S O U L J O B : Job on Thesis
- Vag Germanyan
- 10 июл.
- 27 мин. чтения
III
Jesus, save me from police
Մի ամիս անց երկրորդ գլխից:
Էդ մի ամիսը կյանքիս ամենաաննորմալ շրջանն էր։ Ամենակտրուկ, ամենաանկառավարելի ատրակցիոնի նման՝ որտեղ չես հասցնում ոչ շունչ առնել, ոչ էլ արտաշունչ։ Արտաշունչն էլ ինչ — հոգիդ ուզում ա բերանիցդ փախչի, ուղեղդ՝ ճնշման տակ գանգիդ կափարիչը պայթեցնի ու դուրս թափվի, ընդհանրապես, ամեն բան դուրս ա թափվում ու չես հասցնում հավաքել։
Աննորմալ էր ամեն ինչ։ Հատկապես՝ Նենեն։
Աննորմալ արագ էր ամեն բան։ Ինչպես առաջին սեքսը էդպես էլ մնացած բոլոր փուլերը՝ սիրավեպի արագացրած ֆիլմ, որի վրա միաժամանակ սեղմել են «FWD» չորս եռանկյունի սլաք և էկրանի վրայի կյանքը վրան մոխրագույն գծերով արագացված թռչում ա մեջովդ։ Բոլոր զարգացումները փախչում էին առաջ, մի քայլ առաջ սրտից, երկու քայլ առաջ մտքից, ու ոչ մի բան չես հասցնում ապրել՝ էդ պահին։
Նենեն կոտրված էր։ Չէ, կորտրատված էր բոլոր հնարավոր ձևերով, կյանքը իրեն չէր խնայել, ինքն էլ կյանքին, ու ընդհանրապես իր և կյանքի միջև ինչ-որ գերկատաղած լարում կար՝ անսերության քարկապներով։
Այցելում էր բոլոր օգնության հանգրվանները կյանքի՝ Աստծուն, հոգեբանին, սիրեցյալին իր կարծիքով՝ ինձ։ Հազիվ մի տեղից ճարել էր անգլերեն խոսող հոգեբանի Երևանում, և շաբաթը մեկ՝ ամեն երեքշաբթի մոտն էր գնում, հետո գալիս մոտս, խմում ու սեր անում։ Ամեն կիրակի այցելում էր պատարագի եկեղեցի, հետո սպասում մինչ ես արթնանամ ու գալիս մոտս։ Կիրակի օրը երևի թե միակն էր, երբ չէր օգտագործում ալկոհոլ, բայց անհամբեր սպասում էր 12-ի խփելուն, որպեսզի իր մի շիշ գարեջուրը առնի մոտակա կրպակից։ Իսկական հակամոխրոտիկ։ Նա ակնհայտ կախվածություն ուներ ալկոհոլից, կախվածություն ուներ նաև սեքսից, կախվածություն ուներ նաև ամեն տեսակ աննորմալ կռիվներից, ինքնսպանության մասին մտքերից՝ շաբաթը մեկ անգամ այցելող, դեպրեսսիաներից, հանրային սկանդալներից, ոչնչով չհիմնավորված զգացմունքներից, կախվածություն ուներ Աստծուց։ Նենեն կախված էր։ Նրա ուզածը կյանքից մեծ բան չէր՝ կյանքի պարտադրանքով անցած կնոջ մի բան՝ սովորական սեր և սովորական կյանք, բայց քանի որ ինչպես նշել էի իր և կյանքի փոխհարաբերությունները պակաս սկանդալային ու անսեր չէին, քան իմն ու իրանը, նա ամեն ինչ անում էր, որպեսզի չունենա սեր, մտնում էր ամեն տեղ ու ամեն անկյուն, որտեղ ամեն բան կգտնես, բայց սիրուց։ Ամենավատ բանը կյանքի պարտադրանքով անցնելուց, էդ որ տենց էլ խելք չհավաքես, ու նա չէր հավաքել խելք իր ճանապարհին, միայն դեպրեսիաներ եվ ինքն իրեն պատերով տալու մղումներ։
Մի անգամ մեքենան վարելիս Զաքյան փողոցով գիշերվա մեկին հետս խմած վեճի էր բռնվել, մի երկու վատ խոսքով արդեն փոխանակվել էինք՝ գնալով խստացնելով բառերի նշանակությունը։ Հանկարծ ընթացքի մեջ՝ 50-ի տակ բացեց դուռը, ասեց՝ պիտ ցատկէմ, բացեց ու հարվածեց դուռը մոտակա սյանը, մեքենան ցնցվեց, ես գոռացի վրան՝ չեմ հիշում ինչ։ Հետևից պարեկներն անմիջապես արձագանքեցին՝ իրենց խրթխրթան ձայնով, որը միաժամանակ և դատապարտող ա, և ոչինչ չհասկացնող։ Քաշեցի, կանգնեցրի աջ կողմում։ Շուռ դարձա Նենեին.
— Սուս մնա, լա՞վ։ Ավել չբարդացնես։
Պարեկները երկուսով եկան երկու կողմից մեկը իմ վրա լույս պահած, մյուսը Նենեյի վրա, Նենեն իսկույն գոռաց․
— Մարէ լույսը, idiot!
Ձեռքով սեղմեցի Նենեյի ձեռքը, էլի սաստեցի․՝ դիմացի մի քանի րոպե։ Իմ կողմի ոստիկանը դիմեց․
— Բարև Ձեզ։ Ի՞նչ ա կատարվում Ձեր մոտ։
Ես նայում եմ՝ փորձելով կուռ ու վստահ պատասխանել։
— Բարև Ձեզ,,,
Բայց Նենեն արդեն սկսել էր իր թատրոնը․
— Փարի երեգո՛, փարի երեգո՛։ Թռչել կ՚ուզէի։ Ճի՛շդ այդպէս։ Թեւերս բացէի, կը թռնէի, պարոն ոստիկան։ Մեքենայիս մէջ շունչ չունէի, նեղուածք էր։ Բացեցի դուռը, որպէսզի թեւերս պարզեմ։ Թռչիլ՝ ինքս ինձմէ։
Ես ու պարեկը՝ երկու տարբեր ծայրերից նույն հայացքով էշացած՝ Նենեյին։ Լույսը դեռ Նենեի դեմքին էր։
Նենեն շարունակում էր ներկայացումը․․
— Ինչո՞ւ էք զարմացած, պարոնայք։ Հրեշտակ դեռ չէ՞ք տեսած։ Մենք օտոյով չենք շրջագայիր։ Մենք տարածութիւնը փետուրներով կ՚անցնինք։ Դուռը ես չէի բացած, ինք բացուեց։ Ինչպէս ճակատագիր մը։
Ոստիկանը թեքեց հայացքը ինձ՝ հույս ունենալով, որ գոնե մեկ մարդ կբացատրի իրավիճակը իրեն։ Մեքենայից դուրս եկա կամաց ձայնով ասեցի․
— Շատ ա խմել օրիորդը, տուն եմ տանում։ Խնդիր չկա, խնդիր չունենք։
Բայց մինչ կհասցնեի ավելացնել համոզելս, Նենեն արդեն գոռում էր մյուս պարեկի վրա.
— Լույսը ինչո՞ւ չես մարեր, ապուշ՛։ Գեղեցկութիւնս քեզի համար չէ, որ հիանաս։ Մա՛րէ՛ լոյսը, քեզի կ՚ըսեմ։
Իմ մոտի ոստիկանը, որը հավանաբար գլխավորն էր, դիմեց մյուսին․
— Անջատի լույսը, բայց հետևի դուրս չգա մեքենայից, - հետո ինձ դիմեց, - դուք ալկոհոլ օգտագործե՞լ եք։
— Ոչ մի դեպքում, հակառակ դեպքում ինքը թևերի վրա ինձ պետք ա տաներ տուն։
Պարեկը անտարբեր, ցամաքած հայացքով ինձ էր նայում․
— Կարաս ստուգես, բայց դե անիմաստ ժամանակ ենք վատնելու, ու էս կինոն շարունակվելու ա, թողեք շուտ հասցնեմ տուն, քնի, ես էլ գնամ տուն, քնեմ։
Պարեկը քայլեց իմ մոտից դեպի Նենեյի կողմ․
— Տիկին, Ձեր անունն ասե՞ք, խնդրում եմ։
Նենեն աչքերը հառած՝ ժպտաց.
