top of page

S O U L J O B : Job on Thesis

12 сент.
17 мин. чтения

IX

Կապույտ և Դեղին Անձրևանոցներ

“Когда слышу фразу "я тебя люблю", 

мне все время хочется услышать продолжение, 

например "я тебя люблю мучить". 

Или "я тебя люблю тыкать вилкой". 

В общем, я не верю, что все так просто.” 

Блудливая Калифорния


Արթնացա ինձ համար ծեգին։ Ոչ մի տեղով դեռ օնլայն չէր։ Թողեցի քնի։ Գնացի օֆիս, տեսնեմ արիստոկրատիան թփերն ա ջրում՝ վերևի հարեւանս՝ վիլլայի տերը:  Թփերից դուրս եկավ արիստոկրատիան ու սովորականի պես ֆրանսերեն ողջունեց ինձ՝ ֆրանսերեն չիմանալով․ 

— Օ, մոնսյոո, բոնժուղ, սա վա բիեն՞ — Salut, Monsieur,  ca va… Tiens donc, les aristocrates se réveillent tôt, eux aussi? 

Նայեց վրես, լոդինգ գնաց, արիստոկրատը ընկալվեց, մնացացը՝ չէ,  ու թատերական ջղայինացած ասեց․ 

— Արա ես քեզ մարդու պես բարևեցի, դու ինչ խեռս սինխրոն թարգմանչի տեղ դրիր ինձ, - ասեց սինխրոն համար մեկ թարգմանիչը երկրի

— Հազար ներողություն, հարցնում էի Ձեր նման արիստոկրատը էս առավոտ ծեգով հերիք չի արթուն ա, միհատ էլ ինչ մի խեռս թփերի մեջից դուրս ա գալիս ու անցնում ֆրանսերենով այգին ցողելուն, il faut cultiver notre jardin, ahn? 

Ձգվեց, որ ականջիցս քաշի 60-անց արիստկորատը, բայց 30-ն անց ես ավելի շուտ հասցրի ձեռքի տակից փախչել, ձեռքը մնաց օդում, փոխեց ձևը եվ կանչի նշան տալով ասեց․ 

— Իջի, իջի հլե ժաղդենը կոֆե խմենք

— Իջեք, - ասեցի,- գալիս եմ հետևիցդ

Իջանք իր քառահարկ վիլլայի առաջին հարկը, որտեղ խոհանոցն էր։ Սուրճը սկսեց պատրաստել, ավելի ճիշտ սուրճի ապարատի կնոպկի վրա սեղմեց ու տակը բաժակներ դրեց: 60-անց արիտոսկորատը ամուսնացած էր 3 անգամ եվ նույնքան բաժանված էր։ Եվ հիմա իր ահռելի վիլայում՝ լողավազանով, վերսալոտ այգով, կինոթատրոնով ու սաունայով, վայելում էր ամուրի կյանքը շաբաթվա 6 օրը հյուրընկալելով տարբեր ծտերի իր ամրոցում՝ առնվազն 20 տարի իրենից ջահելիկ։ 7-րդ օրը հանգստի օրն էր իր մոտ։ ՉԷ, աստվածաշնչով չէր ապրում, ուղղակի ամեն կիրակի նախորդ երեք կնանիքից երեխաներն էին իրեն այցելում։ Հարցրեց․ 

— Բա դու խի ես արթուն էս ժամին, երեկ տեսա լավ ուշ դուրս եկար օֆիսիցդ։

— Հաա, քաղաքից դուրս պիտի գնամ

— Ու՞ր

— Դիլիջան

— Հաա, մենակ թե՞ ծտի հետ

— Վերջինը

— Լավ ա, գովելի ա

— Շնորհակալություն, վարպետ

— Բա երեկ լավ տեսարաններ չտեսա՞ր բալկոնից, - հարցնում ա՝ մեջքանց կանգնած ինձ, բայց զգում եմ,  որ բերանի ծայրով ժպտում ա

— Չէ, բայց երաժշտություն, բաժակների չխկչխկոց ու խմած օրիորդների անբռնազբոս ծիծաղ էի լսում

— Սպասի ընթացիկիս ցույց տամ, - ընդհատվեց սուրճի ապարատից, հեռախոսը բացեց, թերթեց, ու մեկնեց ինձ, նայեցի, արտակարգ հետույքով բիկինիով օրիորդ էր պառկած իր լողավազանի քարին փորի վրա

— Լավն ա, էս ո՞վ ա

Թերթեց հաջորդ կադրը, ու սուկա բլյադ․․ ինքն էր, պատանեկությանս անհասանելի աստղը, ուշ գիշերների հեռուստաէկրանից տուն մտնող ամոթը՝ միշտ կիսով չափ մերկ, էն մյուս կիսով՝ չհագնված, որ մի ամբողջ 2000-ականների պատանիների սերնդին ստիպում էր ուշ քնել։ 

— Էս ինքն աաա՞․․.

— Այոո,  - գոհ դեմքով ասեց չբիձացած բիձեն

— Արաա, էսի իմ պատանեկության սեքս սիմվոլն էր

— Լու՞րջ։ Ուրեմն քեզ պաս տամ․․․․Լուրջ եմ ասում, չէ լուրջ, շաբաթ օրը էլի գալու ա, իջի մեր մոտ, կծանոթացնեմ, ես գործով կմտնեմ կաբինետս, կշփվեք․․․

Դեռ զարմացած նայում եմ վրան։ Աչքով ա տալիս, ու սուրճի բաժակները վերցնում երկու ձեռքը, շրջվում,  որ քայլենք դեպի դուռը՝ այգի դուրս գալու։ Մի քայլ հետո կանգնում ա ու ասում․ 

— Բանը, շշերը մոռացանք․․․Էն պահարանի դուռը բացի․․․Չնայած դու պիտի Դիլիջան քշես չէ՞

— Հանգիստ, ես չեմ քշելու, - ասեցի ու քայլեցի դեպի պահարանը, - գլուխս մտցրեցի խորը մեծ պահարանի մեջ ու մեջից հարցրի, - Էս Բեյլիսը քեզ վերցնե՞մ, չէ՞

