S O U L J O B : Job on Thesis
- Vag Germanyan
- 12 июл.
- 8 мин. чтения
IV
Ղեկավարիր իմ թեզը ինձ
Նոյեմբեր 2020
Ամեն չորեքշաբթի երեկոյան Լելիան գալիս էր դասերին։ Դե ես էլ։ Ես սովորաբար 10-15 րոպե ուշացած, Լելիան էլ՝ սովորաբար ինձնից 5 րոպե ուշացած միանում էր դասին։ Հետո պիտի իմանայի ուշացման պատճառը։ Միշտ նույն օրիորդաշակերտական կեցվածքով՝ ձեռքերը ծալած դրված` երբեմն մի ձեռքը բացած, ափով ծնոտի տակ դրած՝ հենված` ծաղկամանում դրած ծաղկամանի մի պատին հենված միքիճ կռացած ծաղիկ ) Միանում էր գրեթե միշտ խոհանոցից, 1-2 անգամ ննջարանից, բայց կեցվածքը միշտ օրիորդա-աշակերտական՝ ձեռքերը ծալած սեղանին, ննջարանի դեպքում՝ տրյումոյին։ Ուշադիր էի իր տեսքին։ Նա էն մարդկանցից էր, որ սթայլի են անգամ տանը՝ տան հագուստով։ Պիտի շատ դիտողունակ լինես, որպեսզի էդ պարզության մեջ ոճ նկատես։ Իսկ էդ ոճը կար, նա միշտ ուներ դրած ոճ ամեն ինչի մեջ։ Ինչպես ինքն էր ասում՝ ես մինչև մի բանի չսիրահարվեմ, չեմ հագնի։ Ի տարբերություն մնացած ուսանողների, նրան երբեք շեղված չեմ տեսել դասից։ Ոչ թե որովհետև չէր շեղվում, այլ որովհետև եթե պետքի համար ստիպված էր խոսել տանը հավանաբար ինչ-որ մեկի հետ կամ նկատում էի՝ հեռախոսն էր զանգում, անպայման անջատում էր կամերան, ավարտում շեղումը, հետո էլի միացնում կամերան, ձեռքը ետ տանում մկնիկից ու դնում մյուս ծալած ձեռքի վրա։ Դա բարեկրթության նշան էր, որը ես գնահատում էի։
Նա ակտիվ չէր դասերին, ընդհանրապես, իրեն լավ ուսանող չէի կոչի՝ թեպետ պարտաճանաչությունն ու պատասխանատվությունը իրեն չէին պակասում, բայց պակասում էր նյութով տարված լինելը։ Նյութին չէր սիրահարվում, տարվում էր ու շուտ մոռանում։
Շփումը իմ ու Լելիայի միայն գործնական-դասական էր, պարզ ու շիտակ ու բոլորի աչքի առաջ։ Դասավարական դասական։ Հարց ավագից, պատասխան դասախոսից, հարց դասախոսից, պատասխան ավագից․․․
Ի՞նչ էի անում չորեքշաբթի ու երեքշաբթի՝ դասերի օրերից դուրս։ Գլորում էի կյանքը։ Փորձում էի ջրի երեսին պահել բիզնեսը, եվ այն անգամ մեկ-մեկ դելֆինի պես ցատկում էր վեր մակերեսից, երեկոները Ջեքիի հետ դուրս էինք գալիս ֆռֆռալու, ամիսը մեկ Ջեքին փախնում էր ու ես մեքենան քշում էի անտառայինի փողոցներով ու կասկադի արանքներով՝ պռիդուռըկին փնտրելու, գրեթե երբեք չէի գտնում, հետ էի գալիս, տեսնում էի դարպասի մոտ կանգնած սպասում ա ապուշը, որ դուռը մեկը բացի։ Ամիսը 2 անգամ իջնում էի շենքի տիրոջ՝ ներքևի