— Անունս Արիել է։ Ծովէն ելած հրեշտակ։ Բայց եթէ պնդէք՝ կրնամ տալ ձեզ ուրիշ անուններ ալ։ Ինչ կ՚ուզէք։ Աթենաս, Լիլիթ, Արտեմիս։ Ամէն ինչ՝ բացի իրականութենէն։
Պարեկը նայեց ինձ՝ ինչ-որ բան էր ուզում ինձնից։ Ես միայն ուսս թափ տվեցի։ Պարեկը էլի ինձ մոտեցավ, էդ ընթացքում Նենեն ինչ-որ բան էր երգում՝ օրորոցայինի պես։ Պարեկը հարցրեց․
— Վտանգավոր չի՞։
— Ձեզ ու իմ համար՝ չէ, ինքն իրա համար՝ եթե չքնի, հնարավոր ա։ Դրա համար եմ ասում, շուտ հասցնեմ տուն։
— Որտե՞ղ ա տունը։
— Մի փողոց էն կողմ։
— Լավ, մեքենայի դռները փակ կպահես, որ չբացի էլ։ Զգույշ, հանգիստ քշի։
— Իհարկե
— Բարի գիշեր
— Բարի ծառայություն
Եկա, դուռը բացեցի, նստեցի, Նենեն դեռ երգում էր ինձ անհայտ երգ։ Նայեցի վրան, շարունակում էր երգել․
— Էս ի՞նչ էր։ Կարային բաժին տանեին ու սաղ գիշեր լռվեինք սրանց հետ ընդեղ։
— Արդեօ՞ք դա վատ բան մըն էր։ Բաժինը գիշերը հանգիստ տեղ մըն է։ Ուր մարդիկ լռութեան մէջ կը գրեն ուրիշներու անունները։ Լուսաւոր սենեակ, ուր կայ նոյնիսկ աթոռ ու սեղան՝ քլուխդ դնելու ու քունդ առնելու։
— Դեռ դերի մեջ ես, հա՞։
Շարունակում ա երգել, ծիծաղում եմ, սիգարետ ա հանում, վառում, քաշում, կարծես էդ քաշոցով դուրս գալիս դերից․
— Իմա՛ցէ, ոստիկաններուն հետ պէտք է խենթի պէս վարուիս։ Խենթերու նիւթը չունին։ Խենթերու հետ կապուիլ չեն ուզեր։ Իսկ հրեշտակներուն՝ բաժին չեն տաներ։ Հետոյ խղճը կ՚սկսի ծակե
Ժպտացի, հարցրի․
— Միայն ոստիկանների հե՞տ ես տենց քեզ պահում։
— Մարդոց հետ ընդհանրապէս։ Ոմանք զէնք ունին, ոմանք՝ սիրտ։ Երկուսին ալ կրնայ վախցնել խենթութիւնը
Լռեցի՝ ներքին հիացմունքով։ Գուցե առաջին անգամ հասկացա, որ Նենեն էդքան էլ անխելք խելագառ չէր, ուղղակի շատ բան էր տեսել, շատ բան գիտեր՝ չիմանալու չափ։ Էնքան բան էր տեսել, որ ավելի շատ խելքը թափած էր դարձել, քան խելք հավաքած։
Մի ուրիշ անգամ բարմենի հետ էր վիճել ինչ-որ բառում, ուր պիտի հանդիպեինք, ես միքիճ ուշացած եկա ու վեճը արդեն թեժացած էր։ Բարմենին ճանաչում էի, մի քանի անգամ մենակով խմելուց հետը խոսքի էի բռնվել: Ինչքան լավ խմիչք էր սարքում, էդքան վատ խոսակցություն պահում հաճախորդի հետ: Պարզվեց բարմենը սխալ խմիչք էր տվել, հետո էլ ճակատագրական սխալ արել, ասել բա թե․
— Դե քիչ ա լինում, որ աղջիկները տենց բան խմեն, հեչ կանացի բան չէիք պատվիրել
Նենեյին հավաքեցի բառի մոտից ու ուզում էի դուրս տանեի, երբ բարմենը հետևից որոշեց էլի ճակատագրի հետ խաղա․
— Հաջորդ անգամ Ձեր շշով եկեք, իմ հետ գործ չունեք։
Նենեյին պահած ձեռքերս թուլացրեցի, նայեցի իրեն ու հարցրի․
— Ի՞նչ էիր ուզում սրան անել։
— Խմիչքը երեսով շփել։
Ես թեթև գլուխ տվեցի՝ թույլ տալով
Նենեն ժպտաց։ Մի շարժումով ազատվեց ձեռքիցս, ցատկով հասավ բարի սեղանին, վերցրեց բաժակն ու առանց տատանվելու՝ խմիչքը շփեց բարմենի երեսին։
Բարմենը չէր էլ հասցրել արձագանքել, երբ Նենեն կողքի նստածի բաժակն էլ վերցրեց ու էլի ուղղեց բարմենի կողմը։ Երկրորդ շփումն ավելի սառն էր։ Բարմենի բերանը բաց մնաց։ Մեկը բարի ներսում «վա՜յ քու արա» արեց։
Նենեն ճկուն ցատկով վերադարձավ ինձ, աչքերում շող, լեզվին՝ ծիծաղ.
— Այ հիմա փախինք, ո՛չ թէ գացինք։ շ
Նենեի աննորմալությունը քայլ առ քայլ էր բացվում։ Նա առաջին հայացքից նուրբ էր, կանացի, արևելյան քաղցր թովությամբ և սեթևեւթանքով, բայց էդ սեթևեթանքը նրա կյանքից առած դառնությունն ու գժությունը երկար թաքցնել չէր կարող։ Եվ անգամ նրա գգվանքի մեջ զգալի էր աննորմալությունը, երբ գգվելուց չես հասկանում ուզում ա սիրել քեզ, թե խեղդել ու շունչդ առնել։ Մեր շփումը սրվում էր օր օրի, օր օրի ավելի աննորմալ կռիվներ։ Սուիցիդալ մտքեր իր մոտ՝ պարբերական արթնացող, նախորդ կյանքից կոշմարներ, սկանդալներ, կռիվներ ամեն առիթով։ Ամեն օր արթնանում էր հերթական գժությամբ, մի օր երեխա էր ուզում ինձնից՝ հենց հիմա, մի օր գիշերվա երեքին՝ էն սարսափ ֆիլմերի ժամին, ստիպում էր քշեի մոտակա եկեղեցի, որ աղոթի ու մեղքերի թողություն ուզի, ես մեքենայում էի սպասում մինչ նա ներս էր մտնում մատուռ, դեե մեղքերի թողությանը չեմ հավատում, միայն հատուցմանն ու ապաշխարանքին, մի օր՝ գիշերվա հազարին մտքին կփչեր՝ արի փախչենք Սևան լողանք՝ հոկտեմբերի ցրտին, փախչել բառը հաճախ էր օգտագործում, փախչում էր ամեն ինչից, բացի ինքն իրենից, գգվանք ու սեր էր ուզում ամեն վայրկյան, առանց դադարի ուզում էր, կարիքն ուներ, որ իրեն սիրեիր՝ հոգեպես, ֆիզիկապես, թե մի օր իր գգվանքներից ու համբույրներից հետո հավես չունենայիր, հետը սեքս չուզեիր, խելառում էր, կռիվ սարքում՝ մեղադրում, հենց մեղադրում, որ իրեն չեմ ուզում, մերկանում՝ իսկապես անսխալական մարմինը ցուցադրում և գոռում՝ ինչպես կարող ես ինձ չուզել, մարդիկ կերազեն, կփափագեն ինձ հետ քնելու համար, հետո խանդի տեսարան սարքում՝ կասկածները սրացնում ու մեղադրում ինձ՝ սիրուհի ունենալու մեջ։ Օֆիսումս, որ տունս էր դարձել, գիշերվա հազարին մտքին կփչեր փախչել ինձ մոտից, հասնում էի բռնում ձեռքերը, ճանգրոտում էր ինձ, փախչում մոտիցս, վազում խոհանոց, դանակը վերցնում եվ սպառնում, ասում էի՝ օք, փախի ստեղից, բայց դանակը իմն ա չէ, դանակը թող նոր փախի, դանակը շպրտում էր, ու վազում, հետևից էի ընկնում, հաճախ հասնում անտառայինի փողոցներ, գրկած բերում գցում կաբինետս, հարձակվում էր էդ ընթացքում վրես, կծում, հարվածում ու ճանգրոտում, ուսերից բռնում թափ էի տալիս, ապտակում էի, որ սթափվի, հետո բարիշում էր հետս, քնում կողքս՝ կաբինետիս անհարմար բազմոցի վրա եվ պահանջում որ միշտ իր հետ քնեմ, եթե չէ՝ նորից կփախչի, ամեն իրեն տուն ճանապարհելուց հետո էլի խենթանում էր, ներողություն խնդրում կամ մեղադրում կամ երկուսը միասին, խոսում կյանքի անտանելիության մասին, խնդրում, որ էլ չհանդիպենք, մեքենան քշում էի տան տակ, պահանջում, որ իջնի, մի կես ժամ կռիվ էինք սարքում հեռախոսով, հետո իջնում էր, մի կես ժամ էլ կռիվ էինք սարքում մեքենայի մեջ, հետո գերհոգնած ու սպառված գնում տուն քնելու, սպառված լինելը միակ երաշխիքն էր, որ նոր կռիվ չի լինի։
Ի՞նչ էի անում ես էդ ամենում ես։ Անհավատալի ա, բայց ես ուղղակի չունեի էն ժամանակ-տարածություն հատվածը, որտեղ կարող էի կանգնել, հասկանալ ինչ եմ անում, հասկանալ, որ անելիք չունեմ ու որոշեի որ ավարտել ա պետք էս աննորմալությունը։ Ամեն բան էնքան արագ էր զարգանում, ամեն օր մի նոր գժությամբ սկսում ու ավարտվում, որ ես հազիվ հասցնում էի էդ օրվա ապրածը ապրել ու ինքնավերլուծության ու ռեֆլեքսիայի ժամանակ չէր մնում, ամբողջ ռեֆլեքսիան գնում էր Նենեի վրա, Նենեն հետազոտման իմաստով էր հետաքրքիր․․․