— Հաա, քեզ էլ ինչ ուզում ես․․․

Աչքս ընկավ ծիրանի կոնյակով շշի վրա։ Թանկ ու չճարվող շշի տակ մեկուկես բաժակ բան էր մնացել, ինձնից լավ հյուր մենակ բիկինիով աղջիկը կարար լիներ, դրանք էլ խմիչքից բան չեն հասկանում։ Վերցրի։ Երկու շիշ մի ձեռքումս, մյուսում՝ երկու րյումկաներ,  հետևից քայլեցի՝ հյուրասենյակի միջով պիտի անցնեինք, երբ աչքիս մի բան զարնեց․ հյուրասենյակի կենտրոնում բարձր փոքրիկ կլոր սեղանիկի վրա, աստիճանների անմիջապես կողքը երեք ռամկի մեջ լուսանկար էր դրված․ դրված էր նենց, որ անպայման անցնողը նկատի։ Ու լուսանկարների վրա ինքն էր իր երեք նախկին կանանց հետ՝ գրկված՝ ամեն մեկի հետ մեկ ռամկի մեջ՝ ժամանակագրությունն էլ պահած:  Զարմացա արիստոկրատի ինձ միշտ զարմացնելու վրա ու զարմանքով հարցնում եմ․ 

— Էս ի՞նչ ա, - գլխով անելով դեպի սեղանիկը

— Էէս․․․Սաա իմ անցյալն ա

— Հաա, իսկ․․․բանը, ներկան, ներողություն, ընթացիկները դեմ չե՞ն սրան, - ծիծաղս խառնած հարցնում եմ

— Բայց իրանց ով ա հարցնում որ․․․․, - ասեց ձիգ կեցվածքով ու քայլեց դեպի այգի, մեջքի հետևից հասցրի ասեմ միայն՝ համարձաա՜կ տղամարդ ես էլի: 

Երկրորդ բաժակներն էի լցնում, երեւի 10-րդ անգամ սիգառ էր առաջարկում ինձ, որից միշտ հրաժարվում էի, երբ մեկ էլ սկսեց.

— Էս վերջին կնիկս, որ վրիցս թռավ․․

— Սպանում ես, որ ամեն անգամ տենց ես ասում, Մոսյոո, - սառած կոֆեով խեղդվելով ասեցի ես

— Բա ո՞նց ասեմ

— Չգիտեմ, ավելի լավ ա գրական ասես՝ լքեց․․․Վերջը խի՞ լքեց ի դեպ

— Կնանիք խի՞ են լքում

— Եսիմ, չգիտեմ, իմ կանայք ինձ միշտ լքել են՝ էն համոզմունքից, որ ես իրանց կարիքը չունեմ

— Ազաաա՜տ տղամարդ ես էլի, - իրոնիայով բայց եվ գովասանքով ասեց ու թպացրեց մեջքիս մի քանի անգամ ու շարունակեց, - իմացի՛ , կանայք ազատ տղամարդկանց տանել չեն կարում, եթե էդ տղամարդն իրենցն ա․․․

— Իսկ եթե իրենցը չի, - ժպտալով մտքից հարցրի

— Եթե իրենցը չի` կսիրահարվեն․․․

Մեքենայով իջա կենտրոն, կանգնացրի Մատենադարանի մոտի կրպակի պարկովկում։  Կրպակի ապակե պատին հենված ծխում էի: Անսովոր էր օրը ցերեկով ստեղ գտնվելը, կրպակը սովորաբար ուշ գիշերով խմած տուն գնալու միջանկյալ հանգրվանն էր՝ սիգարետ ու ջուր առնելու։ Անձրեւը կցկտուր ամպերի տակից հասցնում էր մի քանի կաթիլ արհամարհական շպրտել վրադ, արեւը արանքից հասցնում էր ծիկրակեր ու չորացնել կաթիլները: Վերեւում ոստիկանական խմբեր էին կուտակված՝ ավտոբուսներով, ներքեւում ցույց էր պատրաստվում: Օրը խառն էր հիմա ու անկանխատեսելի ապագայում: Գրեցի. 

— Ի՞նչ եղար

— Սպասի, զենքերս եմ դասավորում, - առաջին անգամ դու-ով ինձ դիմեց։

— Տանկով արի պրծի

Ոստիկանական խմբերը խտանում էին վերևում , ներքևից ցույցի լոզունզգներն էին աղոտ լսվում, անձրևը հաճախանում էր․․․20 րոպե էլ սպասացրեց ու հիմա էլ գրեց բա թե․ 

— Միհատ խանութ էլ պիտի մտնեմ ճանապարհին

— Ստեղ կրպակ կա

— Տնտեսական եմ մտնելու

— Կարո՞ղ եմ հետաքրքրվել ինչ ես առնելու։ Ուշանում ենք։ Ա չէ, ուշանում եմ։

— 5 րոպե

— Առնելու ես չագուչ, մկրատ ու ռազվադյոյ կլյուչ՞

— Չէ, դրանք տնից եմ հետս վերցրել 

5 րոպեից արևը դուրս եկավ էլի ու էնքան անթաքույց, կարծես անձրև էսօր չէր էլ եկել։ Կանգնած երկնքին էի նայում, երբ ճռռիկի ձենից հայացքս ստիպված եղա կտրուկ իջացնել․ օրիորդն էր իր կարմիր մաշինկայով։ Ժպտացի։ Բայց տեղիցս չշարժվեցի։  Սիգնալ տվեց երկու անգամ, շարունակում եմ կրպակին հենված ծխել։ Պատուհանը իջացրեց, նայեց տակից․ 

— Նստե՛ք,  - արհամարհական ասում ա՝ անցնելով էլի դուք-ին

— Չեմ կարծում՝ դա հնարավոր ա

— Այսի՞նքն

— Այսինքն պայմանագրի կետը ինձ թույլ չի տալիս դուռը բացել եվ նստել, հարգելի կողմ 2։ Դուռը բացել եվ փակելը կողմ 1-ի նստելուց կողմ 2-ի պարտականությունն է։

— Ես չեմ բացելու․․․Նստե՛ք, գնանք։

Գլխով “չէ” եմ ասում Կիսահիստերիկ փռթկոց ա հանում ու կրկնում․ 

— Չե՛մ բացելու․․․․միհատ հետ նայե՛ք․ սաղ ոստիկաններ են, կարող ա պապայի կոլեգաներն են, պետք չի ինձ տեսնեն։