հարեվանիս մոտ խմելու ու գրականությունից խոսելու՝ եվ վերջում կանանց հիշատակելու ու բնորոշելու, ու դե իրար առաջ գլուխ գովալու, հետո տակիս հարևանը՝ 60-անց արիստոկրատը գլորվելով քայլում էր դեպի իր ննջարան, ես էլ գլորվելով բարձրանում էի իմ հարկ՝ կաբինետս, շաբաթը մեկ էլ խմում էի մենակով կաբինետում, հետո իջնում օֆիսիս տակի Ֆիեստան՝ բառը, ուր հարևանների բողոքներից չէին վախենում ու աշխատում էին մինչ շատ ուշ գիշեր, հետո էլ ավելի մեռած գլորվելով բարձրանում էի մի փողոց վերև՝ օֆիս, ընկնում բազմոցին՝ փորիս վրա, հետո գլորվում՝ մեջքիս վրա ու քնում։
Դեկտեմբեր 2020 թ․
Էդ ընթացքում սոցիալականը պարբերաբար ինձ առաջարկում էր ավելացնել Լելիա Միրզոյանին ընկերների ցանկում։ Հետաձգում էի․․․Եվ մի օր հետաձգեցի էնքան, որ դասի հաջորդ օրը՝ հինգշաբթի երեկոյան ստացա ռիքուէսթ․ “Lelia Mirzoyan sent you a friend request”. Դե ինչ, ընդունեցի։ Մի քանի օր անց էլ follow եղավ մի ուրիշ սոցիալականում՝ էն երջանիկ ֆոտոներովը, որտեղ ոչ մեկ չի հավատում ոչ մեկի երջանկությանը, բայց բոլորը նախանձում են միմյանց երջանկությանը։ Դե ինչ, ի պատասխան follow տվեցի։
Սոցիալական ցանցում ոչ մի կերպ չէինք հաղորդակցվում՝ անգամ լայքերով։
Մեկ-մեկ մտածում էի՝ ինչ ձև ա իրա կյանքը, ննջարանի պատուհանը որ կողմ ա նայում՝ արևելք թե արևմուտք, արագ ա քայլում թե դանդաղ, սիրտը տեսնես կոտրված եղել ա, քանի անգամ, տեսնես լացելիս ինչ տեսք ունի, ափերից կարողանում ա դուրս գալ ու ինչի համար, սուրճը շաքարով ա խմում թե առանց, ալկոհոլից ոնց ա փոխվում․․․ Ես լիքը ազատ ժամանակ ունեի ու ազատված հոգի՝ մտածելու ու պատկերազարդելու համար․․․
Դեկտեմբերի վերջ 2020
Մի օր օրը ցերեկով արթացա ու տեսա երկու բաց թողնված զանգ ինչ-որ 8-երով գոլդոտ համարից։ Հետ չզանգեցի ու անգամ մոռացա։ Կոֆես էի դրել, երբ էլի նույն համարից զանգեցին, մտածեցի էս չամուռն ով ա, չվերցրի։ Զանգը շատ երկար էր պահվում, էնքան երկար, որ հետաքրքրությունս արթնանում էր․․․Նայում էի համարին, համարը թարթում էր, ես կոֆես էի խմում։ 3 կում հետո զանգը ավարտվեց։ Եթե 5 կում պահեր, կվերցնեի։
Մտա սոցիալական, գրեց Լելիան․
— Բարև Ձեզ, պարոն Գոռոզյան, մի հարց ունենք խմբային աշխատանքի հետ կապված
— Բարև, Լելիա։ Ասեք
— Մենք 6 խումբ ենք, թեմաները 4-ն են։ 3 թեմա ընտրվել ա։ Հնարավո՞ր է մի թեման ոչ մի խումբ չընտրի։