Երեքշաբթի
Սովորական երեքշաբթի հոգեբանի մոտից դուրս գալուց հետո զանգեց․
— Փարեւ, սիրելիս։ Կ՚ուզեմ տեսնվինք։
— Բարև։ Արի օֆիս, բայց դաս ունեմ մի կես ժամից։
— Լաւ, կուգամ։ Ի՞նչ բերեմ հետս։
— Ինչ կուզես՝ բացի ալկոհոլից։
— Ինչո՞ւ՝ բացի ալկոհոլէն։
— Որովհետև սենյակս լցրած ա ալկոհոլով։
— Լցուած է, բայց արգիլեր ես ինձի խմել։
— Չեմ արգելում։ Արգելում եմ շատ խմել քեզ։
— Ամաաան… լաւ։ Կուգամ։ Սպասե՛ր։
Միացա վիդեո զանգին՝ դասախոսությանը։ Չէ, Լելիայի կուրսը չէր, էս մեկը առկա կուրսն էր, բայց գրողի տարած պանդեմիան սրացել էր երկրում, եվ հեռավար էին սարքել բոլոր դասերը։ Նենեն զանգեց, խնդրեց, որ դրսի դարպասը բացեմ, հեռախոսից բացեցի: Նենեն բարձրացավ, հասավ կաբինետիս, դուռը մեղմորեն բացեց, արանքում կանգնած՝ չմտած՝ շշուկով ասեց՝ բարև, ես բարձրաձայն բարևեցի, հարցրեց բարձր շշուկով․
— Կամերան միացրա՞ծ է
— Չէ դեռ, մի 2 րոպեից
Եկավ, գրկեց, փարվեց ու համբուրեց,
— Քեզի քո սիրած չիպսերեն եմ բերել և սանդվիչ
— Մերսի, դասից հետո կուտեմ
— Քաղցա՞ծ ես
— Քաղցած էէէ ջիգյարսսս, - ասեց ու սկսեց գրկել, համբուրել ու խդիկ տալ
— Լավ, լավ, Նենե, միացնում եմ կամերան, սկսեմ
Միացրեցի կամերան ու միկրոֆոնը, ասեցի որ միացնեն բոլորը կամերաները, սկսում ենք 2 րոպեից։ Էդ ընթացքում Նենեյի բաց թողած դռից մտավ Ջեքին՝ օֆիսի շունը՝ ջեք ռասել տերիերը, որը ես միտված եմ կարծել որ էնքան դմբո էր, որ շատ խելոք էր։
Նենեն միանգամից հարձակվեց վրան՝ վույ վույ անելու, Ջեքին մի երկու հատ պոչիկը շարժեց ու քայլեց դեպի աթոռին դրած տոպրակը՝ հոտոտելու։ Նենեն հարցնում ա․
— Շանը կերակրե՞լ ես այսօր
— Նենե, էս շունը օրը 3 անգամ սնվում ա 3 հարկերից էս շենքի
— Բայց քաղցած տեսք ունի
— Սովածի չի տեսքը, ցիգանի ա
— Ցիգանը ի՞նչ է
— Գնչու
— Աաա
Նենեն Ջեքսոնին գրկեց, նստեդ բամզոցին, հետո սիգարետ վառեց ու փչեց։ Ես էլ որոշեցի ծխել, սիգարետը նոր էի դրել բերանս, երբ հարցրեց․
— Ի՞նչ կընես
— Ուզում եմ ծխեմ
— Կամերան անջատա՞ծ է
— Չէ, հեսա սկսում եմ դասը, խի անջատեմ
— Խե՞նթ ես, դասի ժամանակ պիտ ծխե՞ս
— Հա ինչ կա որ, ծուխը հո ինտենետի մալուխով չի տարածվում
Նստած տեղից վեր կացավ, եկավ հասավ մոտս, բերանիս սիգարետը խլեց, ձեռքս գցեցի որ բռնեմ իրեն, շուտ փախավ, հայացքով փնտրեցի սեղանի վրա տուպը ծխախոտի, մինչև գտա, դրա վրա էլ ձեռքը դրեց ու փախցրեց։ Ուզում էի տեղիցս վեր կենայի խլեի, երբ վիդեոքոլում ձայն տվեցին․
— Պարոն Գոռոզյան, Ձեր հանձնարությունը որ մեյլին ուղարկենք։
Նենեն ցածր ասեց՝ թիմացիր մեգ ժամ, բարեկիրթ եղիր, ինչպես կըսես ։ Սկսեցի դասս։
Դասը ավարտեցի, վերջում էլի մի երկու շնորհակալություն-ցտեսություն լսվեց ուսանողներից, Նենեն, որ լուռ Ջեքիին էր սիրում ու ծխում էս ամբողջ ընթացքում, ծռմռտվելով սկսեց մենախոսությունը․․
— Օօօ, պարոն Գոռոզեան... Ի՜նչ մեծ բախտ է ունինք, որ դուք կաք։ Մենք խոնարհաբար շնորհակալ ենք, որ կը շնչէք, կը արտաշնչէք, եւ մինչ ձեր ազնիւ թոքերը կը շարժին, երկրագունդը կը դանդաղի մի պահ՝ յարգելով ձեր փառքը, - տեղից վեր կացավ, Ջեքիին դրեց գետնին, որը իսկույն փախավ սենյակից, եվ դանդաղ քայյելով մոտեցավ ինձ, - Շնորհակալ ենք, պարոն Գոռոզեան, որ մեզ կ՚ընկալէք արժանի՝ ձեր առջեւ նստելու։ Շնորհակալ ենք, որ ձեր պայծառ հոնքերը երբեմն թեթեւակի կը բարձրանան՝ նշան, որ կը նկատէք մեր գոյութիւնը, - քիպ մոտենալով խոնարհվեց արտիաստաբար, ծխախոտը կտացրեց մոխրամանիս մեջ եվ շարունակեց, - Շունչս կ՚քաշեմ հիմա, միայն թոյլտուութեամբդ, սիրելի Վիգէն, - ավարտեց ու կրքոտ համբուրեց, համբուրելուց ժպիտս չէր իջնում, Նենեն արտակարգ դերասանուհի կարող էր լինել՝ խենթացածների տրագիկ ու դրամատիկ դերերով, եթե հենց ինքը խենթ չլիներ՝ տրագիկ ու դրամատիկ հոգով։ Համբույրը ավարտեց կծոցով ու սկսեց նոր տոնայնությամբ՝ ավելի հողային ու իրական․
— Քեզ այս դասերը վնասակար են։
— Ինչու՞, — հարցրի՝ իբր անկեղծ հետաքրքրված, բայց զգալով խայթոցը։
— Նարցիսթիկ հակումներդ կը սնուցեն։ Վատ կը վարժեցնեն
— էէ՜հ... բայց ի՞նչ վատ բան կայ նարցիսիզմի մէջ, հոգիս։ Թէ չէ՞, եթէ ես այսքան նարցիս չլլայի, չէի համարձակեր քու խենթութիւնդ հնազանդեցնել, օր մը գրկել, համբուրել, ու չփախչիլ։ Եթե նարցիս չըլլայի, չէի ընդունե քո այսքան աղմկոտ ու խելագառացնող սերը։ Եթե նարցիս չըլլայի, հոգիս, ինչպես կհամարձակվեի քեզ պես կրակի հանդեպ սեր տածել ու կարծել թե չեմ բոցավառվի և մոխրանա և անէանա․․․
Հիմա էլ ինքն էր ժպիտով լսում ու սպասում, սպասելիքը համբույրով արդարացրի, գրկեցի, քաշեցի իմ կողմ, ափովս բարակ մեջքը շոյելով իջա իրանին, հետո հետույքին,․ գլուխը տնքոցով դրեց կրծքրիս, մազերից քաշեցի, ետ քաշեցի որ դեմքը տեսնեմ, սպասումով լի էր, համբուրեցի էլի, կոպիտ ու խորը, կիրքը արթնացավ ու մի րոպե անց Նենեն ռակըմ կանգնած բազմոցի վրա՝ ոտքերը բազմոցին ծալած, ձեռքերով ետնակը սեղմած, եղունգներով խրված տրվում էր ինձ ու բարձր շշուկով կրկնում՝ you are killing me. You are killing me՝ իր հաճախ խոսքը սեքսի ժամանակ։
Վերջացրինք, շնչասպառ ընկանք բազմոցին, ինքը մի բարձ գտավ բազմոցից, եվ գրկեց՝ փակելով կրծքերը, ես սիգարետ վառեցի ինձ ու իրեն։ Ծխում էինք, լուռ էր։ Ծխեցինք վերջացրեցինք, ինքը վերնաշապիկը հագավ, բայց չկոչկեց ու մոտեցավ սեղանիս ու սկսեց դասավորել ու հավաքել սովորական բարդակս՝ քթի տակ փնթփնթալով․
— Աման, միշտ անկարգութիւն մըն է քու սենեակիդ մէջ․․․․Երբ վերջապէս նոր մաքրուհի մը պիտ ընդունիս՞։
— Շուտով, - ասեցի, ավելի ճիշտ՝ ստեցի։ Մաքրուհուն երկուշաբթի օրվանից նորին էի ընդունել, բայց չէի թողել կաբինետս մաքրի, գիտեի Նենեն գալու ա, ուզում էի ինքը հավաքեր ու դասավորեր սենյակս։ Կանացի մղում ա՝ չկարողանալ մնալ իր ասած խառնաշփոթի մեջ։ Անգամ եթե առաջին անգամ եք հանդիպել կնոջը, նա անպայման կսկսի դասավորել իր մտած տարածքը։ Եվ դրա մեջ մի կանացի հոգատարություն կա, որ ինձ հաճելի է զգալ։ Դա էն քիչ հոգատարություններից է, որից վզիս փաթաթված չեմ զգում։ Հաճելի է հետո դարակները բացել ու նկատել թե ինչ ճշտությամբ, խմբավորված, մտածվածությամբ ու հաշվարկով ա ամեն իր դասավորված՝ կնոջ համար զարմանալի տրամաբանված հերթականությամբ, կնոջից անսպասելի ռացիոնալ մտքով։ Գիրք ընտրելուց՝ նկատել որ դրանք դասավորված են չափով՝ մեծից փոքր, իսկ եթե երկար ժամանակ պարապ ես թողել կնոջը, անգամ գույնով ու ժանրով։ Չգիտեմ, մի տեսակ հազարամյակներից եկած օջախի մոտ նստած կնոջ հոգին ա վերածնվում դրա մեջ, ոչ թե կարիերա անող ինքնակատարելագործման գժությամբ տառապող ինքնաբավ ու անձակերտ ժամանակակից կնոջ անեծքը։