Առանց գլխի՝ միայն հայացքով, հասկացնում եմ, որ չէ, չկպավ։ Հայացքներով իրար ենք նայում։ Կտրուկ իր դուռը բացում ա՝ էնքան ուժեղ որ գնում ու հետ ա գալիս, էլի բրդում ա՝ էս անգամ ոտքով, դուրս գալիս մեքենայից, իրա դուռը բաց թողնելով արագ քայլերով մոտենում ա իմ՝ ետևի դռանը ու բացում։ Մոտենում եմ, նստում եմ՝ հայացքս գցելով վերեւի ոստիկաններին, որոնց կեսը ծռված ու զարմացած նայում էին մեր կողմ։ Դուռը հետևիցս չի փակում, դե ի՞նչ, ես էլ չեմ փակում, գնում ա,  նստում ա իրա տեղը ու տեղից պոկում ա մեքենան, իմ կողմի բաց դուռը գնում գալիս ա օդում,  կտրուկ արգելակում ա, շրջվում ա ետ՝ իմ կողմ ու համարյա գոռում․ 

— Փակե՛ք դուռը

— Եթե ուզում ես քո պարտականությունը կատարեմ քո տեղը, առնվազն պիտի խնդրես, - անվրդով, բայց ժպիտս խեղդած  ասում եմ ես։

Ետ ա շրջվում, ղեկը երկու ձեռքով բռնում ա, նայում ա դիմապակուն՝ հեռվին, մի քանի վայրկյան, հետո նայում ա հետևի հայելու մեջ՝ ինձ՝ կայծկլտացած աչքերով։ Հավաքում ա իրան, էլի շրջվում ա դեպի ինձ ու ասում․ 

— Որ խնդրեմ, կփակեք դուռը։

— Իհարկե, - ասում եմ ու առանց վարանելու փակում ետևի նստատեղիս դուռը։ 

Քշում ա։ 

Մի քանի րոպե լուռ ընթանում ենք՝ դեռևս քաղաքի փողոցներով ընթանալով։ Աչք եմ գցում կողքս՝ նստարանին։ Իր մեծ արևային գլխարկն էր ու մեկ էլ կապույտ ինչ-որ բան։ Կապույտը վերցնում եմ ձեռքս, դեռ չեմ հասկանում ինչ ա, հարցնում եմ․ 

— էս ի՞նչ ա 

Նայում ա ետևի հայելու մեջ, չի պատասխանում։ 

— Անձրևանո՞ց ա, - հարցնում եմ

— Այո

— Սրա համա՞ր էիր մտել տնտեսական

— Հա

Ժպտում եմ ու նկատում, որ դիմացի՝ իր կողքի նստարանին էլ նույնի դեղինն ա։ Ժպտում եմ ու աշխատում եմ թաքցնել ժպիտս ու որոշում եմ, որ էսօր էլ կյանքը չեմ ուտի։ Միայն թե ինքը չսկսի նորից։ 

2 րոպե անց սկսեց։ Ես էլ։ Ու տենց իրար ուտելով, կծելով, իրար վրա ազդելով հասանք չայնիյ։ Չայնիից մինչև սևան բառ չփոխանակվեցինք։ Միայն պահ առ պահ հայացքներ իրար բռնեցինք՝ ետևի հայելու մեջ։ 

Հասանք Սևան։ 

— Ափին, որ մոտենաս, կկանգնես

— Ոչ, Դիլիջանում Ձեր հացը կուտեք

— Ես հաց չեմ ուտում

— Բա ի՞նչ

— Սևանին եմ նայում

— ֆֆֆ․․․

— ֆշշ, ֆշշում ա Սևանը 

Կանգնեց էն սովետական վիշկի մոտ։ Ինքը մնաց մեջը, ես դուրս եկա մեքենայից։ Սևանը քամոտ էր՝ պոռթկումներով։ Բարձրացա դիտաշտարակի վրա։ Վերևում քամին միայն ուժեղացավ։ Սևանը սովորականի պես մռայլ էր, իրան շուրջն առած լեռների պես՝ պինդ ու ծանր,  բայց էսքան սև երբեք այն չէի տեսել։ Ջուրը հեռու էր, բայց ջրի հայելու խաղից սառնությունը զգում էիր ուղեղիդ բջիջներով  ու մարմնիդ վերջույթների հիշողությունով։

“Անխոս քարանում ու նորից խաղում,

Անդունդից ելնում, դեմքիս ծիծաղում,

Խուլ շառաչում են — լարում են թակարդ... “։

Վ․Տ․

Ետ շրջվեցի դեպի մայրուղին՝  մեքենան տեղում կանգնած էր․ նստած էր դեռ ներսում։ Նկատեցի, որ իրա պատուհանը իջեցրեց։ Հետո դանդաղ բացեց դուռը՝ կարծես ստուգելով օդը, պայմանավորվելով եղանակի հետ, որ իրեն շատ չսառացնի, հետո նույնքան դանդաղ դուրս եկավ մեքենայից եվ քայլեց եթերային քայլքով, բայց ինձ մոտ՝ աշտարակաի վրա չբարձրացավ, տակով մոտեցավ լճին եվ սկսեց դանդաղ ետ ու առաջ անել ժայռոտ բարձր ափով։ Հետեւում էի իրեն:  Ինքն էլ էր մռայլ։ Բայց Սեևանի պես չէ։ Սևանը մռայլ էր իր բնույթով, ինքը՝ մեկի պատճառով։  Սեւանը զայրացած չէր, կատաղած չէր, այն պարզապես իր բնույթն էր անում։ Իսկ ինքը կարծես էդ բնույթի մեջ պատահմամբ մոլորված աղջնակ լիներ։ 

Կրկին հեռվին նայեցի՝ սեւանի սեւ հայելու հորիզոնի վերջում լեռներն էին՝ կիսով չափ ծածկված ամպերով, որոնք հերթի մեջ կանգնած դանդաղ իջնում էին դեպի լճի ափը ու ամպ առ ամպ ծածկում այն հայացքից։ Քամին ըտեղից էր գալիս, հեռվից փչող քամի էր, ալիքները հերթով գլուխ էին բարձրանում՝ մինչև պարանոց, մի պահ թվում էր՝ հիմա պիտի ցատկեն, բայց վերջին պահին էլի փռվում էին ջրի վրա ու գալիս հարվածում ժայռին ու ետ գնում ու էլի գալիս՝ կրկնվելով։ Ամեն ինչ շարժվում էր, բայց ոչինչ չէր փոխվում։

