրեմ հեռու կտանեք իրան
— Հանգիստ եղի, բարի շունիկ ա, - ասեցի ու ձգվեցի դարպասի դռան զամոկը պտտեմ, որ բացեմ, երբ դրսից կտրուկ քաշեց իր կողմ դուռը՝ փակելով այն․
— Չէ, խնդրում եմ, քանի ինքը ըտեղ ա, ես չեմ կարա ներս գամ
Ես նայեցի Ջեքիին, Ջեքին ինձ էր նայում՝ հավանաբար չհասկանալով կատարվողը ու չգտնելով իր մեղավորությունը։
— Միհատ չափերին նայի, վստահեցնում եմ քեզ, որ չի կծի անգամ, եթե դու իրան կծես։
— Չէ, չէ, կապ չունի, - ասում ա՝ դուռը դրսից պինդ քաշած պահելով, - խնդրում եմ գոնե ձեր մոտ կանչեք, պահեք, ես կմտնեմ․․․․Ես շատ վատ փորձառություն ունեմ շան հետ կապված, խնդրում եմ պահեք Ձեր մոտ, ես կմնտնեմ ներս ինքս․․․
— Լավ․․լավ․․․օք․․․, - ասեցի, հետ գնացի մի քանի քայլ դարպասից, Ջեքիից կանչեցի մոտս, կիսակռացա, շոյեցի ու ասեցի՝ մնա ստեղ։ Խելոք նստեց ոտքերիս կողքին։
Լելիան դանդաղորեն դուռը բացեց, դանդաղորեն ու զգուշորեն առաջին քայլը ներս արեց, ես ու Ջեքին տեղից չշարժվելով նայում ենք հյուրին, դանդաղորեն երկրորդ քայլը արեց ու հարցրեց․
— Ստեղից չէ պիտի ներս մտնենք, - ասեց՝ ցույց տալով շենքի գլխավոր մուտքը։ Գլխով արեցի։
Հետ-հետ քայլելով՝ տեսողության դաշտում պահելով շանը, քայլում ա դեպի մուտքի դուռը, երբ Ջեքին մեկ սովորական հաչոց հանեց՝ բարևելն էր իրա։ Կամ էլ չգիտեմ, Ջեքին էնքան դմբո էր, որ շատ խելոք էր, չէ՞, կարող ա ուզեց հոգու հետ խաղա։ Հենց էդ պահին ինչ-որ խառնաշփոթ սկսվեց, Լելիան` կտրուկ շարժումով շրջվեց ու արագ քայլեց դեպի մուտքի դուռը՝ հայացքը շարունակելով պահել շան վրա։ Ջեքին, որ բռնոցի խաղի կանոնները վաղուց էր սովորել, տեղից վեր կացավ քայլեց դեպի իրեն՝ հաֆ հաֆ անելով, ես հետևից ընկա, որ բռնեմ իրեն, Լելիան գլուխը թեքած՝ վայ վայ ասելով վազեց դեպի դուռը, ու մեկ էլ հո չլսվեց՝ ԴԸԸԸԽԿ․․․Լելիան ու պատը հանդիպեցին իրար, ավելի ճիշտ Լելիայի ճակատն ու տան ճակատային տուֆից հատվածը։ Խառնաշփոթը ավարտվեց։ Պռոշս կծած, ծիծաղս հազիվ պահած՝ մոտեցա Լելիային։ Ճակատը բռնած քարացած կանգնած էր։
— Միհատ տեսնեմ, - ասում եմ։ Ձեռքը տանում ա ճակատից, տեսնում եմ որ լավ կարմրած ա, բայց քերծվածք, արյուն չկար, բայց եվ մեծ շիշկան ու կապտուկը հետագա ապահովված էր, - մտի ներս, մտի ներս, գնանք սառույց դնենք
— Չէ, չէ, կարիքը չկա, օք ա, - ասելով՝ ամաչելով ու արհեստական ժպտալով: Լելիան վատ էր զգում իրեն, որ առաջին ծանոթությունն ու հանդիպումը էսպիսի դրվագով նշանավորվեց․․․
— Դե ապահովության համար
Մտանք ներս, բարձրացանք մեր հարկ, մտանք խոհանոց, սառցարանից տուփով սառույց հանեցի տվեցի իրեն։ Դրեց ճակատին։ Արդեն ժպտալով ասում եմ․
— Կարծում եմ ահագին թեթև պրծար։ Միայն թե թագը ընկավ գլխիցդ
Սառույցի տակից վրաս ա նայում ու աչքերը կկոցած ասում․
