S O U L J O B 8, 9
- Vag Germanyan

- 16 мая 2020 г.
- 21 мин. чтения
Обновлено: 17 февр. 2023 г.
S O U L J O B 8, 9
Գլուխ 8 Հաջորդ օրը հավաքեցի Լառայի համարը: Մինչև զանգելու կոճակը սեղմելը, մի քանի անգամ բարձրաձայն փորձարկեցի, թե ինչ պիտի ասեմ, թեպետ ինչ էլ ասեի, ոնց էլ մի տեղ հրավիրեի, համաձայնությունը դեռ երեկվանից էի ստացել: Անհանգիստ էի, որը ինձ խոստովանել չէի ուզում, բայց և որը հաճելի էր զգալ: Ինչ-որ հատուկություն կար, էն հատուկությունից, որ ամեն բան առաջին անգամվա պես ա սարքում: Ուզում էի, որ առաջին խոսակցությունը կատարյալ լինի` սնահավատորեն կարծելով թե դրանով կատարյալ կլինի նաև շարունակությունը` անտեսելով իմ ամեն ինչ փչացնելու գործոնը: Զանգելուց առաջ ոչ մի բանի մասին չէի մտածել ու ոչ մի հարցի ինքս իմ մեջ չէի պատասխանել: Իսկ հարցերը շատ էին: Ինչի՞ եմ ուզում իրան հանդիպել, ի՞նչ եմ սպասում իրանից, ի՞նչ եմ անելու մնացած աղջիկներին, որ ներկա պահին կան իմ կյանքում, ի՞նչ ա լինելու սրա վերջը, պե՞տք ա էս ամենը ինձ, իրան, մեզ: Սիրահարված էի կամ սիրահարվելու վերջին շեմին էի, ու ուզում էի հնարավորինս արագ ու ուժեղ հարվածով խփեի-գցեի ինքս ինձ ապագայի մեջ: Իսկ հարցերի վրա` թքած ու հատկապես թքած պատասխանների վրա: Չկա ավելի ձանձրալի արարած, քան սիրահարվածության մեջ մտածող ու հաշվարկներ անող պատասխանատու անձը: Անպատասխանատվությու՞ն ա չմտածելը: Իհարկե, սերը համարձակություն ա պահանջում, իսկ համաձարկությունը միշտ էլ ենթադրում ա անպատասխանատվություն: Սերը անպատասխանատու զբաղմունք ա: Զանգեցի:
- Բարև: Լռեց: Կարծում եմ, կամ ուզում եմ կարծել, թե ժպտում էր լռելուց: - Բարև, - ուշացած ասեց: - Վիգն ա... - Կարծու՞մ ես` չճանաչեցի: - Վստահ եմ, որ ճանաչեցիր: Ժպիտը ավարտող արտաշունչ լսեցի: Շարունակեցի. - Էսօր հանդիպե՞նք: - Անսովոր ա լսել ձայնդ… - Թողե՞մ` սովորես: Լռություն: - Չէ: Ի՞նչ էիր հարցնում, Վիգ, - ասեց նա: Լսել էր իհարկե, բայց ցանկանում էր` կրկնեի հարցը: Կարիք կար պահել և հիշել պահը: Նա միշտ գիտեր, որ պահերը պետք ա պահել ու հիշել, անգամ եթե բաժանվենք: - Ազա՞տ ես երեկոյան: - Հա: - Առաջարկում եմ հանդիպել, - արտաբերեցի ու հասկացա, որ ավելի տապոռ ձևով չէի կարա հնչեցնել առաջարկը: - Արի: - Արի 7:30: Տեղը դու ասա: - Չէ, տեղն էլ դու ասա, - էդ ասելով ուզում էր ամբողջովին առաջին հանդիպման նախաձեռնությունը ու կազմակերպումը թողնել ինձ: Դերերի բաշխում էր սիրում, ու էս դերը տղամարդունն էր: Նա միշտ թողնում էր, որ դու լինեիր տղամարդ: - Յամ-Յամ-ի դիմաց ուրեմն: - Օք: Ո՞նց հագնվեմ: - Ոնց կուզես: Ոնց կզգաս: - Լավ…Առայժմ, Վիգ: - Առայժ, Լառա: 7:15 Յամ-Յամի դիմացն էի: Գիտեի ներքևից ա գալու: Հայացքս ուղղված էր ներքևի խաչմերուկ: Շոգ էր, երևանյան իսկական տապ, որ իրիրկվա քամին դեր ցրել չէր հասցրել: Երկարաթև սառոչկայի թևերը ծալեցի: Տանջվեցի, որ կատարյալ հարթ ծալեմ: Հետո մտածեցի, էդ իմ ոճը չի, ես թափթփված եմ ծալում: Քանդեցի, էնքան որ, անհավասար ծալեցի` մեկը վերև, մեկը ներքև: Նայեցի դիմացի ցուցափեղկին: Փորձեցի արտացոլանքս բռնել ու ինձ բռնացրեցի էն մտքի վրա, որ անհանգստանում եմ: Էլի քիչ ծանոթ զգացում էր: Մտքովս անցավ` սիրահարվում եմ: Սիգարետ վառեցի ու արագ ցրեցի էդ միտքը: Նախ, որովհետև 20 տարեկան Վիգը չափնանց «cool» ա, որ սիրահարվի, և երկրորդը` անգամ եթե տենց էր, էդ մտքի գիտակցումը միայն վնասելու էր ինձ: Հեռվում խաչմերուկի մյուս կողմում երևաց աղջնակը: Կարճ յուբկայով, թեթև տոպով, բարակ թելով կախված պայուսակով, որ դրամապանակի չափ էր: Ամառային էր, ամառային թեթև: Կագնած էր կարմիրի տակ: Սպասում էր: Չարենցյան իսկական բարակիրան նաիրուհի էր: Հայացքը հղեց հեռուն` տեսավ ինձ: Արագ իջեցրեց հայացքը` առաջին հանդիպման առաջին հայացքը պահելու համար: Կանաչը վառեց: Արագ բայց կարճ քայլերով մոտենում էր: Սիրտս խփեց: Կիսատ սիգարետս դրեցի բերանս, քաշեցի էնքան, որքան կարայի, սիրտս տեղն ընկավ: 5 քայլ, 3 քայլ, 2, կանգնեց. - Բարև, - ասեց տեղում շարժվելով ու փորձելով մեղմել շատ լայն ժպիտը, որն իհարկե իմ օգտին էր: - Բարև: Եկավ մի քայլ էլ մոտիկ, էլի տեղում կանգնել չէր կարողանում: Էլի ինչ-որ հրդեհի մեջ էր, ու էդ հրդեհից ծագած շարժման անհրաժեշտության: Էդ շարժի մեջ ճանաչելի էր կանացի սեթևեթանքը, որի տակից հասցնում էր ուսումնասիրեր ինձ` ոտքից գլուխ: Չէի խանգառում նրան դա անել: Ու երբեք պետք չի կանանց խանգառել ձեզ հետազոտել, էդ հետազոտման արդյունքում նրանք անպայման կգտնեն մի բան` սիրահարվելու համար: Մի քանի շրջան կասկադով քայլելով ու արագ ու կցկտուր երկխոսություն պահելով, հարցրի. - Պիտեռ պենը ոնց ա վերջանում, հիշու՞մ ես: Նայեց ինձ, չհասկացավ ինչի եմ հարցնում, բայց համարեց, որ պատասխանելը ավելի առաջնային ա, քան հարցնելը` ինչի: - Կրյուկին հաղթում ա Պենը: - Հա՞: - Հա, - հաստատելով, որ չի կասկածում տված պատասխանի վրա ասեց: - Իսկ ո՞նց ա հաղթում: Նայեց ուղիղ ինձ, ու արագ փախցրեց հայացքը: - Չեմ հիշում: - Ես էլ չեմ հիշում: Վերհիշե՞նք: - Վերհիշենք: Ո՞նց: - Գնանք նայենք նորից: Նայեց ինձ, ծիծաղեց` երկու միավորանոց ծիծաղով, վերափոխեց ծիծաղը ժպիտի ու առանց հայացք փախցնելու ասեց. - Գնանք: Երևանյան կինոակումբները արդեն երկար ժամանակ մեծամասամբ ծառայում էին որպես անհամբեր երիտասարդների պոռթկացող կրքերի բավարարման վայր: Как завуалировал: Ուսանողության արագ ու էժան սեքսի տեղն էր: Սեքսուալ հեղափոխությունը նոր-նոր էր սկսել Երևանում, և ես միտված եմ կարծել, որ ապագա սոցիոլոգները