Դասավորեց սեղանը, անցավ պահարանին՝ ընթացքում հարցրեց․
— Աշխատողներդ գացի՞ն տուն արդեն
— Երևի էլի, ձեն ձուն չի գալիս․․․Ինչի՞, ուզում ես կռիվ սկսես՝ աղմուկ բարձրացնե՞ս։ Ահ, կներես, քեզ համար դա երբեք խոչընդոտ չէ։
Շրջվեց, ինձ նայեց՝ վրիժառուի հայացքով, շարունակեց գործը՝ դասավորելուց դխկացնելով էս ու էն իրերը։ Սթորմը մոտ էր։
Տեղափոխվեցինք խոհանոց, մի 2 բան պատրաստեցինք միասին, նստեցինք, հաց կերանք, գրեթե բան չէինք խոսում, ինքը սկսեց հավաքել սեղանը, ես գնացի կաբինետս գործ անելու։ Կեսգիշերն անց էր։ Սեղանը հավաքելուց ու ափսեները չորացնելուց հետո, եկավ մտավ կաբինետս վիսկիի բաժակով, սեղանիս վրա դրված իռլանդականը վերցրեց, լցրեց բաժակը՝ իմ հետևող հայացքի ներքո, ու գնաց կաբինետիս կողքի բաց ու մեծ տեռասան, որտեղից 2020 թվականին դեռևս լավ տեսարան էր բացվում դեպի քաղաք ու Արարատ։ Նոյեմբերի երեկոյի համար չափնանց տաք ու խաղաղ եղանակ էր էդ օրը։
Մի 15 րոպեից էլի մտավ սենյակս, էլի բաժակը ձեռքին, մոտեցավ սեղանին, ուզում էր վերցնել վիսկիի շիշը, երբ ձեռքս գցեցի շշին, խլեցի շիշը, բացեցի ու լցրեցի իր բաժակի մեջ, ու գլխով արեցի։ Դժգոհ գնաց։ Սեղանի դարակից գտա միհատ մեկանգամյա բաժակ, լցրեցի ինձ էլ, կում արեցի, քու տիրոջ մերը, շատ տաք էր․․․
Գործս կիսատ թողեցի ու սկսեցի մտածել․․․Մտածելս էլ կիսատ թողեցի, սկսեցի խմել ու “ամպեր կուտակել” գլխիս։ Հանկարծակի հեղեղ սկսվեց, Նենեն կիսաթրջված մտավ սենյակս։ Շորերի վրայի հաստ, երկարուկ ու միմյանց մոտ կաթիլներից կարելի էր ենթադրել ինչ կտրուկ հեղեղ էր սկսվել։ Հեղեղը միայն ուժեղանում էր, տանիքը աղմկում էր մեծ կաթիլներից, ամպը սկսեց դադարներով գոռալ, քամին պոռթկումներով փչել․ մի խոսքով կատաղած եղանակ։ Սթորմ։
— Ամաան, աս ինչու՞ խաղաղ եղանակը խենթացավ։
— Հոգովդ գնաց, հոգիս
Աչքերը կրակոցով ուղղեց իմ կողմ ու շատ լուրջ ու կտրուկ հարցրեց․
— Ինձի խենթ կըհամարես, չէ՞։
Դեմքս տրորեցի, որոշեցի չխուսափեմ ուղիղ պատասխանից․
— Հա
— Իսկ թուն նորմա՞լն ես
— Ես էդպիսի բան չասեցի
— Բայց կմեղադրե՞ս ընձի խենթ ըլլալուն մեջ
Բան չպատասխանեցի, սեղանին մոտեցավ, ուզեց էլի շիշը վերցնի, որ լցնի, կանգնացրի․
— I wanna drink
— No, հերիք ա քեզ էսօրվա համար
— Դու՞ն պիտ որոշես
— Հա: Մոռացել ես արդեն, ինչ ա նշանակում սթափ լինել
— Իսկ դուն մոռացած՞ ես, թէ ի՛նչ կը նշանակէ մարդ ըլլալ
— Եվ ի՞նչ է նշանակում մարդ ըլլալ, Նենե, հմն՞
Չի պատասխանում․
— Դե ասա, ասա, ի՞նչ ա նշանակում մարդ լինել, կարող ա պատահի մարդ լինելը կնշանակի նախ բանական լինել
— Ոչ… մարդ ըլլալ կը նշանակէ զգալ, զգալ, զգալ — ոչ թէ քու նման՝ մտածող, վերլուծող, քու գլխուն վրայ ամպեր հաւաքող, մռայլ, գասգածամիտ, խորամանգ մտքով, — այո, կրկին կ՛ըսեմ՝ խորամանկ, նենգ անգամ — ամէն ոք վատաբանող, ամէնուն մէջ վատը տեսնող։ Դուն դեւ ես… դեւ։, - վերջանցելուց մի բավարարվածություն փչեց երեսին ու հպվեց-մնաց շերտով։ Շուտվանից էր զսպում իրեն։
Վեր կացա տեղիցս, քայլեցի դեպ իրեն, կանգնեցի կես մետրի վրա և հարցրի․
— Գիտե՞ս ինչի ես դու իմ մեջ անվերջ դև տեսնում, ոչ թե որովհետև ես եմ դև, հոգիս, այդ որովհետև ինքդ ես մեղսագործ, եվ իմ մեջ մեղքերդ կտեսնես։ Ամբողջ կյանքում փախել ես ինքդ քեզնից, քո արածից ու չարածից, փախել ես, հետո էլի մեղքեր գործել ու փախել էլ ավելի նոր ուժով ու էլ ավելի շատ փախչելու բեռով
— Ես չեմ փախած։ Բաժանում դրած եմ այնտեղ, ուր երջանիկ չեմ եղած։
— Օօ, հպարտություն եմ զգում հաա դրա մեջ
— Այո, հպարտ եմ, հպարտ եմ, որ հլու հնազանդ ուլիկ չեմ եղած։
Ինքս ինձ ծիծաղալով ցածրաձայն հետ քայլեցի ու նստեցի աթոռիս, ինքը դեր կանգնած ինձ է նայում, սիգարետ վառեցի, փչեցի։ էս կետում արժեր կանգնել ու բաժանվել։ Բայց կանգնող չէինք ոչ ինքը, ոչ ես, որքան էլ ինձ բանական կոչեի ու կոչեր, իր ասած զգալը բանականությունից ավելի ուժեղ եղավ մոտս։ Հարցնում ա՝ պահանջելու պես․
— Ինչու՞ կխնդաս
Նայում եմ վրան, ծխում, էլի ծիծաղում, պահանջում ա պատասխան․
— Ինչո՞ւ կխնդաս քեզ կը հարցնիմ
Հաշվի առնելով նախկին փորձառությունը եվ սեղանի վրա դրված ծանր շիշը իմ սիրած ժանգագույնով, որոշեցի կտրեմ ծիծաղս, տոթ ու ծուխ էր սենյակում, մոտեցա պատուհանին մի փեղկ բացեմ, բայց քամին շպրտեց պատուհանը ներս, ու անձրև սկսեց լցնել մեկումեջ սենյակից ներս: Սթորմ էր։ Նստեցի էլի աթոռին, Նենեն տեղից չշաչժված սպասում ա պատասխանիս։ Սկսեցի․
— Գիտես, Նենե, բաժանումով հպարտացող կանայք վստահություն չեն ներշնչում։ Բաժանումը կարա խոսի քո սխալների մասին, բաժանումը կարա խոսի քո ցավի մասին, կարա խոսի քո ապրումների ու անցած ճանապարհի մասին, բաժանման համար կարելի ա ցավալ, հիշել, չմոռանալ, ափսոսալ, զղջալ, անգամ նոստալգիկ ապրումներ ունենալ, բայց ոչ հպարտանալ։ Հպարտանում ես ինչո՞վ։ Նրանո՞վ, որ քո զգացմունքները ավելի թույլ են եղել, քան կյանքը, քան իրականությունը, նրանո՞վ, որ զգացմունքներդ պարտվել են կյանքին, թե՞ հպարտանալ սխալներով, ինչի՞, ինչի՞ համար արժի հպարտանք ապրել՝ մահացու մեղքերից առաջինը․․․
— Ինձի ուրիշ բան ըսե, թուն երջանի՞կ ես, ադ քո մենակյաց ու զորեղ ու մռայլ թագավորության մեջ երջանի՞կ ես։
— Չէ․․․երջանիկ չեմ․․․Բայց տղամարդը, Նենե, ok ա երջանիկ չլինելու հետ, հաշտ ենք դրա հետ, տղամարդիկ գիտեն, որ կյանք ա, դառը ու ծանր բան ա էս կյանքը, օք ա, որ երջանիկ չլինես, դե հիմա կյանք ա, տղամարդը պարտադիր պայման չի դնում կյանքի առջև՝ երջանիկ լինել, որտև հասկանում ա, որ կյանքում պարտադիր պայմաններ դնելով չի, տղամարդը հասկանում ա, որ էս կյանքում երջանիկ լինելը եզակի, հատուկենտ դեպք ա, իրատես ա տղամարդը, կյանքի մեջ ա․․․Բացի դրանից, տղամարդը իրա սեփական դժբախտության մեղադրանքը չի տեսնում դիմացինի մեջ, չի դնում միանգամից դիմացինի մեջ, ուղղակի ընդունում ա, որ հիմա դժբախտ եմ կամ երջանիկ չեմ, դե հիմա տենց ա, փիլիսոփայորեն ա մոտենում․․․Ու ես միտված եմ կարծել, որ էդ գալիս ա դեռ Հին Հունաստանից, որտեղ Սոկրատեսը ասում են, որ ասում էր “Ամուսնացի ցանկացած դեպքում․ լավ կին պատահի, կլինես երջանիկ, վատ կին պատահի՝ կդառնաս փիլիսոփա”․ Չի ասում է՝ կբաժանվես վատ կնոջից, ասում ա՝ կդառնաս փիլիսոփա, այ էս փիլիսոփայական մոտեցումն ա․․․․