— Թագը որ հագս լիներ, կպաշտպաներ
— Սուրճ, թեյ, գինի՞
— Չէ, ոչինչ
— Ուրեմն սուրճ, - ասեցի ու միացրի ամերիկանոյի ապարատը։
Լցրեցի մեկանգամյա բաժակների մեջ ու գնացինք կաբինետս:Վերարկուն հանեց, նստեց, սառույցը դրեց սեղանին։ Վերջապես հանգիստ նայեցինք իրար մի քանի վայրկյան․ նուրբ, նուրբ, նիհար, ոսկորիկոտ, շիկահեր, անգամ միքիչ չարենցյան թոքախտավոր,թափանցիկ, ձյունաճերմակ սպիտակ թեթև վերանաշապիկով էս ցրտին, որի տակից երևում էր նուրբ ոսկե շղթան փոքրիկ խաչով։ Օրիորդաաշակերտական կեցվածքով նստած՝ պատշաճ, համեստ, չափված-ձևված։ Սուրճով բաժակին չէր դիպչում։
— Սկսե՞նք։
— Ինչը՞, - զարմացած հարցնոմ ա
— Թեզիդ պլանը, տուր տեսնեմ ինչ ես արել
— Հաա
Սսկեցի քանդրտել իր գրած պլանը՝ 80 տոկոսը զրոյից գրեցի՝ բացատրելով իրեն արածս փոփոխությունները՝ պարբերաբար հայացքս բարձրացնելով վրան․ ուշադիր, միգուցե անգամ զմայլված, չգիտեմ, տենց թվաց ինձ, ինձ էր նայում ու լսում։ Կես ժամ հետո խզբզած թուղթը պատրաստ էր, տվեցի իրեն, շնորհակալություն հայտնեց, բայց տեղից վեր կենալ չշտապեց։ Մի քանի հարցեր տվեց՝ համալսարանից, իմ կրթական ծրագրից, հետաքրքրվեց ինչով ա զբաղվում կամպանիաս՝ պարբերաբար պատմելով ինքն իր մասին՝ իմ կողմից առանց հարցի անգամ։ Հետո լռեցինք՝ ժպտալով։
— Շա՞տ ա ցավում
— Չէ, արդեն մոռացել էի
— Ցավազրկող ունեմ, կուզե՞ս։
— Չէ, չէ․․․Չէ, - լռեց, նայեց, կանացի էն մեկ վայրկյանանոց արտաշնչող ծիծաղից հանեց՝ զուսպ, - շնորհակալություն Ձեզ, ես գնամ արդեն
Ուզում էինք վեր կենայինք, երբ կաբինետիս դռից դուրս շան ձայներ լսվեցին, խուճապահար շրջվեց դեպի դուռը․
— Հանգիստ, հանգիստ, վերևի հարևանի լաբորադորն ա, ինքը միշտ պավադոկի վրա ա, ու դախ շուն ա, շփվել չի սիրում ի տարբերություն Ջեքիի։
— Լավ․․․, - անհանգիստ ասում ա
— Բայց քո հանգստության եվ օֆիսիս պատերի ամրության համար կարանք սպասենք մինչև իրան դուրս տանեն տարածքից։
Սպասեցինք մի րոպե՝ ինքը նստած, ես կանգնած։
— Գնանք երևի արդեն․ - ասում ա
Վերարկուն վերցնում եմ իրա, պահում, որ հագնի, դուրս ենք գալիս, ճանապարհում եմ, սպասում, մինչ մեքենան ռազվորոտ կանի․․․Ջեքիին եկավ կողքս կանգնեց։
Ես առաջին՝ սեպտեմբերյան օրվա պես, սիրահարված էի, բայց չգիտեի ինչին դեռ․․․Մինչև վերջ չգիտեի, բայց զգում էի, ենթագիտակցությունս իր ենթագիտակցությունից լուր էր ստացել արդեն, որ սա իսկական կին ա, ամենաիսկականը, ամենազգայունը, ամենաիսկական սիրող ու տրվողը, ամենաիսկական պատկանողն ու ամենաիսկականը պահանջողը, ամենակրքոտն ու կրքի ու սիրո մեջ համարձակն ու հանդուգնը, սիրո մեջ ոչնչից չվախեցողը, չհարմարվողը, չհանձնվողը, սիրուց գժվողն ու սիրո պակասից կամովի կործանվողը․․․Նա մի կին էր