կինոակումբերի ու փաբերի դերը էդ հեղափոխությունում առանձին հետազոտման առարկա պետք ա դարձնեն: Բայց ինքը գիտեր, որ առաջին հանդիպմանը սեքս իրենից չէի ուզելու, առավել ևս` կինոակումբում: Գիտեր երկու պատճառով. չնայած օրիորդությանը ենտագիտակցորեն ու բնազդներով նա չափիվ ավելի կին էր, որպեսզի իր աղջկական միամտությունը թույլ տար օգտագործել: Նման բան նախևառաջ նա թույլ չէր տա առաջին հանդիպմանը: Երկրորդը, վստահում էր ինձ: Խաղադրույքը միշտ դնում էր իմ վեհանձնության վրա: Եվ ընդհանրապես միշտ ինձնից լավն էր սպասում: Գիտեր, տեսել էր, չէր կասկածում, որ լավը կա մեջս: Եվ իր հանդեպ խոշոր հաշվով ճիշտ էր, բացառությամբ իրեն իմ կողմից խնայելու և պահպանելու անկարողության, ճիշտ էր: Մտանք կինոակումբ: Ուղեկցեցին առանձնասենյակ: Դուռը փակվեց դրսից: Առանձնասենյակի հեռախոսը վերցրի, որ պատվեր տամ: Քանի զանգը գնում էր, հարցրի. - Մի բան խմե՞նք: - Գինի: - Ի՞նչ գինի: - Դու ընտրի: - Լավ: Զանգը գնաց. - Բարև ձեզ, մեզ երկու բաժակ անապակ կարմիր ու մեկ էլ պիտեռ պենը միացրեք: - Պիտեռ պե՞նը, - հարցրեց օրիորդի ձայնը հեռախոսի մյուս կողմում ու մեզանից մի 5 մետր հեռավորությունից: - Հա, պիտեռ պենը: Լռություն: Ասում եմ. - Պիտեռ Պենին չգիտե՞ք, կրյուկը, կռակադիլները: Հաստատ նայած պետք ա լինեք: - Հաա, նայել եմ, - տարակուսելով պատասխանեց օրիորդը: - Ըհը, բա կարաք ասեք ո՞նց ա վերջանում: - Չէէ, - ակնհայտ էր, որ ժպտալով, պատասխանեց օրիորդը: - Ըհըըը, մենք էլ չգիտենք, դե միացրեք, իմանանք: Էդ պահին զուգահեռաբար ծիծաղեցին թե հեռախոսի էնկողմում գտնվող, թե կողքս նստած օրիորդները: Դրեցի հեռախոսը: Տղամարդուն վայել հպարտ հայտարարեցի. - Հեսա կմիացնեն: Ժպտում էր ինձ: Կիսախավար էր: Հայացքները հատվեցին ու փախցնելու տեղ ու միտք չկար: Աչքերով իրեն էի հետազոտում ու հենց էդ աչքերով էլ մտածեցի` գրողը տանի, ինչ սիրուն ա: Մտածելս շատ կարճ տևեց: Մեկուկես վայրկյան:Դե հաշվեք, մեկ, երկու Հանկարծակի ու կտրուկ մոտեցավ ինձ, ու համբուրեց: Անսպասելի էր, մեկ վայրկյան լռվեցի: Հետո, աչքերս փակեցի, կիսախավարը դարձավ խավար ու վայելեցի: Երկար համբուրվեցինք: Շրթունքներս իջան պարանոցին: Ընդհատվեցի մի պահ: Միքիչ ետ գնացի: Նայեցի իրեն: Երկուսս էլ սիրահարված էինք: Սիրահարված ու երջանիկ: Իսկական ապուշին` սիրահարվածին բնորոշ սխալով որոշեցի, որ պետք ա մի բան ասեմ. - Նուրբ, փոքր քիթ ունես: - Չէի ասի փոքր ա, - ծիծաղելով ասեց: - Սիրում եմ կանանց էդ մասը... Ասեցի, կիսատ թողեցի ու հասկացա, որ դուրս տվեցի: Ինքը ծիծաղի մեջ կորավ, ես` ամոթի ու անհարմար իրավիճակի: Բայց էդ անհարմար իրավիճակը ոչինչ չփչացրեց, հակառակը` իր անփութությամբ բնական դարձրեց կատարյալ առաջին համբույրի պահը ու հիշվեց էդ պահի մեջ: Մոտեցա, համբուրվեցինք: Դուռը բացեցին, գինին էին բերել: Մուլտը միացավ: Թեպետ մուլտի մինչև վերջը մնացինք, տենց էլ չիմացանք Պենը Կրյուկին ոնց հաղթեց: Գլուխ 9 Երկու ամիս երջանկություն: Հանդիպում էինք օրումեջ: Առանց որևէ բացառության: Միշտ օրումեջ: Մեջտեղը ընկած ազատ օրը մեր շփումը սահմանափակվում էր նույն հաղորդագրությունով, որ ստանում ու ուղարկում էի ֆրասերենով. “Tu me manques”, բառացի` Դու ինձ պակասում ես: Էդպիսին էր զգացողությունը` միշտ փոխադարձաբար, որը «կարոտում եմ քեզ» հայերեն տարբերակը չէր կարող արտահայտեր: Ընդհանրապես ոչինչ չի կարող ու չպետք ա արտահայտի երջանկությունը: Պատահական չի, որ ասում են լուռ ա պետք տառապել, որովհետև տառապանքից ավելի շատախոս երևույթ չկա: Երջանկությունն ա, որ բառերն ու խոսքերը համրացնում ու խլացնում ա: Երջանկությունը կանգ ա, ու կանգի մասին չես գրի: Գրականությունը ընթացք ա սիրում: Բայց էս ամենը կգրեմ իրա կերպարը վերհիշելու համար, որը ես ինքս ինձ արժանի համարեցի վայելել միայն երկու ամիս: Զգացմունքների պոռթկման ու բոլոր ազատ տարածքների զավթման երկու ամիս էր: Սիրախաղի բոլոր կանոնները շպռտել էինք մի կողմ ու բացվել բոլոր հնարավոր ձևերով: էնքան անզգույշ, իսկ ավելի ճիշտ թքած ունենալով, որ չեմ էլ հիշի էդ նշանակալից առաջին երեք բառը` խոստովանությունը, ով առաջինը արեց: Գիտեմ, որ հնչում էր հաճախ ու երբեք ոչ ավելորդ: Երկուսս էլ գիտակցում էինք երջանկությունը, ու չնայած ինքնամոռացությանը, մտքի ծայրով վախենում էինք այն կորցնելուց: Եվ էդ իսկ պատճառով հորինված էր էդ օրումեջ հանդիպումը. լուռ համաձայնությամբ համարում էինք, որ այն կապահովագրի մեզ միմյանցից ձանձրանալուց, իսկ ավելի ճիշտ ամեն մեկը իր հերթին վախենում էր ձանձրացներ դիմացինին, և ոչ թե ինքը ձանձրանար: Մի դրվագ էլ կհիշեմ: Մի օր հաճախ հանդիպման վայր դարձած` պետ. համալսարանի ենտաբակ եկա, տեսնեմ չկա: Զանգեցի. - Ու՞ր ես: - Եկա ու գնացի: - Ինչի՞: - Տենց ուզեցի: - Ես չեմ ուշացել, չէ՞: - Չէ, չես ուշացել: - Բա ինչի՞ գնացիր: - Գնացի, որ գաս գտնես ինձ: - Մի արա, չեմ ընկնելու քեզ ման գամ: - Ինչի, էդքան չարժե՞մ: - Արժես: - Բա ինչու՞ ոչ, պարոն: - Լավ, գոնե մոտավոր տեղդ ասա: - Երևանում եմ: - Հաա… - Դե մտածի, ու՞ր կարամ գնացած լինեմ, որտեղո՞վ կքայլեմ: - Լավ, դե ես էլ դուրս կգամ էստեղից ու կքայլեմ: Չենք փնտրում իրար: Թողնում ենք պատահականությունը մեզ հանդիպացնի: Բախտից չես վախենում, չէ՞: - Վախենում եմ: - Դե շատ լավ ա, թողենք բախտին մեր հանդիպումը: - Չէէ… - Այո, հոգիս… - Բա որ չհանդիպե՞նք… - Ուրեմն ճակատագիր էր: Երկար մտածելուց հետո, ասեց` լավ: Դուրս եկա, քայլեցի քաղաքով մոտ ժամուկես: Չհանդիպեցի: Ետ եկա պետ. համալսարանի ետնաբակ, նստեցի մեր նստարանին: Ուր