— Օօօ, ի՜նչ փիլիսոփայութիւն, վեհ, վեհ, բարձր միտքեր... Այդ բարձր միտքներուդ մէջ կրնաս մի օր ալ վեր բարձրանալ՝ ինքասպան ըլլաս։
— Օօօ, դժբախտ ու սեփական զգայարանների ձեռքը կրակն ընկած կին, էստեղ էլ եմ շտապում քեզ հիասթափեցնել, նախ որովհետև ոնց տեսնում ենք, մեզանից երկուսից ինքնասպանության փորձի, էն էլ որ կա անհաջող դիմել ես դու, - ասեցի ես ու ձեռքը բռնեցի՝ շրջելով այն ներսի կողմի վրա, - եվ երկրորդը՝ գիտես, սիրելիս, տղամարդիկ ըստ վիճակագրության ոչ միայն օք են իրանց դժբախտության հետ, այլև էդ դժբախտությունը իրենք իրենց մեջ են ապրում ու տանում, չեն փաթաթում աշխարհի վզին, չեն դրանով հարձակվում իրենց հետի մարդկանց վրա, չեն թակում հոգեբանների դռները, չեն փնտրում աստվածներ, լուռ ու մունջ տանում են, իսկ թե էդ բեռը շատ ծանր ա թվում, դնում ու վերջ են տալիս իրենք իրենց, էլի վիճակագրորեն 4 անգամ ավելի հաճախ քան կանայք։ Ու էլի վիճակագրորեն, տղամարդիկ ինքնասպան փորձում են լինել ավելի քիչ բայց 4 անգամ ավելի հաջող, իսկ կանայք ավելի հաճախ փորձում են բայց մահանում են 4 անգամ պակաս։ Ի դեպ, հիշարժանը էստեղ նաև էն ա, որ քո եկեղեցին՝ կաթոլիկը, շատ խիստ ա ինքնասպանների հանդեպ՝ ծանրագույն մեղք ա համարում, իսկ մերը՝ առաքելականը՝ ներողամիտ ա, ողորմած վերաբերմունք ունի, քանի որ եկեղեցին չի դատում․․․
Քամին էլ ավելի ուժեղացավ ու փչեց բաց պատուհանից սենյակից ներս՝ սեղանի թղթերը շպրտելով աջ ու ձախ, կաբինետի դուռը սկսեց ջեքին ճանգռել, Նենեն մոտեցավ դռանը, որ շանը ներս թողնի, ես մոտեցա պատուհանին, փակեցի այն, կաթիլներն ու երրորդ հարկ բարձրացած, հասած թփի ճյուղերը քամին սկսեց զարկել ապակուն, պահի տակ լույսը հանգչում, վառվում էր, սթորմ էր․․․
Ջեքին մտավ, Նենեն փակեց հետևից դուռը ու դռան մոտից հարցրեց․
— Ի՞նչ կ՚ուզես կեանքէն
— Կյանքից՝ նկատի ունես՝ քեզանի՞ց։
— Կեանքէն, ինծմէ՝ ի՛նչ կ՛ուզես, այդ քու փակուած վիճակէն, ի՛նչ որ սիրտդ կը փափագէ։ Սիրտ ունիս ընդհանրապէ՞ս, թէ ուղեղդ երկու տեղ է, կը կարծես խելացի ես, հնարամիտ, խորամանգ... Բայց ինծմէ պակաս հոգեպէս հաշմանդամ չես, չէ՛, աւելին ես՝ աւելին։ Ես տակաւին սիրտ ունիմ, սիրել կ՛կարենամ, իսկ դուն այդ ալ չունիս։ Չորցած ու անզգայ ծառ մըն ես, որ արժանի է կտրուելու։
Լռեցի։ Ոչ թե որովհետև կպավ ինձ, չէ հա, ես իր կարծիքը իմ մասին շուտվանից գիտեի, լռեցի, որ հասկանամ՝ կարող եմ ինձ զսպել թե չեմ էլ ուզում դա անել։ Ջեքին, որ ոտքերիս տակ էր եկել պառկել, հանկարծակի տեղից վեր կացավ ու մոտեցավ դռանը, ականջները սրեց ու սկսել հետևել կարծես դռից այն կողմին․․․
Հարցրի․
— Իսկ դո՞ւ, Նենե, դու ի՞նչ ես ուզում էս կյանքից․․․երբ չես ուզում մահանալ, ի՞նչ ես ուզում կյանքից՞․․․
Մոտեցավ սեղանին, վերցրեց ծանր ու չաղ վիսկիի շիշը բարակ ձեռքերի մեջ, դժվարությամբ պտտեց փականը, հիշում եմ․ մտքումս ասեցի․ հեչ չի բռնում էս ծանր թունդ շիշը օրիորդի ձեռքին, լցրեց իր բաժակը մինչ եզրերը։ Ինքս պատասխանեցի հարցին․
— Խմիչք ես ուզում․․․խմիչք ու ինքնամոռացում․․․Խմիչք ու փախուստ իրականությունից․․․
Էլի աչքերը կրակեց վրաս վերևից, տեղից չշարժվելով բայց ամբողջ ներկայությամբ առաջ գալով կրակեց խոսքեր․
— Քեզմէ փախչիլ կ՛ուզեմ, քեզմէ ազատիլ - ասեց ու բաժակը քաշեց գլուխը, շարունակեց արդեն գոռալով, - ատելի ես, զզուելի, թշնամի՛ դառած ես, կը լսե՞ս ինծի։՞
— Բա ի՞նչ եղավ սերդ, սերդ, սերդ, անվերջ կրկնվող սերդ, ահ էսօր օրը փոխվել ա արդեն, չորեքշաբթի ա, չորեքշաբթի ատելության օրն ա, հազար կներեք, օրիորդ, սիրո համար հինգշաբթի դիմե՞մ
— Սէր չմնաց,– գոռաց,– քեզ պես մարդուն համար սէր չմնաց։ Ոչ մէկ հարցիս պատասխան կու տաս։ Իմ ուզածը մեծ բան մը չէ – սովորական կեանք, սովորական սէր, ընտանիք, զաւակ, սովորական մարդու սովորական կեանք եւ երջանկութիւն
— Սովորական երջանկություուուն․․․ուզածդ շատ մեծ բան ա գիտես՞
— Քեզ պես քար մարդու համար միգուցե
— Չէ, չէ, ընդհանրապես, ուզածդ մեծ բան ա․․․Սովորական երջանկությունը մեծ բան ա։ Սովորական երջանկությունը սովորական մարդկանց մոտ սովորական մարդկանց հետ ամենաանսովոր երևույթն ա, հոգիս․․․
and the women break vases against the walls
and the men drink too much
and nobody finds the one
but keep looking crawling in and out of beds.․․
there's no chance at all,
nobody ever finds the one․․․
Երջանկությունը սովորական չի լինում հոգիս, սովորական է ամուսնությունը եվ երդումները, սովորական է լվացքը եվ ընթրիքը, սովորական է մարող սերը բայց ծնվող երեխաները, սովորական են վեճերը եվ կենցաղը, սովորական են ընտանիքները եվ դպրոցները․․եվ էդ սովորականի մեջ ամեն բան մարում, ամեն բան կորում, բթանում ա, կորում ա՝ լավագույն դեպքում, սովորաբար սովորականի մեջ ամեն բան երեսպատվում ա, երեսպաշտվում ա, կեղծվում ու իմիտացվում ա, արժանապատվությունն ու սերը ոչնչանում ա, ու փոխարինվում ա հասուն, հասուուուն պատասխանատվությամբ ու պարտավորություններով իսկ ինչպես գիտենք պարտավորությանը հղում ա կատարում բանկն ու զինկոմիսարիատը, իսկ սիրուն՝ Հիսուսն ու պոետները․․․Այդ էդ կարգի սովորական բան չի սերն ու երջանկությունը դրանում, հոգիս․․․Իսկ սովորական կյանքում էլ ոչինչ չի ավելանում էդ սովորական ամուսինների մոտ, գուցե միայն ավելանում են նոր անդաստիարակ երեխաներ, որոնք մեծանալով պիտի միայն ավելացնեն աշխարհքի դժբախտությունը, թյուրիմացաբար ու անսեր էլի ամուսնանան, էդ անսիրությունը մինչև ի մահ որպես պարտք հպարտորեն տանեն, դե չէ որ պարտքի զգացումն ա միայն որ կարող է մեզ ուղեկցել մինչ մահ, իսկ սերը հակապարտավորություն ա, հոգիս, սերը հակաավանդույթ ա, սերը հակա ա ձեր ամբողջ սովորական աշխարհին, դրա համար էլ սովորական չի։ Նենց որ, սիրելիս, գտիր քեզ սովորական մարդու ու ծնիր նրանից սովորական երեխաներ, մեծացրու աշխարհքի բեռը, բայց երջանկությունից ու սիրուց մոտս մի խոսի․․․
Ջեքին սկսեց գռմռալ դռան տակ կանգնած, երկուսս էլ հայացք ուղղեցինք շանը բայց չշեղվեցինք, նոր եռանդով սկսեց ցիտել աստվածաշունչ․