Կիսամյակի քննությունը որոշել էի խմբային հանձնարարություններով անցկացնել, տենց ավելի արագ էր, գնահատում ես միանգամից 4-ին։ Տվել էի տարբեր շուկաներ՝ կոշիկի, գարեջրի, ոսկերչության, շշլացված ջրերի եվ պահանջել հետազոտություններ ու նախնական բրենդավորում։ Հարցրի․
— Քանի՞ խումբ ի՞նչ թեմա ա ընտրել։
— 3 խումբ ընտրել ա ոսկերչություն, 2-ը կոշիկ, 1-ը գարեջուր։
— Չէ, չեղավ, թեման 2 անգամից ավել չի կարող կրկնվել, ջրի թեման կարող եք չընտրել, եթե ոսկերչական մի խումբ փոխի թեման գարեջրի։ Ցուցակը խմբերի թեմաներով ինձ կուղարկես էսօր։
— Լավ, պարոն Գոռոզյան
Անցավ մի 5 րոպե, նորից գրեց․
— Պարոն Գոռոզյան
— Այո, Լելիա
— 098 8x8x8x իմ համարն է․․․Կարող եք հետ չզանգել․․․
— Ok
— Բայց գրանցեք համարս
Աչքերս կկոցեցի, բերանծ ծռեցի, հոնքս բարձրացրի, միտքս տարա-բերեցի, գրեցի՝ ok ու չգրանցեցի։ Ասում ա բա թե, իմ համարն ա, իմացի, ու հաջորդ անգամ զանգեմ՝ վերցրու։ Ինքը մտածում ա կարա ասի ինձ ինչ-որ բան ու մտածում ա որ իր զանգածը չվերցնելու միակ պատճառը կարա լինի էն, որ չիմանաս որ ինքն ա զանգում։
Գիշերը 11-ի կողմերը մտա տուն, տեսա օնլայն ա ու հիշեցի, որ տենց էլ չուղարկեց․
— Լելիա՞
— Այո, պարոն Գոռոզյան
— Ի՞նչ եղավ խմբերը, ի՞նչ որոշվեց
— Ձեր ասածով արեցինք,, իսկ ջրի թեման ջրեցինք գնաց)))
— ) Ցուցակը
— Հիմա կուղարկեմ
Ուղարկեց մեյլիս, ստացա, ձեն չհանեցի, գրեց․
— Ստացա՞ք
Բան չեմ պատասխանում, ավելացնում ա հարցականներ․
— ?????
Լելիա, Լելիա, неужели ты принцесса королевства наглости ).
— Չէ, չստացա
— Ո՞նց։ Սպասեք ստուգեմ․․․․Չէ, ճիշտ եմ ուղարկել, սպասեք նորից ուղարկեմ։
— Ուղարկի
— Ստացա՞ք
— Չէ։
— Իյաաա, սպասեք ուրիշ մեյլից ուղարկեմ։
— Սպասում եմ
— Հիմա ստացա՞ք, - աշխատանքային մեյլից բան ուղարկեց, աշխատանքի տեղն էլ իմացանք
— Չէէ, բան չի եկել
— Ո՞նց կարա տենց լինի
— Եսիմ, Լելիա, համարս կցած ա մեյլիս, կարող ա ալգորիթմը նկատել ա որ նույն անձի համարից զանգածը չեմ վերցնում, եվ մեյլն էլ ա որակել որպես սփամ եվ չի հասցնում ինձ )
Գրեց, ջնջեց, գրեց, ջնջեց, վերջում խմբերի ու թեմաների սքրինը ուղարկեց մեսսենջերով։։ Դե ստացա։ Ավելացրեց․
— Հիմա հաստատ ստացաք
— Հիմա ստացա
— Լավ, պարոն, Գոռոզյան
— Բարի գիշեր, Լելիա
Գրեց ջնջեց, գրեց ջնջեց, գրեց․
— bg
Քննությունը եղավ, բոլոր խմբերը՝ էդ թվում Լելիայենցը՝ գարեջրինը, ստացան միջին ու միջինից բարձր գնահատականներ։ Ոչ մեկին չկտրեցի։ Ոչ թե որովհետև արժանի մարդ չկար կտրվելու, այլ ալարում էի գալ հիմա էլ լիկվիդի։