Ինքը քայլում էր դեռ լճի եզրով, ետուառաջ անում: Մի պահ կանգնեց՝ հայացքը ջրին ու էնքան երկար ու անշարժ մնաց, որ թվաց արմատներ գցեց ժայռին: Հետո շատ դանդաղ գլուխը իջեցրեց, նայեց ժայռին հառվածող ալիքներին: Կարծում եմ՝ լիճն էլ իրեն նայեց: Կարծում եմ մի երկխոսություն սկսվեց նրանց միջև՝ շարժվող ափին հարվածող լճի ու անշարժ ձեռքերը գրպաններում պահող Լելիայի միջև։ Հանեցի հեռախոսը, նկարեցի իրեն։ Արտակարգ կոմպոզիցիա էր՝ լիճն ու աղջիկը, լիճը ալիքներով բարձրանում էր ժայռի համարյա ծայրին,ուր աղջիկն էր,  բայց նրան ծածկել չէր հասցնում եվ դատարկաձեռն հեռանում աղջկա մոտից։ Աղջիկը նայում էր կրկնվող ալիքներին, որոնցից մի քանիսի հարվածից թռած կաթիլները հասնում էին իրեն, եվ աղջիկը ետ-ետ էր գնում՝ վախենալով ջրի բնույթից։ 

Հեռվից հասած պոռթկումով քամին հարվածեց մարմնիս ու դեմքիս, ստիպեց ձգվել, որ ոտքերի վրա կանգնել լինի։ Ներքև նայեցի, շրջվեց մեջքով քամուն, մի պահ հայացքը վերև բարձրացրեց՝ հայացքի ծայրով հատվելով իմի հետ, հետո իսկույն փախցրեց հայացքը ու գլխին բարձրացրեց հուդին։ Իջա աշտարակից։ Քայլերս դանդաղ էին, քարերի վրայով չխկչխկոցը կորում էր քամու ու ջրի աղմուկի մեջ։ Մոտենալս զգաց, բայց չշրջվեց։ Կանգնեցի կողքին՝ մի քանի քայլ հեռու, որ չխախտեմ էն սահմանը, որը դեռ առավոտվանից էինք գծել մեր միջև։ 

— Սառնոտ ա անգամ մայիսի համար, չէ՞ - ասեցի 

Գլուխը թեքեց իմ կողմ՝ զուտ ցուցադրելու որ նկատել ա, որ էստեղ եմ, ու իսկույն շրջվեց՝ եվ մեջքով եվ հայացքով ու քթի տակ ասեց․ 

— Զզվում եմ Սևանից․․․

— Իզուր, - ասեցի։ Հարցական վրաս նայեց, — Սևանին պետք ա ընդունել ի գիտություն ընդամենը, - ավարտեցի 

էլի վրաս նայեց՝ զուտ զզվանքն ու մուննաթը տեղ հասցնելու համար ու շրջվեց ու սկսեց քայլել․․․

— Մեքենայի մեջ կսպասեմ քեզ, - ասեցի, - թողնեմ քեզ քո զզվանքի հետ

Գնացի նստեցի պայմանագրով արգելված առջևի նստատեղին՝ ակնկալելով, որ հեսա գալու ա կռիվ անի էդ փաստի հետ։ Բայց մի րոպե անց եկավ նստեց մեքենան ու առանց վրաս նայելու խոդ տվեց մեքենան ու արագ քշեց Սևանով՝ մտնելով թունել։ 

Հասանք Դիլիջան։ Վարորդին ցուցում տվեցի քշել Թավա ռեստորանի մոտ։ Հասանք պարկինգ։ Ամրագոտիս արձակեցի, դուռը բացեցի, նայեցի վրան՝ տեղից չի շարժվում։ Ստիպեց հարցնել․ 

— Չե՞ս գալիս

— Ոչ, չասեցի՞ք՝ վարորդը մեքենայի մեջ կսպասի

— Ասեցի, եթե վարորդը սոված չի, թող մեքենայի մեջ սպասի

— Սոված չեմ, մերսի

— Դե արի սուրճ կխմես

— Սուրճ չեմ խմում, - ասեց դատապարտելով հիշողությունս, որ համարձակվել էր մոռանալ իր սուրճի հանդեպ վերաբերմունքը

— Ամեն դեպքում հրավիրում եմ Ձեզ, օրիորդ, միասին ճաշելու

Միքիչ վարանեց, հետո ամրագոտին արձակեց, հասկացա, որ համաձայնեց։ Ես շուտ դուրս եկա մեքենայից ու կանգնած սպասում էի իր պատրաստվելուն։ Դուրս եկավ, եկավ անցավ կողքովս, առաջ ընկավ ու քայլեց դեպի մուտքը՝ կարծես ինձ հետ չէր։ Ինձնից շուտ մտավ ներս, բայց իմ մտնելուն պես տեսա կանգնած ա։ Սպասում էր, որ սեղանը ես ընտրեմ։ Ընտրեցի, նստեցինք, մատուցողին մի մեծ ու բոլ սեղան պատվիրեցի։ Աչքի տակով վրաս նայում էր։ Հետո ասեց՝ կարծես թույլտվություն խնդրելով․ 

— Ես միհատ գնամ լվացվեմ գամ, հա՞

Նայեցի․ սպասում էր… չէ, ինքը լուրջ սպասում էր, մինչև չասեի՝ լավ, չէր գնալու։ Լավ, գնաց, հետ եկավ, սեղանը արդեն մասամբ գցած էր։ Ասեցի հետս դուրս արի բալկոն ծխենք։ Եկավ։ Վրաս չէր նայում։ Ու դրանում էլ կար պրինցեսսայություն, ո՞նց,  բա պրինցեսսայի հայացքին պետք ա արժանանաս։ Հեչ էլ նայես, ես քեզ ոչ թե կնայեմ, այլ կուսումնասիրեմ։ Ոտքից գլուխ ստուգեցի՝ ներքևում նյու բալանսներ սև ջինսերի հետ, վերևում հուդի՝ մաքսիմալ շաբաթօրյա քեժուըլ, առանց մեյքափի՝ մեյքափը կարող ա իմ վրա վերցնեի։ 

— Նյու բալանսնե՞ր ես սիրում

Ուզում էր նայեր ինձ, կես ճանապարհին հիշեց, որ արգելել ա ինքն իրան, ու նայեց կոշիկներին, շարժեց դրանք տեղում ու ասեց․ 

— Հարմար են

— Ու բարձր են, բոյին ավելացնում են․․․Բոյդ ինչքա՞ն ա։ 

Զզվանքով դեմք ընդունեց, ուղղեց ինձ ու ասեց․ 

— Քո չափ բոյով չեմ

— Մեղադրու՞մ ես ինձ բոյով լինելու մեջ

— ՖՖ․․․ 

Մտանք ներս, սկսեցինք ճաշել, կատակներ էի անում, ծիծաղում էր, անգամ երբ իր մասին էին կատակները, տրամադրությունը բացվում էր, հետս խոսում էր, վրաս նայում էր, մենյուն արտակարգ համեղ էր, անցանք դեսերտին, որը էլի զարմացրեց չափերով ու քիմքին շոյելով։ Մի պահ լռեցինք։ Հարցրեց․ 