մի խոսքով, որին ես կարող էի սիրել․․․Կյանքով կոպված հաշվարկող հոռետես ռեալիստները հիմա կասեն, թե բա նաիվ սիրահարված ապուշ էի ու տեսնում ու զգում էի էն, ինչ ուզում էի տեսնել իր մեջ, բայց չէ, հիմա արդեն էնպիսի ժամանակներ են, էնպիսի ամայություն ա ամեն տեղ, որ առաջվա հոռետեսները դարձել են ամենանաիվները, ամեն տեսածդ դատարկ ու ամայի անվանելը հակառակը՝ ձեր կարճատեսության ու բանալության մասին ա խոսում, իսկ այ էդ ամայության մեջ թե պրպտող հայացքդ տեսնի թաքնված մի բան ու գնա հետևից փնտրելու ու բացահայտելու ու որսալու․․Այ էդ մարդիկ դարձել են ամենաիրատեսներն ու խորաթափանցները։ Անհայտ ու ամայի՝ չթվայնացված ու չքարտեզագրած կղզիներում գանձեր փնտրելու ժամանակներ են, սիրելիներս․․․Ու ծովով նավարկելիս անվերջ ասել, թե շուրջը միայն ջուր է ու հեռադիտակով չզինվել ու ցամաք ու կղզի չփնտրելը, այ դա բանալ իդիոտություն ա դարձել արդեն․․․
Փետրվար 2022
Գրեցի․
— Լելիա, բարև, ո՞նց ես
— Բարև Ձեզ, լավ, դու՞ք
— Քո լավ լինելուն չհավատացի
— Ինչու՞
— Մոտակա ամիսներին քո լավ լինելը պայմանավորված երեք տառանի երևույթով եվ ցավոք դա սերը չի
— Ահահա․․․Հա, թեզի հետ կապված․․․․Խուճապը դեռ ինձ չի այցելել
— Աչքիս քեզ ավելի շուտ սերը կկործանի, քան թեզը
— Ահահա, տարբերակ կա, որ ոչ մի բանն էլ չկործանի
— Եսիմ, Լելիա, որոշ բաներ կործանման մեջ են սիրուն
— Հմմմ, դաաա․․․
— Զարմա՞նք ա
— Չէ, էդքան էլ չէ, Ձեր գրվածքները կարդացել եմ․․․Souljob-ը․․․
Սոուլջոբը․․․․Ուշադրություն․․․ Ուշադրություն։ Էս պահից սկսած երրորդ գործող անձն ա մտնում իմ ու Լելիայի հարաբերությունների, ու ընդհանրապես էս վեպի՝ սոուլջոբի մեջ ու այլևս երբեք դուրս չի գա ըտեղից․․․
— Օհ, շոյված եմ, - պատասխանեցի, - ու մտածե՞լ ես, որ դա իմ մասին ա
— Չասեցի տենց բան, բայց այ կործանված հարաբերությունների մասը․․․
— Հա դե աշխարհում ինչն ա շատ՝ կործանված հարաբերությունները
— Համաձայն եմ․․․Իսկ ինչն ա ստիպել ստեղծագործել
Լավ ա, հասկանում ա, որ ստեղծագործելը ստիպելուց ա․․․
— Ինչ էլ պատասխանեմ, շատ վեհ ա հնչելու, արի սահմանափակվենք մենությամբ ընդամենը
— Տխուր ա․․․
— Դե գրականությունն էլ ուրախ չի լինում, Լելիա
Մի քանի օր անց գրեց՝ մշտական երկիմաստ ձևակերպումով․․․․
— Պարոն Գոռոզյան․․․Ուզում եմ Ձեզ տեսնել վաղը․․․Մի քանի բան կա ստորագրելու ու քննարկելու․․․․
— Վաղը երեկոյան ուրեմն
— Օք, բայց օֆիսում չէ․․․եկեք դրսում մի տեղ հանդիպենք․․․Ասենք Աչաջուրում, Ձեզ էլ մոտիկ ա
— Շնից ես վախենու՞մ ))
— Հա )), բայց ոչ միայն դրա պատճառով…սիրուն գարուն ա դրսում:
— Դե գարնանային կհագնվես
— Լավ )
Գործող անձերը դարձան քառյակ՝ ռոք բենդի լավ սաստավ էլի` գարունը, սուոլջոբը, ես ու Լելիան․․․
Comments