— Սերը հանդուժող է, սերը բարի է, սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ And you character does not fit in it. I just know, now I know for sure that I don't want to be with you. I just want to have a pure heart, and be surrounded with people like that, no lies, no sophisticated things…, - վերջին բառի վրա ամպը գոռաց էնպես, կարծես շենքը ցնցվեց։ Անկեղծ ասեմ՝ հենց Նենեն սկսում էր մաքուր ու վեհ բաներից խոսել, կատաղում էի, կատաղում էի իր անհիմն սպասելիքներից, պահանջներից, նրանից, որ մաքուր սեր էր փնտրում բայց ամեն բան անում էր, որ սեր չհանդիպի իրեն, նա ոչնչով արժանի չէր սիրուն, նա ոչինչ չէր անում, որ ստանա սերը կյանքից, ինձնից ու իր Աստծուց։
— Հազար անգամ եմ լսել էս ամենը, ու հազար անգամ էլ լսել եմ քո սիրում եմ-ները, դու պարզապես սերդ հարմար մարդու հետ ես ուզում կառուցես, սերը փաստորեն կառուցում են, հոգիս, չեն զգում, հա՞, կառուցում են, հա, պլանավորում, հաշվարկում, նախատրամադրվում, եղանակին նայում ու հիպոտեքի շուկայի տատանումներին․․․
— Այո, հէնց այսպէս, արժանի մարդու հետ սէր կընեն
— Հետաքրքիր ա, իսկ առաջին հանդիպմանը արդեն հասկացե՞լ էիր, որ արժանի չեմ, թե՞ հետո մտածեցիր՝ անարժան եմ
Մոտեցավ ինձ, կռացավ վրաս ու ասեց՝ դանակահարելու փոխարեն․
— Ճղճիմ ես՝ ճղճիմ հոգով, ճղճիմ ու ատելի
— Երեսպաշտ ես ու մոլագար
— Ստոր ես եվ տականք
— Մոլորված ես ու ընկած
— Անարժան ես ու անպիտան
— Վախվորած ես բայց դուրս ընկած
— Բարբարոս թափթփուկ ես
— Պարզապես քած ես
Ասելուս վրա նստած տեղս բրդեց ինձ դոշիցս, այնքան ուժեղ, որ աթոռը ետ գնաց, քայլեց դեպի բազմոց, ուր պայուսակն ու բաճկոնն էր, հագավ դրանք, ես բարձրացա ու ետևից քայլեցի, թևից բռնեցի, շրջեցի իմ կողմ․
— ԱՄԵՆ ԲԱՆ ՎԵՐՋԱՑԱԾ Է, - գոռաց, - it’s over, its OVEEEER, FUCK THIS SHIT, FUCK YOU, FUCK YOUUU, - գոռում էր կարմրած դևացած աչքերով
— Սկսիր, սկսիր տրագիզմը, գոռա, մազերդ պոկիր, պատերը ճանգռիր, խոհանոցի դանակները վերցրու, պաշտպանվիր, իբրև թե ինձնից, բայց կյանքից, կյանքից, կյանքից
— I HATE YOUUUU, - գոռաց ու սկսեց խփել ինձ, երկու ձեռքերը պահեցի, սկսեց հոնգուր-հոնգուր լաց լինել, հիմա էլ ոտքերով հարվածել, պետք էր, պետք էր շուտ ավարտել, թեկուզ կիսատ, - If disgust had a face, it’d be yours, - ատամները սեղմած ձայնը փոխած գռմռաց
— Հանգստացի, - գոռացի, - ՀԱՆԴԱՐՏՎԻ, հարևանները քնած են, խենթանոց ես սարքել արդեն էս շենքը
— Անիծե՛ս դու, անիծի՛ էն օրու, որ քեզ տեսայ, քեզ հետ ոչինչ հնարավոր չէ, ոոոչինչ, - գոռում ա, ու հասցնում հարվածներ հասցնել ու ձեռքերիս տակից փախչել
— Հանդարտվի, ok, it’s over, it’s over, հանդարտվի հիմա, - մինչ հասնում եմ մեջքից բռնում, հասցնում ա բաժակը վերցնել ու շփել երեսիս, վիսկին լցվում ա մի աչքիս մեջ ու մրմռացնում, բաց եմ թողնում, ու գոռում՝ FUCKING BITCH!!! Աչքերս փակ հասնում եմ հետևից, բռնում մեջքից, շրջում իմ կողմ ու գոռում․
— Հանգստացի, ասում եմ քեզ, հանդարտվի, վերջ, կտանեմ քեզ տուն ու վերջ էս թատրոնին, վեեերջ, հիմա տիրապետի քեզ, հանդարտվիր
Նայեց խենթացած աչքերով վրաս, շնչառությունը տեղը բերեց, ասեց․
— Ok
— Ok, - բաց թողեցի, ես քայլեցի դեպի սեղան, անձեռոցիկով երեսս սրբեցի, նստեցի աթոռին՝ միհատ ծխեմ, փոթորկոտ անձրևը շարունակվում էր, հարվածում պատուհաններին և տանիքին
Կանգնած տեղից չէր շարժվում։ Կարծում եմ՝ դրաման ամբողջական չէր իր համար։ Օթելլոն դեռևս չէր խեղդել սիրեցյալին։ Հարցրեց․
— Դուն կմտածես ինձնից արժանի մարդ մըն ես, չէ՞
— Չէ, արժանիքներում չեմ մրցում հետդ, Նենե։ Գիտեմ, որ ոչ ես, ոչ էլ դու բարի պտուղ չենք։
— Դուն փարի չես, դուն փարի չես, - գոռաց ու շպրտեց վրաս բազմոցին դրած բարձը, որը ճանապարհին հանդիպեց իռլանդացուն, գցեց գետնին ու փշուր-փշուր արեց,- Մէկ վայրկեան անգամ քեզի հետ ըլլալ չեմ ուզեր, - գոռաց։
Դուռը բացեց դուրս փախավ միջանցք, հետևից հաչոցով դուրս պրծավ Ջեքին ու մինչ Ջեքիի հետևից ես դուրս կվազեի, դռից էն կողմ լսվեցին Ջեքիի գզվռտոցի ձայները ու կատվի մլավոցները, դռից դուրս եկա տեսնեմ՝ Ջեքին բռնել ա մի սև կատվի ձագ ու ատամներով գզում ա՝ աջ ու ձախ քաշքշելով, կատվի մայրը՝ հասել ա Ջեքիին ճանգռոտում ա, Նենեն կանգ ա առել միջանցքի մյուս ծայրում՝ աստիճանների մոտ ու վախվորած նայում ա շան կողմը, նայեցի Նենեյին, նայեցի շանն ու կատվին, կռացա, Ջեքիին վզից բռնեցի, բարձրացրի, անտերը ձագին բաց չի թողնում, փորձեցի ձագին ինքս պոկեմ մոտից, մի կերպ ատամներից դուրս հանեցի, բայց ձեռքիցս փախավ ձագը, վազելով մտավ սենյակ ու սկսեց պատերով, բազմոցով ու սեղանով վազվզել, Ջեքին՝ ձեռքիս կախված՝ գռմռում ու վրա ա տալիս օդում ու հաչում, էդ ընթացքում լույսերը գնում են, կայծակի լույսը ներս ա ընկնում տեռասայի ապակեպատ դռից դեպի միջանցք՝ լուսավորելով սև կատուներին, սենյակից դռան մոտից հեռու եմ գնում, որ կատվի մայրը գա տանի ձագին, իսկույն մտնում ա սենյակ, ատամներով բռնում ու դուրս տանում, ու թռնում աստիճանների վրայից, սպասում եմ մի քանի վայրկյան, նոր Ջեքիին դնում գետնին, նայում աստիճանների կողմը՝ տեսնում Նենեն չկա, արագ իջնում եմ դեպի մուտք, տեսնում եմ դարպասը կիսաբաց ա, դուրս եմ գալիս դարպասից, արդեն լռիվ ջուր դարձած, մթագույն գիշեր էր, ու հեղեղ, աջ-ձախ եմ նայում, ոչ մեկ չկար, ընդհանրապես ոչինչ չէր երևում, ամենամութ գիշերը, որ ինձ հանդիպել ա, մենակ նկատում եմ, որ ոտքերիս արանքից ջեքին ա պլստում ու վազում, մտածում եմ, Ջեքին դեռ երևում ա, Ջեքիին հետ բերեմ, վազում եմ հետևից, հետ-հետ նայելով արագացնում ա քայլքը ու մտնում մոտակա թփերը ու կորում։ Քրֆում եմ՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն՝ սուկին սին էլի․․․հետ եմ գալիս դեպի դարպասը, նստում եմ մեքենան ու քշում անտառայինի ամայի ու մութ ու հեղեղից գետ դարձած փողոցներով։ Էդ գիժ անտերը տեղանքին նորմալ ծանոթ չի, չորս կողմը շինարարություն ա, ու անտուն շների ոհմակներ, գտնեմ, մի փորձանքի չգա խելագառը՝ գիշերվա 3-ին։
Մի քանի րոպե քշելուց հետո, դեպի սարալանջ տանող դքի վրա մարդու սիլուէտ եմ տեսնում, քշում եմ, դիմացը կտրում, Նենեն ա, լռիվ թրջված մուկ դարձած, բռնում, գրկում եմ, որ տանեմ գցեմ մեքենան, կծոտում ա, հարվածում, ճանգռում, արաբերեն հայհոյում, ես լուռ եմ, մինչև որ ուսս նենց ա կծում, որ մի կտոր մարմնիցս հաստատ հետը տանում ա, գոռում եմ ցավից՝ սուկաաաա, ապտակում եմ, պատասխան հարվածներ ստանում, հասկանում եմ որ չի հանգստանա, մինչև մեքենա չնստացնեմ, պոկում եմ գետնից, գրկած հասցնում մեքենայի մոտ, մի ձեռքով բռնած պահում մյուսով փորձում բացել դուռը, դուռը բացելուց գցում եմ նստարանի վրա, նստարանին գցելուց գլուխը կպնում ա դռանը, գոչում ա ցավից․
— Քլուխս, անասուն, քլուխսսսս
— ՆՍՏԻ ՄԵՔԵՆԱՆ!!!