— Բա հետո՞

— Ինչը՞

— Հետո ի՞նչ ենք անելու․․․Ահ, կներեք, ձերնդ գերազանցությունը ի՞նչ ա պատրաստվում անել հետո Դիլիջանում։

— Չգիտեմ, ընկերոջս ամառանոցի բանալիները մոտս են, կարող ենք ընդեղ գնալ, միքիչ հանգստնանանք վերադառնալուց առաջ։

— Ես ուրիշ տեղ եմ առաջարկում։

— Ու՞ր։

— Կտեսնեք

Նստեցինք մեքենան, քշեց։ Քշեց իմ կյանքում հանդիպած ամենասիրուն ճանապարհով՝ կանաչ ու խիտ անտառի միջով, լեռների վրայով, ոլորաններով։  Տարվա ամենականաչ պահն էր՝ գարնան լիարժեք արթնացումը՝ ծաղկունքը։ Ամեն ինչ թաց էր, թարմ, մաքուր  ու մի քիչ անիրական։ Մեկ բարձրանում էինք՝ ճղելով ամպերը, մեկ իջնում՝ սուզվելով մառախուղը ու էլի դեպի կանաչ մակերես դուրս լողալով։ Հեքիաթից համրացած միայն ժպտալով թռչում էինք ճանապարհով։ Ձեռքը տարավ դեպի մեքենայի առաստաղ ու սեղմեց կնոպկեն․ պանոռամային տանիքը բացվեց։ Պատուհանները իջեցրեց ու ասեց առաջին անգամ առանց ժխտելու՝ կարող եք նկարել։ Վերցրի հեռախոսը, վիդեոն միացրեցի, ռեքը տվեցի ու էդ պահին կադրի մեջ բարակիկ ձեռքի մատերը ձգվեցին, ու փլեյ կոճակը սեղմեցին մեքենայի էկրանի վրա։ Էլի սինատրան էր՝ You're just too good to be true can't take my eyes off of you…

Կտրուկ շրջադարձ արեց, ու ճանապարհը կարծես միանգամից վերջացավ․ հայտնվեցինք միջնադարյան վանքի մոտ։ Համալիրի մի հատվածը մառախուղի մեջ էր կորել՝ քարե պատերը մեկ երևում էին, մեկ նորից ձուլվում սպիտակին։ Դուրս եկանք։Անձրև էր կաթկթում՝ սառը, թարմեցնող, բայց չխուսափեցնող։  Ամեն ինչ կանաչ էր ու շուրջբոլորը ծաղկած:

Դուրս գալուն պես զգոնությունը միացրեց։ Նույնիսկ տեսա՝ ոնց։ Մեքենայի մեջ դեռ նորմալ մարդ էր, երաժշտությունը անջատեց, դուռը բացեց՝ արքայադուստրը վերադարձավ։ Ու սկսեցինք շրջել համալիրով ոնց որ իրար հետ չէինք եկել։ Ինքը՝ մի կողմ, ես՝ մի կողմ։ Մեկ-մեկ հանդիպում էինք նույն պատի, նույն խաչքարի կամ նույն ծաղկած ծառի մոտ ու նորից ցրվում։

Որոշեցի հեռվից հանեմ, նկարեմ իրան։ Առաջին կադրերում ձևացրեց, թե չի նկատում։ Հետո նկատեց։ Կադրերից մեկում հասցրեց մեջտեղի մատը ցույց տալ, մյուսում՝ հուդին գլխին քաշել ու փախչել կադրից․ երրորդում արդեն կանգնեց, ուղիղ օբյեկտիվին նայեց ու լեզու հանեց։ Սկսել ա լկստվել արքայադուստրը։

Իսկ լկստվելը իմ տարածքն ա։

Բայց էսօր չէ։ Չէ՛, էսօր ես ուրիշ գործ ունեմ։ Էսօր ես պետք ա իրա սպասումները ջուրը գցեմ։ Ինքը սպասում ա, որ ես պիտի օգտագործեմ էս առիթը։ Դե բա էլ ինչի՞ համար ենք երկուսով եկել էս սիրուն, մառախլապատ, անձրևոտ, միջնադարյան դեկորացիայի մեջ։ Սպասում ա՝ մի պահ պիտի մոտենամ, մի բան ասեմ, մի բան նախաձեռնեմ։ Դրա համար էլ զենքերը պատրաստ բերել ա հետը։ Լարված ա, զգոն, սահմանները գծած, հրանոթների պրիցելը ՝ դեպի ինձ ուղղած։ Սպասում ա էն պահին, երբ ես մի քայլ առաջ կանեմ, որ ինքն էլ հաճույքով ինձ տեղը դնի։ Ավելի ճիշտ՝ ինձ իմ տեղը ցույց տա։

Շատ բարի։

Սպասի։

Սպասելով էլ մնա։

Զենքերդ ծանր հետդ քարշ տուր ամբողջ վանքով՝ արտակարգ թեթև օրդ ծանրացնելով։ Ամեն անգամ, երբ կողքովդ անցնեմ, պատրաստվի, որ՝ հեսա։ Ամեն անգամ, երբ կանգնեմ կողքիդ, մտածի՝ հիմա։ Ամեն անգամ, երբ քեզ նայեմ՝ դե, սկսվեց։ Ու ոչ մի բան էլ չի սկսվի։Հետո կնստենք մեքենան։ Կքշենք հետ։ Օրը կվերջանա։ Ու դու կմնաս էն անհարմար մտքի հետ, որ ոչինչ էլ չեղավ։ Որ էդ ամբողջ պաշտպանությունը բերել էիր մի պատերազմ, որը ոչ ոք չէր հայտարարել։ Գուցե մի քիչ էլ վատ զգաս, որ էդպես էիր տրամադրվել մի մարդու հանդեպ, որն ամբողջ օրը քեզնից ոչինչ չուզեց։

Հետո վերաիմաստավորի։

Ինձ էլ։

Օրն էլ։

Քեզ էլ։

Անցկացրու մտքովդ ու արտակարգ կանացի աշխատող ենթագիտակցությունովդ։ 

Մի պահ կորավ։ Մտավ երևի մատուռներից մեկը։ Չգնացի հետևից։ Դրսում՝ քարե պատնեշին հենված, հանեցի ծխեցի։ Անձրևը դեռ մանր կաթկթում էր, ծուխը մի երկու վայրկյան մնում էր դեմքիս դիմաց, հետո մառախուղի հետ խառնվում ու անհետանում։ Սպասեցի։ Դուրս եկավ։