Քննությունից մի քանի օր անց Լելիան լուսանկար ուղարկեց՝ իրենց խմբի անդամներով՝ քաղաքի գլամոտ “կոլլեկտիվ” սրճարանում նստած․
— Գարեջրի կոլլեկտիվով կոլլեկտիվում ))))
Ժպտացի իրեն տեսնելուց, պատասխանեցի․
— Ափսոս brewery-ում չեք )
— Brewery վերջում միասին կգնանք )
Ես գիտեի ինչ ի նկատի ուներ ինքը, բայց ինքը մի րոպե անց ավելացրեց․
— Ամբողջ կուրսով ))
Առաջին կիսամյակն ավարտվեց։ Մերի քրիսթմաս, գասպադա։
Ապրիլ 2021
Մի երկու շաբաթ Լելիան դասի չէր գալիս, որոշեցի գրեմ, բնականաբար գործնականից սկսելով, հետո անցա հարցին․
— Բա էս ինչի՞ դասերիս չես գալիս։
— Եսիմ, պարոն Գոռոզյան, դե 2 շաբաթ Ձեզ հարմար չէր, ոնց որ էս 2 շաբաթն էլ ինձ հարմար չեղավ գալ դասին։
— Հաա․․․Լավ, Լելիա
— Լավ, պարոն Գոռոզյան
Դե ինչ ասես․․․թագուհին ապրած կենա մինչև գահընկեց լինելը )
Մայիս 2021
էդ անտեր համալսարանում թեզ ու ղեկավար նշանակում էին մի տարի շուտ։ Մի քանի տարի առաջ, երբ դեռ կրթական ծրագիրն էի ղեկավարում, կարողացել էի միհատ բարեփոխման հասնել էդ պռիդուռըկներից՝ ադմինիստրացիայից, համոզել, որ թեզի թեման ու ղեկավարը ոչ թե օդից նշանակվեն, այլ ուսանողներին թույլ տան գոնե թեման ընտրել ցուցակից։ Համոզելը որն ա, մտա ասեցի՝ սենց ա ճիշտը, իսկական բյուրոկրատի պես ասին՝ ճիշտ ես, բայց մենք սխալ կանենք, գնացի մի երկու կուրս մտա, սաբոտաժ կազմակերպեցի տակից, դիմադրություն, փոխեցին կարգը միայն իմ ծրագրով ուսանողների համար։ Բայց դալբայոբներին տենց էլ չկարողացա համոզել, որ հենց թեմայի ձևակերպումն էլ պետք ա թողնել ուսանողի հայեցողությանը։ Կրետինները չհասկացան տենց էլ, որ թեզի միակ իմաստն էն ա, որ ուսանողը էնքան ինքնուրույն լինի, որ ինքը ձևակերպի իր հետազոտման թեման։
Արդյունքում՝ մի միջին տարբերակ էին ընտրել։ Ինչի էին միջինը ընտրել։ Հետխորհրդային չինովնիկ են, կտրուկ փոփոխություններից հատկապես ազատականացման հետ կապված վախենում են, եվ հատկապես սարսափում են՝ ուսանողներին էդ ազատությունը տալուցч չհասկանալով, որ հենց ազատությունն ա բերելու պատասխանատվության առաջացման։ Ինչևէ, փոփոխված կարգը էնպիսին էր, որ դասախոսները մարդա 5 թեմա են տալիս, համալսարանը էդ թեմաների գումարում ա իրար, ընդհանուր մեծ ցուցակ ա կազմում, տալիս ուսանողներին, որոնք ընտրում են թեման եվ ավոտմատ՝ ղեկավարին։ Իրականում, ընտրում էին հենց միայն ղեկավարին՝ անտեսելով թեման։
