top of page

Scrolling back

4 нояб.
2 мин. чтения

Էսօր մեկը լույսը կանջատի,

Մոմերը աղջնակի պես կփչես,

Հեռախոսը ձեռքից ձեռք կանցնի՝

տես, Հայաստանից էլ են շնորհավորում


Ես էլ կարող էի տեղավորվել

մորաքրոջդ

ու մի նախկին համակուրսեցուդ,

թարգմանաբար՝ ուսանողիս,

արանքում։


Ու շնորհավորել։


Մեկ ա՝ երջանկություն եմ մաղթելու`

Առանց տողատակի նշման,

որ ինձ հետ

ավելի լավ կստացվեր,

Եթե ընդհանրապես ստացվեր։


Մեզանից հետո շատ

Ջուր ա հոսել

Ու հիմա

մեր արանքում

Մի քանի ծով,

ու մի օվկիանոս․

Ահռելի տարածություն։

Թարգմանաբար՝ օտարություն։


Էս էլ քո

Գուգլ մափսով ռութ սարքելու

ու ինձ դատապարտելու չի

Էստեղ նույնիսկ դու

"ընդամենը" չէիր ասի


Էս կողմերում 

Իսկական նոյեմբեր ա։

Իմ չսիրած ամիսը։

Որը պարտադրում ա սպասել

Ձմռանը

Ոչ թե դրա ավարտին


Երեկ էլ էն անձրևներից էր,

որոնց ժամանակ մարդ

մեքենայի հետևի նստատեղին

մի բան ա ման գալիս՝

ինքն էլ լավ իմանալով,

որ վաղուց չկա։


Էսօր քեզ շատ բան կմաղթեն։

Ես բոլորի հետ համաձայն եմ։

Նույնիսկ նրա,

ով կողքիդ նստած

բաժակդ կլցնի:

Հուսով եմ՝ գոնե մեկը

քեզ էնքան կուրախացնի,

որ ծիծաղից կկչկչաս։


Տես՝

ինչքան խելոք եմ դարձել։

Միայն թե հեռվից։

Մոտիկից երևի էլի

մի ավերիչ բան կանեի։

Դու կծիծաղեիր

կամ կլացեիր,

Հետո պատասխան ավերածությամբ

կպատասխանեիր,

ու ամբողջ էս հասունությունը

կգնար գրողի ծոցը


Սքրոլլելիս հասկացա

Որ փաստորեն

քո ծնունդները շնորհավորել եմ

միայն մինչ մեր սիրելը։

(Մեր սիրելուց հետո

ծնունդներիդ

միշտ բաժանված․․․

Վիճած

(Տես, որ չսխալվեցի

վ-ն չգրեցի

Թեպետ մեկա՝ քո կողմից

Ուղղելի չի)

Գժտված

Թարսված․․․)


Իսկ մինչև էդ

դու՝ իմ ուսանողուհին։

Ես՝ «պարոն Գոռոզյանը»։

Գրում էի՝ շնորհավորում եմ։

Սրտիկում

Պատասխանում էիր՝

Շնորհակալ եմ։

Երկու բարեկիրթ մարդ։

Ոչ մի ավերածություն։


Մի անգամ էլ հարցրի՝

էդ ո՞ւր։

Ասեցիր՝ Ծաղկաձոր․

Ծնունդիս միշտ գնում եմ։

Հետո մաղթեցի,

որ կյանքումդ ամեն ինչ

սրտովդ ու հոգիդ լցնող լինի։


Պահպանվել ա։

Կարող եմ ցույց տալ։

Մարդ պիտի պատասխան տա

իր գրածների համար։


Ու հատկապես էն խոսքերի,

որ գրել ա

դեռ չիմանալով,

թե ում ա գրում։


Ծնունդդ շնորհավոր

Քսանմեկ թվին գրածս

ուժի մեջ ա․

Թող ամեն բան

սրտովդ ու հոգիդ լցնող լինի։

Միայն թե չգիտեմ՝

Սիրտդ տե՞ղն ա

Հոգիդ խո՞րն ա


 
 
 

Комментарии


Комментарии к этому посту больше не доступны. Обратитесь к владельцу сайта за дополнительной информацией.
  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page