— Չե՞ք ուզում մտնել ներս։

— Չէ։

— Աստծո հեետ խոսեեեք, մեղքերի թողություն ուզեեեեք, ձեր գերիներին բաց թողնեեք։

Աչքերս կկոցեցի լկստվող կատվի վրա։

— Վստահ եմ՝ Աստված ամենատես ա։ Գրագողներին էլ ա տեսնում, ինձ էլ։ Ում ների, ում պատճի՝ արդար կլինի։

Ֆշշցրեց վրաս ու գնաց մեքենայի մոտ։ Նստեցինք։ Շարժվեցինք։

Ճանապարհին համ ինձ էին շատ զանգում, համ իրեն։ Ինքը ընկերուհիների հետ էր պայմանավորվում՝ մյուսի ծնունդն էր, գիշերը տասներկուսին պիտի գնային տուն, շնորհավորեին։ Զանգերը վերջանում էին, մեքենան նորից լռում էր։ Մի քանի րոպե հետո նորից մեկի հեռախոսը զանգում էր։ Հետո էլի լռություն։

Հասանք Սևան։ Մթնել էր արդեն։

Լուռ էինք։

Ինքը դեռ լարված էր, բայց արդեն հասկանում էր՝ կիլոմետր առ կիլոմետր իր սպասումն ապարդյուն ա դառնում։ Դիլիջանը մնացել էր հետևում, վանքն էլ, մառախուղն էլ, անձրևն էլ։ Բոլոր էն հարմար դեկորացիաները, որտեղ իր հաշվարկով ես ինչ-որ բան պիտի անեի, հերթով վերջանում էին, իսկ ես ոչինչ չէի անում։

Պահ առ պահ հայացք էր գցում վրաս։ Կարճ, կողքից։ Էնպես, որ իբր ճանապարհին ա նայում, բայց ստուգում ա՝ ես դեռ նո՞ւյնն եմ, թե՞ վերջապես պատրաստվում եմ սցենարի իմ մասը խաղալ։ Չէի պատրաստվում։ Զանգեց Էմմըչկեն ինձ։

— Վիգիիիիիկ, ոոոո՞նց ես, ուուու՞ր ես։

— Լավ եմ, Դիլիջան եմ։

— Այսինքն՝ Դիլիջա՞ն։

— Այսինքն՝ Դիլիջան՝ Տավուշի մարզ։

— Լավ չե՞ս, չե՞ս գալու էսօր։

— Ո՞ւր չեմ գալու։

— Իվենթին։

— Աաահ… Իվենթիիին…

Լելիան շրջվեց։ Ոչ թե ուղղակի նայեց՝ շրջվեց։ Քննող հայացքը միանգամից վրաս ֆիքսվեց։Մի քիչ թեքվեցի դեպի պատուհանը։

— Գալու եմ, ոնց չեմ գալու։ Ուղղակի մի քիչ կուշանամ։ Դուք տժժացեք, ես մի քսան րոպեից կլինեմ։

Լելիան ֆռռաց ու արդեն բացահայտ կասկածանքով ու թերահավատությամբ սկսեց վրես նայել՝ կասկածանքը իհարկե քողարկելով իմ ասած 20 րոպեից լինելու խոստմանը․ մի ժամվա ճանապարհ դեռ ունեինք։ Ձեռքով դիմապակուն ցույց տվի՝ հասկացնելով՝ ճամփիդ նայի։

— Լաավ, դե սպասում ենք, կգաս անպայման։

Անջատեցի։ Լելիան նույնիսկ էն քաղաքավարի երկու վայրկյանը չպահեց, որ ձևացներ՝ խոսակցությունս իրեն ընդհանրապես չէր հետաքրքրում։

— Տեղ եք գնալու հետո՞։

— Հա։

— Հետաքրքրվե՞մ՝ ուր։

— Էլեկտրո երաժշտության իվենթ ա… Մոռացել էի լրիվ։

Մի քանի վայրկյան լռեց։ Հետո արդեն լրիվ ուրիշ իմաստ ստացավ էդ ամբողջ օրը։ Պարզվեց՝ ես ոչ միայն չէի պատրաստվում օգտվել մեր «մենակ մնալու բացառիկ հնարավորությունից», այլ էդ օրվա վերջում ուրիշ տեղ էլ ունեի գնալու։ Կյանքը, պարզվում ա, վանքի ավտոկայանատեղիում կանգնած իրեն չէր սպասում։

— Ինձ իմ ավտոյի մոտ կհասցնես, չէ՞, - հարցնում եմ

— Ոչ։ Ըստ պայմանագրի՝ ես Ձեզ բնակության հասցեով պիտի տանեմ։

— Ըստ պայմանագրի՝ դու արդեն մի տասը կետ խախտել ես։

Նայեց վրաս։

Միիաժամանակ ուզում էր հարցնել՝ «ո՞ր կետերը», ու շատ լավ գիտեր, որ ավելի ապահով ա չհարցնել։

— Կտանեմ, - շպրտեց վրաս։ 


Սևանում,  լճի ափով անցնելուց հեղեղ սկսվեց՝ արագ ու մեծ կաթիլներով, տեսանելիությունը կտրուկ իջավ։ 

— Կուզես ես քշեմ էսքանը, հոգնած կլինես։

— Չէ, կձգեմ, ուղղակի դուք էլ ուշադիր եղեք ճանապարհին, - ասեց ու էլի միացրեց իրա փլեյլիստը։ 

Հասանք Երևան, մատենադատարի կրպակի մոտ։ Մեքենաս միայնակ կանգնած էր մութ  կրպակի փակ դռների մոտ։ Շրջվեցի դեպի իրեն, նայում էր շիտոկին, հետո շրջվեց դեպի ինձ, բայց ղեկը ձեռքերից բաց չթողեց։ Ասեցի․

— Դե ինչ, քեզ եվ ինձ բարի ժամանց․․․Նույնքան լավը, որքան մինչ այս էր․․․

Լռեց, թուքը կուլ տվեց, ժպտաց, միգուցե խոսք էր պատրաստվում ասեր, ասեցի․ 

— Ցտեսություն, զգույշ կքշես

— Ցտեսություն

Դուրս եկա, մոտեցա մեքենայիս, ինքը դեռ չէր շարժվում, նստեցի, խոդ տվեցի, լույսերը միացրի, նոր ինքը քշեց։ 