Ինչի՞ էր սահմանափակած 5-ով թեմաների ցանկը։ Որտև մի ղեկավարը իրավունք ուներ ղեկավարեր առավելագույնը 5 ուսանողի թեզ։ Մտածել էին, որ ղեկավարի ժամանակը կհերիքի առավելագույնը 5 հոգու։ Էլի բյուրոկրատ էին։ Եթե տեսական դիտարկենք, երբ թեզը ղեկավարվում ա ամենայն լրջությամբ ու կարևորությամբ, անգամ 2-ից ավել հնարավոր չի ղեկավարել։ Եթե իրականության պատկերով առաջնորդվենք, ապա ղեկավարը կարա հանգիստ 15 թեզ ղեկավարի, որովհետև էդ ղեկավարումը ջուրծեծոցի էր ու էդ ջուրծեծոցի տակ զուտ խզբզած ստորագրություններ եվ հնչեղ կոչումներ՝ տ․գ․թ․, դոցենտ, դոկտոր և այլ խույնյա։
Չնայած 5 թվի սահմանափակմանը, գրեթե բոլոր դասախոսները ղեկավարում էին 1-2 թեզ, դե միջինում մեկ դասախոսի թեման ընտրում էր 1-2 ուսանող։ Իսկ ի՞նձ մոտ․․․Դե լավ, ինչ գլուխս գովամ․․․Լավ, գովամ։
Վիգեն Գոռոզյանի մոտ հերթեր էին․․․8, 10, եղել ա տարի 15 ուսանող ա մի կուրսից հերթագրվել, որ ինձ մոտ թեզ գրի։ Իսկ ո՞նց էին ընտրում առանձնացնում 5 ուսանողի։ Իբրև թե միջին գնահատականով՝ առաջին 5 լավագույներին տալիս էին իրենց ուզած ղեկավարին, մնացածին բաշխում էին մնացած դասախոսների միջև․․․Ես սովորաբար տեղյակ էլ չէի լինում՝ ով ա հերթագրված մոտս, իմանում էի զուտ զանգերից, երբ զանգում ճշտում էին՝ արդյոք հաստատ իմ թեման ա։ Լելիան հերթագրվել էր մոտս, էս տարվա 8 հոգուց մեկը ինքն էր։ Նախապես գրել, հաստատել էր, որ իր ընտրած թեման իմ ղեկավարման տակ ա։
Դրանից մի երկու օր հետո․․․
Արթնացա զանգից։ Չնայեցի էլ համարին, վերցրի միանգամից, էն կողմից վրդովմունքով առանց բարևի սկսում ա․
— Պարոն Գոռոզյա՞ն
Մի երկու քնած մռնչոց արտաբերեցի, հետո նոր․
— Այո
— Դուք ինձանից հրաժարվե՞լ եք։
Փռթկացի, մինչ էսօր շատ խնդալու ա հնչում էս հարցը, հիմա էլ գրելուց փռթկացի։
— Դուք ո՞վ եք։
— Լելիան ա, պարոն Գոռոզյան, ձեր հեռավարներից․․․
— Հաա․․․ Ի՞նչ նկատի ունես, Լելիա ջան՞
— Դուք իմ ղեկավարը չե՞ք։
— Չգիտեմ, քո ղեկավա՞րն եմ։
— Այոո, ես ընտրել էի ձեր թեման, իսկ հիմա ինձ տարել գցել են Գևորգյանի ցուցակում։
Փռթկացի․․․
— Լելիա, ես չեմ որոշողը ում ղեկավարեմ, որովհետև․․
— Բայց ես Ձեր թեման եմ ընտրել
— Գիտեմ, Լելիա, գիտեմ, բայց քեզ պես իմ թեմաները ընտրել են ևս 7 հոգի, էդ մենակ հեռավարից։ Առկայից տեղյակ էլ չեմ։
— Ե՞վ։
— Եվ ղեկավարը իրավունք ունի ղեկավարել առավելագույնը 5 հոգու։ Դու էդ 5 հոգու մեջ հավանաբար չես ընկել։
— Իսկ ի՞նչ հիմքով են էդ 5 հոգուն ընտրում։
— Միջինացված գնահատականով իբրև թե․․․ եվ բացականերով, բայց իրականում ինձ թվում ա՝ զուտ բախտով։ Եվ քո բախտը ենթադրում եմ չի բերել։