Նստում ա, դուռը փակում եմ, փակում եմ նաև պուլտից, մոտենում եմ վարորդի դռանը, պուլտով բացում, նստում։
— Լսի քեզ ինչ եմ ասում, լսի քեզ ինչ եմ ասում, - գլխից բռնած, արդեն գրեթե ինձ չկառավարելով գոռում եմ, - խելոք նստի, տանում եմ քեզ տուն, ու վերջ, վերջ, տանում եմ քեզ տուն, ուրիշ տեղ չենք գնում, տուն, հասկացար՞
Բան չի պատասխանում․
— Ասա ինձ հասկացար՞։ Ասա, Նենե, ասա, որ համոզված լինեմ, հանգիստ լինեմ, որ չես բացելու դուռը ցատկես կամ քշելուց հարձակվես վրես։ Ասա` կնստեմ մինչև հասցնես ինձ տուն
— Քշի՛ր մեքենա, գլուխս անասելի կը ցավի
Քշում եմ՝ դիմացս համարյա բան չտեսնելով, դիմապակու մաքիչները չեն հասցնում մաքրել հարվածող կաթիլները, դիմապակին քրտնում ա, քոռ-քոռի դուրս եմ գալիս սարալանջի պողոտա։ Լուռ ենք։ Ջուրը հոսում, կաթկթում ա երկուսիս մազերից, ունքերից, քթից ու հագուստից։ Գլուխը բռնած նստած ա։ Հարցնում եմ․
— Շա՞տ ա ցավում։
Չի խոսում։ Նորից եմ հարցնում։
— Շա՞տ ա ցավում, ցույց տուր տեսնեմ՝ այտուց կա թե չէ
— Քշի՛ր տուն ինծի
Նայում եմ վրան, վրաս չի նայում, բայց կատաղությունը անցած ա, դե Օթելլոն խեղդեց սիրեցյալին, դրաման ավարտվեց․
— Կուզես հոսպիտալ քշեմ, միհատ նկարեն գլուխդ
— Չէ, տուն հասցրու ինձի
— Լավ
Ճանապարհին անձրևը թուլանում ա։ Հասցնում եմ տան մուտքի մոտ։ Նայում եմ վրան, վրաս չի նայում։ Հասցնում եմ ասել՝ բարով մնաս, դուռը շրխկացնում ա ու գնում։
Դանդաղ հետ եմ քշում օֆիս։ Անձրևը գրեթե կտրված էր, միայն մաղում էր միքիչ և դա էլ շուտով կկտրվեր․․․Գիշերվա անձրևն էր, որ երբեք չի երկարում մինչ լուսաբաց․․․Գիշերը կիսվել էր ու դադարել էր սևանալ․․․
Հասա դարպասների մոտ։ Դուրս եկա մեքենայից, տեսնեմ՝ Ջեքին ցեխի մեջ կորած նստած սպասում ա դարպասի մուտքի մոտ։ Բացեցի, ներս մտավ։ Բարձրացա կաբինետս, Ջեքին հետևիցս, դուռը բացեցի, Ջեքին ինձ ա նայում։ “Մտի” ասեցի, ես հետևիցս մտա, թաց շորերս գցեցի աթոռին ու ընկա դիվանին, ջեքին եկավ կողքս՝ դիվանի տակ պառկեց, միքիչ շոյեցի մռութը ու անջատվեցի․․․
Առավոտ
Արթնացա Ջեքիի անհանգիստ գնալ գալուց պարկետով․ դուրս էր ուզում։ Վեր կացա, աչք ծակող արև էր դրսում, բացեցի դուռը, ջեքին փախավ ներքև՝ այգի, ես գնացի խոհանոց։ Երեսովս մի քանի ափ սառը ջուր տվեցի։ Հետո ջեզզվեն լցրեցի, որ սուրճս դնեմ․․․Հետո որոշեցի նախաճաշ սարքեմ կյանքումս երևի երրորդ կամ չորրորդ անգամ․․․Դե անառողջ հարաբերությունները ավարտելուց հետո արժի առողջ նախաճաշ անել․․․
Ջեքին հետ եկավ, ձվածեղիս կեսը տվեցի իրեն ու նախաճաշեցինք։
Երեկո, ժամը 5․
Զանգ․
— Վիգեն Գոռոզյանի հետ եմ խոսու՞մ
— Լսում եմ
— Ոստիկանությունից են զանգում
— Անհանգստացնում
— Ինչպե՞ս
— Ճիշտ է ասել անհանգստացնում ոստիկանության դեպքում
— Իմ անունը Մարինե Պետրոսյան է, խնդրում եմ մոտենալ ժամը 6-ին ոստիկանություն, մի քանի հարց ունենք Ձեզ
— Ի՞նչ հարց, ինչի՞ հետ կապված
— Նենե Աճեմյանի հետ կապված
— Ի՞նչ ա պատահել
— Էս պահի դրությամբ ոչ մի լուրջ բան, հիվանդանոց ա դիմել, բայց Ձեզ հետ պիտի զրուցենք
— Իմ վրա բողոք կա՞
— Ոչ, բողոք գրել հրաժարվել ա Նենեն
— Բա էլ ի՞նչ կա
— Լուրջ բան չկա, բայց եկեք զրուցենք միքիչ
— Լավ, կերևամ 6-ի կողմերը
Զանգեցի փաստաբան ընգերոջս՝ Սահակին․
— Բարլուս, ստեղ մի ժամից քաղմաս են հրավիրում ինձ, աղջկա հետ կապված ինչ-որ, բայց լուրջ բան չկա, զուտ զանգում եմ տեղյակ պահեմ
— Այսի՞նքն
— Դե չգիտեմ կգնամ, կհասկանամ էլի, բայց վստահ եմ՝ լուրջ բան չկա
— Չէ, արա, վա՞տ ես, մենակ հանկարծ չգնաս դրանց մոտ, սպասի, ե՞րբ են կանչել
— Ապեր, դե չեմ կարծում հարց կա,
— Դու ի՞նչ գիտես կա թե չկա, սպասի, ես հետդ եմ գալիս
— Այ ախպեր, որ պետք լինի կզանգեմ, կգաս էլի
— Չէ, ասում եմ, վայ, արա, հանկարծ մենակ չգնաս, երբ են կանչե՞լ
— Մի ժամից տենց էլի
— Արի ինձ վերցրու, իրար հետ գնանք
— Լավ, ոնց ասես․․․
Մտնում ենք քաղմաս։ Ճանապարհին Սահակին մի 2 բան պատմել էի։ Կաբինետից դուրս ա գալիս Մարինեն․
— Ո՞վ ա Ձեզանից Վիգեն Գոռոզյանը
— Ես եմ, - ասում եմ, Սահակը մեջ ա մտնում․
— Իսկ ես Վիգեն Գոռոզյանին փաստաբանն եմ, բարև Ձեզ, խնդրում եմ զրուցելիս ինձ հետ զրուցեք։
Մարինեն նայում ա փաստաբանին, չի պատասխանում, դիմում ա ինձ․
— Ինչի՞ համար եք եկել փաստաբանի հետ
— Ապահո․․․
— Պարզագույն իրավունքից ա օգտվել իմ վստահորդը
Մարինեն շարունակում ա ինձ դիմել․
— Մենք չենք կանչել ձեզանից ցուցմունք ուզելու, կամ առավել ևս մեղադրանքի համար, զուտ ուզում ենք զրուցել 5 րոպե
— Ինձ հետ կարող եք 50 րոպե զրուցել, բայց ինձ հետ, - ասում ա Սահակը
Սահակին մի կողմ եմ քաշում, ցածր ասում․
— Ախպեր, իսկապես կարծում եմ լուրջ բան չկա, ավելի լավա չձգենք, մտնեմ տենամ ուզածները ինչ ա, ըստ դրան կշարժվենք
— Լավ, բայց ոչ մի բան չստորագրես, ոչ մի հարցի չպատասխանես, ուղղակի պարզի ուզածները ի՞նչ ա ու ինչի՞ հետ ա կապված կոնկրետ
— Հա, հա, քյալ չեմ, բայց դե վստահ եղի, բողոք չկա իմ վրա
Մոտեցա ոստիկանին, Սահակը էլի առաջ ընկավ ու հայտարարեց․
— 5 րոպեով կթողնեմ Ձեզ միասին
Ոստիկանը ոչինչ չի պատասխանում, մտնում ա կաբինետ, ես հետևից․
— Նենեն Ձեր ի՞նչն է։
— Արդեն ոչ մեկը
— Մինչև այս առավոտ ժամը 10-ը Ձեր ի՞նչն էր
— Ընկերուհիս երևի
— Իսկ ի՞նչ է տեղի ունեցել երեկ
— Մի րոպե, մի րոպե, զրուցում ենք, չէ՞, մենք զրուցում ենք Ձեր հետ միասին, զրույցը ենթադրում ա, որ ես էլ կարող եմ հարցեր տալ, չէ՞
— Տվեք
— Հիվանդանոց ինչի՞ համար ա դիմել Նենեն
Ոստիկանը մի պահ շեղվեց դեպի դուռը, որի մեջտեղի հատվածը անթափանց ապակի էր, հետո պատասխանեց՝ հայացքը դռից չթեքելով
— Գլխի հատվածում վնասվածքի համար
— Կա՞ վնասվածք
— Արտաքուստ աննշան, բայց․․․ դե լավ էէէլի․․․․
Զարմացած վրան եմ նայում։ Դիմում ա ինձ․
— Ասեք ավելի լավա թող մտնի Ձեր փաստաբանը
— Ինչի՞
— Դե դռան հետևը ականջ ա դնում, շողքը երեևում ա, մեկա չի թողնելու մենք հանգիստ զրուցենք, թող գա, շուտ ավարտենք
Առանց իմ ասելու Սահակը դուռը բացեց, ժպիտով ներս մտավ․
— Ես Ձեզ չեմ խանգառի, պարզապես կլսեմ
— Ահաա, - դժգոհությամբ ու զզվանքով արտաբերեց ոստիկանը
— Եվ ինչ վնասվածք ա, - հարցնում եմ, բայց ոստիկանը կարծես ինձ չի լսում, ուշադիր հետևում ա Սահակին ու հետո էլ դիմում ա Սահակին
— Կներկայացնե՞ք Ձեր լիցենզիան
— Մեծ սիրով ու արագությամբ, - Սահակը նախապես դիպլոմատից հանած թղթիկը մեկնում ա ոստիկանին։ Ոստիկանը վերցնում ա, աչքի տակով անցկացնում ու դիմում
— Պարոն Կարաղուլյան, ինձնից լավ պետք ա իմանաք, որ էսպիսի դեպքերում մենք պարտավոր ենք հրավիրել ոստիկանություն եվ հարցեր տալ
— Իհարկե, իհարկե, տիկին․․․
— Ոստիկան
— Չէ, կցանկանամ ձեր կոչումը եվ ազգանունը իմանալ