Մտա Հայֆիլմի սրահ։ Լիքն էր, մի 5 հազար մարդ կար՝ բոլորը խմած ու ոչ միայն։ Լոքեյշնը կայֆն էր իսկապես։ Երաժշտությունը վատը չէր, դե էն շատ կրկնվող դդըքը-ցըքըն չէր, պահ առ պահ զարգացում էր ապրում։ Էմմըչկային ու Նատալիին գտա առանց զանգելու անգամ։ Գրկեցի, ու գրկած տարա երկուսին բառի մոտ՝ հյուրասիրելու իրանց սիրած տեկիլլա սանռայզով։ Խմեցինք, խնդացինք, ցքցքացինք, մուդը արտակարգն էր, ես՝ սիրահարված ու խմած, խմիչքը տեղում, երաժշտությունը սրտովս, օրիորդները կողքիս՝ իմ խելքի։ Դուրս էինք գալիս պարբերաբար ծխելու ու հետ գալու։ Կեսգիշերն էր մոտենում, երբ մեկ էլ վիբրացիա զգացի գրպանումս, բացեմ տեսնեմ ֆոտո ա ուղարկել՝ օդանավակայանի շենքի տեսարանը։ 

— Աէրոպորտու՞մ ա ապրում հոբելյարը

— Չէ, մյուս ընկերուհին ա աշխատում, եկա իրան վերցնեմ

— Պարզ ա

— Բա վարորդի ռեվյուն ու՞ր ա։ Քանի՞ աստղ վայելեցի։

— Վայելեցի՞ր

— Էէէ, վաստակեցի

— Оговорка по Фройду….

— Վաայ դեե

— 4.9

— 🙂

— Դե ասա, հարցրու՝ ու՞ր ա 0․1-սսսս

— Չէ, չեմ ասի։ Պարոնը մի բանից պիտի դժգոհ լիներ էլի իրա ոճով։

— 4․9-ը վաբշետը գոհունակություն ա։

— Ու՞ր ա 0․1-ս

— Սևանա լճի հատակին

— Սուզվեք, բերեք

— 4․9-դ վայելի

— ՖՖ, ես գիտեմ որ ես լավ վարորդ եմ

— Կարաս տենց մտածես․․․Իսկ կարաս մտածես տեսականորեն քեզանից լավը կա չէ՝ 5․0-ն ) 

Ուղարկեցի ու հեռախոսս դրեցի գրպանս։

— Վիգեն, դու էսօր մեզ չե՞ս հյուրասիրելու, թե՞ ամբողջ բյուջեդ Դիլիջանում ես թողել,— գոռաց Նատալին երաժշտության միջից։

— Ես ձեզ արդեն հյուրասիրել եմ։

— Մի անգամը հյուրասիրել չի համարվում։

— Երկու անգամը արդեն սիրահետել ա, իմ թանկագին Նատալի Էմմըչկեն մտավ թևս, մյուսով Նատալիին բռնեցի, գնացինք դեպի բառ, որտեղ նենց հերթ էր, կարծես 90-ականներում ամերիկայի օգնությունն էր եկել։ Նատալին մի պահ կորավ։ 

— Ես ջինտոնիկ եմ ուզում , - հայտարարեց Էմմըչկեն

— Դու տեկիլլա սանռայզ էիր խմում

— Մարդիկ փոխվում են, Վիգիիիկ

— Կանայք հատկապես, չէ՞

— Օօօյ, պարոն Գոռոզյանը՝ կնագետը խոսեեեց

— Մի ջինտոնիկով հոգիդ կառնե՞մ, սիրելիս։

— Օհ, հիմա էլ Սատանան խոսեց իրա շուրթերով

— Ինչի՞ Սատանայի պես թովիչ եմ, Էմմըչկա

— Իսկական սատանան կինն աաա, հիշիիի, Վիգիկ

— Դե վերջացրու, Սատանան հաստատ տղամարդ էր

— Ի՞նչ գիտես էէ

— Պոզերով կին տեսած կա՞ս

— Ահահահա

Հերթը հասավ․ 

— Երկու ջին եվ երկու տոնիկ, ջինը գլխավոր դերում, տոնիկը դեկորացիա զուտ, - գոռացի բարմենին

— Երեե՜ք ջինտոնիկ, - Նատալին հայտնվեց ու  խցկվեց մեր մեջ

— Երեք ջին, երեք տոնիկ, մոնսյո բարմեն

Բարմենը սկսեց պատրաստել, ուշադիր էի ջինի լցնելու պահին, որ լավ լցնի, լցրեց, հայացքս թեքեցի, մեկ էլ Նատալին հարցնում ա․ 