— Եվ հիմա ի՞նչ անեմ ես։
— Չգիտեմ, Լելիա, ադմինիստրատիվ հարց ա․․․
— Լավ, պարոն Գոռոզյան
— Լավ
Անջատեց․․․Մեկ ասեցի զանգեմ Դերենիկին՝ ամբիոնի վարիչին, որին ես Դեմիտրիյ էի կոչում, որովհետև Դերենիկ անունը ինձ քիչ ծիծաղալու էր թվում, ասեմ Լելիային տեղափոխի իմ ղեկավարման տակ, բայց քունս ավելի շուտ տարավ, քան գտա Դերենիկի համարը․․․Քնեցի․․․
Մի կես ժամ անց արթնացա զանգից, էլի առանց նայելու վերցրեցի․
— Այո․․․
— Գոռոզյան ջան, մենք իրար հետ վա՞տ ենք եղել, - Դեմիտրին էր։ Մտածեցի էս ինչ օր ա, ոչ մեկ բարև չի տալիս․․․․
— Չէ վռոձի բի․․․Խի՞։
— Եղե՞լ ա, որ քեզ մի բան պետք լինի, դու ասես, ես չանեմ։
— Չէ, Դեմիտրիյ, վռոձի բի, խի՞․․․
— Բա ախպեր ջան, ինձ խ՞ի են զանգում կրթնախից մուննաթ գալիս, թե բա էս մարդուն խի չես դրել էս մարդու՝ քո ղեկարվարման տակ․․․․
Փռթկացի․․․
— Ու քո ջոգելով ե՞ս եմ ասել զանգեն, Դեմիտրիյ․․․
— Դե եսիմ, նենց ա ընգերներ ունես ընդեղ, բայց դե չէ, չեմ կարծում դու ես զանգել, բայց եթե մեկա գիտեիր, տեղյակ էիր, որ պետք ա, կարայիր դու զանգեիր ասեիր․․․ Նենց ա՝ անձամբ ինձ չէին զանգում, ռեկտորատից փոխանցվեց զանգը։ Աղջիկն էլ սիրուն աղջիկ ա, դու էլ պսակված չես, շատ իմանամ, ինչ ասես անցավ մտքովս, սենց բան չէր եղել, որ սենց բանի համար զանգեն․․․
— Լավ էէէլի, Դեմիտրիյ, լավ էլիիի, - ծիծաղելով ասեցի, - բանը․․․էդ ուսանողի անունը․․․ որ քեզ ասել են փոխի ղեկավարին․․․Լելիա Միրզոյան ա՞։
— Հա, հենա գիտես։ Լելիա՞ն ա ասել զանգեն։
— Լելիան չէ, Դեմիտրիյ, Լելիայի պապան․․․պա՞րզ չի․․․
— Հաաա․․․ պարզ ա, պարզ ա․․․
— Կամ քեռին, կամ հոպարը, չգիտեմ էդ արդեն․․․
— Բա բանը, Լելիայի պապան տեղյա՞կ ա, որ սատանի մայլա ա ուղարկում իրա աղջկան։
— Չէ, Դեմիտրիյ, դրանից մենակ դու ես խաբար, զանգի կրթնախ, թող էքզորցիստ ուղարկեն։ Դու ես սովոր միշտ կրթնախ զանգես, բողոքես, մի անգամ կրթնախից են զանգել, նեղվել ես։
— Հահահա, ե՞րբ ես երևալու։
— Դասիս օրը։
— Կսպասեմ դե
— Սպասի
Վեր կացա տեղերիցս, սուրճովս գլորվեցի դեպի բալկոն, արտակարգ եղանակ էր, բայց անհասկանալի․ էս լավ ա, թե՞ վատ․․․Նկատի ունեմ, մի քանի ամիս մոտս թեզ գրելը․․․Շփման հարթակ ա, թե՞ պաշտոնական պատնեշների խոյացում․․․ Չգիտեմ, կապրենք, կտեսնենք․․․Ամեն բան նոր ա սկսվում, էս թեզը դեռ չի գրվել․․․Մինչ գրելը, պետք ա դեռ ապրել թեզում գրքում եղածը։ Կապրենք, կտեսնենք․․․
Comments