— Պետրոսյան
— Տիկին Պետրոսյան, բայց լավ ոստիկանը նախ երևի թե կփորձի հասկանալ ում է կանչում հարցեր տալու, գիտե՞ք, որ դասախոս մարդու եք կանչել
— Գիտեմ, Նենեն պատմել ա ինձ։
— Ըհը, բա որ գիտեք, Նենեն էլ բողոք չունի, էլ ինչ ենք ստեղ անում հարգարժան պարոնայքով՝ դասախոսներով ու փաստաբաններով։
— Նենեն շատ բարի ու ազնիվ աղջիկ ա․․․
— Որպես փաստաբան պնդում եմ, որ իմ վստահորդը ավելի բարի ու ազնիվ ա, բայց ինչը ավելի կարևոր ա, ավելի զբաղված մարդ ա, ու ուզում ա շուտ գնա իրա գործերով։
Ոստիկանը շրջվում ա դեպի ինձ ու ասում․
— Վիգեն ջան, կցանկանայինք որպեսզի գրավոր ներկայացնեք երեկ գիշերվա եղելությունը
— Ես էլ ծնունդիս ռոլս ռոլյս եմ ուզում, Վիգեն ջան, կնվիրե՞ս։ Չէ՞։ Տիկին Պետրոսյան ջան, ցանկությունները պահում են ծնունդի մոմերը փչելուց։ Չեք պահել, չէ, որ իմ վստահորդը թղթեր գրի ու ստորագրի։
— Հարգելիս, էդպես ավելի արագ կլինի
— Ի՞նչը ավելի արագ կլինի, - հարցնում ա Սահակը
— Գործը
— Ի՞նչ գործ է։ Բողոք չկա, վնասվածք կամ չկա, կամ էլ եթե անգամ կա ինչ-որ աննշան, դրա մասին տեղեկություն դուք դեռ չունեք, թե չէ ուրիշ ձև կխոսեիք։
— Կնախընտրեք որ տեղեկությունը գա հասնի, ու էլի ձեզ կանչենք զրուցելու։
— Իհարկե, ինչու ոչ, եթե ցանկություն կա ինձ՝ փաստաբանիս հետ զրուցելու, հրավիրեք։
Ոստիկանը էլի ինձ ա դիմում․
— Մի էջով արագ ներկայացրեք ինչա եղել ու վերջ, ոչ մի խնդիր չի լինի, Նենեն հենց ինքը խնդրել ա, որպեսզի Դուք որևիցե խնդիր հանկարծ չունենաք։
— Վայ, վայ, սպասեք բացեմ, սպասեք բացեմ քրեականը, - իրոնիայով սկսեց Սահակը՝ արհեստական թերթելով քրեական օրենսգիրքը ձեռքի։ Սահակը ակնհայտ կայֆ էր ստանում էս ամենից։ Բայց ես չէ, ուզում էի շուտ ավարտվեր էս ամենը, ինձ համար ավարտվել էր երեկ գիշեր ու հիմա կարծես էջը հետ տանեին, - սպասեք, սպասեք, ահ, չեմ գտնում, կհուշեք Նենեի խնդրանքների մասը ո՞ր էջում էր քրեական օրենսգրքի։
— Լավ, - բարձր ասեցի ես, որպեսզի էս հակամարտության կրքի աստիճանը միքիչ իջացնեմ, - լավ, տիկին ոստիկան, ես բան չեմ գրի ու չեմ ստորագրի, քանի դեռ փաստաբանը ինձ խորհուրդ չտա դա անել, բանավոր ասում եմ Ձեզ, որ երեկ որևիցե լուրջ բան չի եղել, հերթական սովորական վեճերից ա եղել, ու ամեն բան ավարտվել ա արդեն, որևիցե կապ էլ չկա ու չի լինելու իմ ու Նենեի միջև, ենթադրում եմ՝ Նենեն լավ ա․․․
Սահակը տեղից վեր կացավ, ես հետևից։ Ես ուզում էի դուրս գալ, երբ Սահակը հարցրեց․
— Կասեք Նենեն ո՞ր հիվանդանոցն ա դիմել։
— Պարտավոր չեմ ասել
— Այսինքն դուք պարտավոր չեք գոնե հիվանդանոցը նշել, իմ վստահորդը պարտավոր ա մի էջ բան գրել ձեզ համար, պարզ ա․․․ Դե ցտեցություն Ձեզ։
Դուրս եկանք կաբինետից, հետո քաղմասից։ Փողոցում Սահակը հարցնում ա․
— էդ աղջիկը լռիվ անխե՞լք ա։ Որ բողոք չունի, չէր կարում ասեր գլուխս խոսքի դռանն եմ խփել պատահաբար
— Պատվիրան, ապեր, պատվիրան, մի ստիր, յանը տարած ա կրոնի վրա
— Հաաա, բայց մենակ էդ մի պատվիրանի վրա ա տարած ոնց որ թե, հա՞։
— Աաա, եսիմ, Սահակ, շատ բան չեմ ուզում խոսամ, ասեմ․․․
— Կապ չկա չէ՞ իսկապես
— Չէ, չէ։
— Հանկարծ կապի դուրս չգաս դու հետը
— Չէ, չէ, ֆսյո ա, վերջացած ա
— Եթե հանկարծ զանգի, չվերցնես, վաբշե բլոկի
— Կարիքը չկա․․․իսկապես վերջացած ա․․․Դասի եմ ժամը 7-ին, Սահակ․․․Պիտի վազեմ։ Մերսի, որ եկար, գնահատում եմ․․․
— Գնա, գնա, կխոսանք
Քայլեցի պարկինգ, նստեցի մեքենան։ Խոդ տալ չշտապեցի, նստեցի միքիչ անշարժ լռության մեջ․․․Մեքենայի նստարանները դեռ խոնավ էին երեկվանից հետո․․Արտացոլանքս տեսա հայելու մեջ․․․Կյանքում փոփոխությունները գալիս են կանգերից․․․Ոչ էն գրքային կամ կինոշնիյ կանգերից, երբ հերոսը հանկարծակի կամք ա հավաքում, կամ հրաշքով գիտակից դառնում, կամ Աստծո կամոք հասկանում ա, թե ինչ ա ուզում կյանքից․․․Չէ, կյանքի իրական կանգերը հոգնածությունից ու ունայնությունից են։ 5 տարուց ավել վազքի մեջ էի՝ անհասկանալի, անվերջանալի, անընկալելի, ոչ փախուստ էր ինչ-որ բանից, ոչ մրցավազք էր դեպի մի ինչ-որ բան։ 5 տարուց ավել քշում էի մեքենան ճռռիկներով, մեծ արագությամբ ու մեծ վտանգներով նույն մայրուղով՝ ճանապարհին հազար ու մի երևույթի ու մարդու հանդիպելով, ճանապարհին ամեն տեսակ մարդու pick up անելով՝ գիշերով, ցերեկով, առանց ճշտելու որտեղ են ուղևորվում, ինչ իմաստ կար ճշտելու, եթե ես ուղևորության վերջնակետ չունեի․․էդ ճանապարհին ոչինչ չկար բացի կյանքից, կյանքի առաջարկածից ու հետո խլածից․․․Ամեն ինչ շատ էր ու չափնանց․․․Ուղղակի շատ էր։ 5 տարի կանայք ու աղջիկները, էգերն ու պցերը, քածերն ու լրբերը գալիս ու անցնում էին իմ ճանապարհով, հատվում ինձ, հպվում, ժամկետով կպնում ու կորում, անէանում, մոռացվում, տեղները ազատում, գալիս էին իրենց լեզուներով ու խոսքերով, իրենց մարմիններով ու նյարդերով, ողնաշարով ու ձեռքերի գգվանքներով, երկար պարանոցներով ու կարճ զգեստերով, սիրո հեշտ ու շուտ խոստովանություններով ու նույնքան հեշտ անեծքներով, սիրուն բարեմասնություններով ու խեղված հոգիներով, բարակիրան մարմիններով ու հաստափոր դիագնոզներով, ուրախ պոռնիկները՝ տխուր հոգիներով, որ փնտրում էին սեր սեքսի դիմաց․․․
Հոգնած էի, ներսս շեքսպիրյան ունայնություն էր, որ մենախոսություն էր պահանջում, ոչ թե երկխոսություն, որ ակտիվ ու գժանոց՝ լույսերով ու թրթռացող նեոններով մայրուղուց շրջադարձ էր ուզում դեպի մի նեղ կածան, ուր անգամ մեկ լապտեր չլիներ․․․
Երեկվա օրը անցավ հիշողությունովս՝ խոսքերն ու թեմաները վառելով մտքում։ Վստահ չեմ երեկվա խոսքերից լռիվ անկեղծության մեջ, վստահ եմ դրանց ճշտության մեջ, բայց անկեղծությա՞ն․․․Ամեն ճիշտ չի, որ պիտի դառնա քո անկեղծությունը։ Ստին հավատալը նույնպես անկեղծ մի բան ա։ Երևի ես կուզենայի մեկը լիներ, որ կարողանար վիճեր ինձ հետ, չհամոզեր, բայց գոնե ի վիճակի լիներ, էնքան հոգի ու սիրտ ունենար, որ կարողանար վիճեր հետս ու չհամաձայնել․․․ Թող չհամոզեր ինձ հակառակում, բայց գոնե չհամաձայներ հետս․․․
Խոդ տվի ավտոն, նեղ արանքերով՝ խուսափելով խցանումներից, առանց ուշացման հասա օֆիս ու կաբինետս։
Միացրեցի դասի վիդեոքոլը։ 7-8 ուսանող էին միացած՝ առանց կամերան միացնելու։ Զարմանալիորեն առանց ուշացման մի պատուհանի տակ գրված էր նաև Լելիա Միրզոյան։ Միացրեցի կամերաս, ասեցի․
— Բարև Ձեզ։ Միացրեք կամերաները, 2 րոպեից սկսում ենք։
Լելիան միացրեց կամերան, հետո միկրոֆոնը ու արձագանքեց․
— Բարև Ձեզ
Ժպտացի։ Երևի աննկատ։
— Ինչի՞ են էսքան քիչ ուսանողները, Լելիա։
— Դե դուք սովորաբար 10 րոպե ուշ եք միանում, սովորել են, պարոն Գոռոզյան
— Լավ, լավ, դե ուրեմն 10 րոպեից կսկսենք․․․
Լելիան ժպտաց: Համարյա աննկատ։
Comments