— Դու քեզ չես հարցնում՝ մենք քեզանից ի՞նչ ենք ուզում։

— Արդեն հարցրել եմ, ասել եք՝ ջինտոնիկ

— Իսկ կարող ա ամազոնուհիների պես քեզ ուզում ենք տանել կղզում գերի պահել։

— Էդ կղզում դռեսսկոդը թոփլեսս ա՞

— Յախկ, - ինձ խփելով ու ծիծաղով ասում ա Էմմըչկան, - մտքիդ մենակ էդ ա

— Չէ, մեկ-մեկ գործի մասին էլ եմ մտածում։

— Մեկ-մե՞կ

— Հա, բայց աշխատում եմ էդ վատ սովորությունից ազատվեմ

— Դու անհուույս ես

— Դրա համար էլ ինձ սիրում եք

— Ո՞վ ասեց սիրում ենք

— Ձեր պահվածքը, ես մարդկանց խոսքերին վաղուց չեմ հավատում, հոգիս

— Վաայ, փիլիսոփան էլ եկավ, - Նատալին աչքերը պտտացրեց

Բարմենը բաժակները դրեց դիմացներս։ Վերցրի, մեկնեցի իրենց։ 

— Էմմըչկա, - մեկնեցի բաժակը

— Մերսիիի

— Նատալի, - մյուսը մեկնեցի

— Շնորհակալ եմ, պարոն

— Իսկ սա ամենաչքնաղ անձին, - երրորդը վերցրի ինձ՝ ֆռթցրի։ 

— Նարցիիի՜իս, - գոռաց Նատալին

— Ինքնասիրահարված հնդկահավ,— ասում ա Էմմըչկան

— Չէ, ուղղակի դուք ինձ շատ եք գովում, ես էլ դե կանանց հավատում եմ։

— ՖՖՖ, Էն էլ որ կա դու, հաա՞։ Բա էդ ինչիիի հենց էդ բաժակը քեզ վերցրիր, հը՞ն։

— Սրա մեջ ջինը շատ էր

— Մերը քի՞չ ա

— Ձերը կանացի չափաբաժին ա

Երկուսն էլ թարս վրես նայեցին․ 

— Հիմա շատ սխալ բան ասեցիր, - սաստում ա Նատալին

— Գիտեմ

— Շատ, - պնդում ա Նատալին

— Կարամ ուղղեմ

— Փորձի

Իմ բաժակը մոտեցրի իրենցին ու իմից լցրեցի մի քանի կում ամեն մեկին ու հայտարարեցի․ 

— Ահա, ֆեմինիզմը 100 տարի անց հայֆիլմ կինոստուդիայում հաղթեց

Երեքով ծիծաղեցինք․ 

— Իսկ հիմա խմեք ձեր ջինտոնիկները, - հրամայեցի

Երկուսով շուրթերով հպվեցին բաժակներին։ Սպասեցի մի կում անեն։ 

— Տեսաք ինչ խելոք հնազանդվեցիք, մի րոպե էլ չանցած հայրիշխանությունը հետ եկավ։

— Յախկ, - գոռաց ջինով խեղդվելով Էմմըչկան, ու երկուսով ձգվեցին որ խփեն ինձ, երկուսից էլ փորձեցի խուսափեմ, ու երկուսից էլ ստացա։ 

— Ես քեզ մի օր ձայնագրելու եմ, - ասում ա Նատալին

— Ի՞նչ անես։

— Հետո ուսանողներիդ ցույց տամ, որ իրականում պարոն Գոռոզյանը էսպիսին ա։

— Ի՞նչպիսին։

Նայեց վրաս, մի երկու վայրկյան մտածեց։

— Չգիտեմ…Դու շատ տարօրինակ կոմբինացիա ես։

— Գեղեցիկ ու խելացի՞։

— Չէ։

— Հարուստ ու գեղեցի՞կ։

— Էլի չէ։

— Գեղեցիկն ամեն դեպքում թողնում ենք, չէ՞։

— Տեսա՞ր,— Նատալին Էմմըչկային դարձավ,— ինքը ցանկացած խոսակցություն վերջում բերում ա էնտեղ, որտեղ իրեն կոմպլիմենտ են անում։

— Ես չէ, դուք եք բերում, ես զուտ չեմ խանգարում։

Էմման մի կում արեց, նայեց ոտքից-գլուխ ինձ ու ասեց․

— Բայց դու էսօր ինչ-որ չափից շատ լավ տրամադրության մեջ ես։

— Սովորաբար վատ տրամադրության մե՞ջ եմ։

— Չէ։ Բայց էսօր ուրիշ ես։ 

— Էմմըչկա, երկրորդ բաժակից հետո արդեն հոգի՞ս ես մտնում

— Այ մաարդ, քո հոգի մտնելը հեշտ բան չի։ Բայց աչքերդ փայլում են։

— Ջինից ա։

— Դեռ չես խմել։

— Ուրեմն՝ ձեր ներկայությունից։

— Օօօօ՜,— երկուսով միաժամանակ ձգեցին։

— Բայց հիմնականում՝ քո,— ասեցի Էմմըչկային 

— Հեեյ, - Նատալին ձեռքը նեղացած դրեց կրծքին

— Ու հատկապես քո, - ասեցի Նատալիին, ու ծալված ձեռքը կրծքի վրայից հետ բերեցի, ուղղեցի — Ահահա, եկեք գնանք, պարեեենք

— Խմեք նոր, չթափվի ձեր փափագած ջինըը


Խփեցինք պլաստիկե բաժակները իրար, երեքով չըխկ գոռացինք, խմեցինք ու մտանք ամբոխի մեջ։ Երաժշտությունն արդեն նորից թափ էր հավաքում՝ բասը կամաց բարձրանում էր ոտքերից դեպի կրծքավանդակ։ Էմմըչկեն բռնեց ձեռքիցս ու քաշեց առաջ, Նատալին հետևից մեզ հասավ։

Ես սիրահարված էի, մի քիչ խմած, երկու ուրախ աղջիկ ձեռքերս բռնած ինձ քարշ էին տալիս հինգ հազար հոգանոց խելագարության մեջ, որտեղ ամեն երկրորդ քայլին ծանոթ մարդիկ էին, Երևանը էդ օրը Հայֆիլմում էր՝ խմած, ուրախ նյութերից բիբերը լայնացած, լազերային լույսերից աչքների թաղանթը լուսավորած, երաժշտությունից խլացած ու մի քանի ժամով ինքն իրեն մոռացած։ Օդում ծուխ էր, խոտի հոտ, թափված ալկոհոլ, տարբեր կրքեր ու մայիսյան խոնավ չչորացած գիշերվա սառնություն։

Կյանքից էդ պահին որևէ բողոք ներկայացնելը պարզապես անշնորհակալություն կլիներ։ Ինձ կնախանձեր անգամ օրվա վերջում 100 հոգի առած պոզավորը։ Հեռախոսս վիբրացիա տվեց էլի։ Նայեցի, վոյս մեսիջ էր ուղարկել։ Միքիչ առանձնացա ու հեռվացա բարձրախոսներից, ականջիս դրեցի հեռախոսիս բարձրախոսը․ 

“Արդեն տուն եմ գնում, ճանապարհին եմ․․․Շատ-շատ հոգնած եմ․․․Ինձ թվում ա ես վաղը մի ամբողջ օր քնելու եմ․․․․Բայց․․․Մմմ․․․Ճիշտ ա ինչքան էլ ներվային էի․․․[Դըխկ]․․․Օյ, էս ինչ փոս էր․․․Մմմ․․․Ինչքան էլ ներվային էի, ջղային էի․․․Բայց լավ օր էր․․․Դա չեմ կարող հերքել․․․Էնպես որ․․ շնորհակալ եմ”․․․Տպեցի․ 

— Նմանապես, օրիորդ․․․Զգույշ քշի, գրի տուն հասնես․․․

— Հասա արդեն․․․Ձեր անձրևանոցը մնաց ինձ մոտ․․․

— Ոչինչ, էլի անձրև կլինի․․

Չէ, պոզավորը հաստատ կնախանձեր:


Комментарии


  • Facebook

©2019 by vgermanyan. 

bottom of page