էլ լինի, էստեղ հետ կգա: Կես ժամ անց, մեջքիս ետևից եկավ, աչքերս փակեց: Կատակեցի. - Սիրուհիս ա: - Հաա՞: Ի՞նչ սիրուհի: - Կլորիկ, թույն տուտուզով, սև մեծ աչքերով ու ալիքավոր մազերով: - Հաա, էդ ուրեմն ես չեմ, - ասեց, բացեց աչքերս ու տեսա որ առաջին անգամ մազերը լռիվ հարթ ուղիղ էին: Նստեց գիրկս: Ասեցի. - Դե հասցնենք մի բան անենք, քանի դեռ խուճուճը չի եկել: Ծիծաղեց, համբուրվեցինք` էնքան կրքոտ, ինչքան ֆիլմերի սյուժեով պարտադրված կլիներ շարունակություն: Ետ գնաց, հեռվից իրար նայեցինք: Էլի աչքերով մտածեցի` գրողը տանի, ինչ սիրուն ես…Հարցրեցի. - Ինչի՞ ստեղ եկար: - Որովհետև սիրում եմ քեզ: Ու թքած բախտի վրա: - Հաա… - Բա դու ինչի՞ էիր էստեղ եկել նստել: - Նույն պատճառով: - Որովհետև սիրու՞մ ես ինձ: - Չէ, որովհետև դու ես սիրում ինձ, ու պիտի գայիր էստեղ վաղ թե ուշ: - ԷԷէ, - ակնհայտ նյարդայնալով ասեց ու շարունակեց, - չէ, ասա… Նայեցի, եվս մեկ անգամ հասկացա ինչ երջանիկ եմ ես, ու որ իրա երջանկությունը հիմա կախված ա իմ խոսքից, ասեցի. - Որովհետև սիրում եմ քեզ, Լառա: Համբուրվեցինք, վայելեցինք իրար էնքան կրքոտ ու ինքնամոռաց, որ կողքով անցնող ոստիկաններին նկատեցինք միայն երբ նրանցից մեկը իսկական մենթին բնորոշ չուզողությամբ նկատողություն կատարեց` հասարակական կարգը մեջբերելով: Մեկ ուրիշ դրվագով հիշում եմ նրա կանացի խորամանկությունը, որը նա էդպես էլ երբեք չօգտագործեց իմ դեմ: Մինչդեռ արժեր, միգուցե դա ինձ ուղղեր ու իրան էլ փրկեր, մեզ էլ` պահպաներ: Ոնց նշել էի, երկուսս էլ վախենում էինք կորցնել երջանկությունը: Թեպետ էդ վախը իրան ավելի բնորոշ էր: Ավելի ճիշտ ինքն էր, որ հանուն դրան ինչ-որ բաներ էր անում, նախաձեռնում, առաջարկում: Նա շատ լավ գիտեր, որ ես ծնողների հետ ծանոթացնող չեմ, ու առավել ևս ծանոթացող չեմ: Դե, 20 տարեկան Վիգը չափնանց կռուտոյ էր նման պայմանականություններին ենթարկվելու համար: Մի օր երևանյան իսկական տապաստան օր էր, չգիտեմ ինչի որոշել էինք հանդիպել էդ օրը ցերեկը: Մոտեցա իր տան մոտ: Ուշանում էր: Զանգեցի: - Ե՞րբ կլինես: - Վիգ, կներես, նոր եմ դուրս գալիս դուշից: 20 րոպեից նոր կլինեմ: - 20 րոպե՞: - Հաա, կներես… - Լաաավ, ուղղակի ահավոր շոգ ա… - Կարաս բարձրանաս մեր տուն, կոնդիցիոները միացրած ա…Մինչև միհատ ծխես, ես պատրաստ կլինեմ: - Լավ: - Լավ, դե արի… Առանց հասկանալու ու խորանալու առաջարկը շատ լավ թվաց ու շոգի հանգամանքը միայն ընդգծում էր դրա լավ լինելը: Մտա իրանց բարձրահարկ շենքի մուտքը, մոտեցա լիֆտին, սեղմեցի կանչի կոճակը: Լիֆտը եկավ, դռները բացվեցին, մտա ներս ու հասկացա, որ չգիտեմ, թե որ հարկում ա ապրում: Ու հենց էդ պահին հիշեցի, որ ինքը մենակ չի ապրում: Օրն էլ աշխատանքային չի, հետևաբար ծնողները կարող են տանը լինել: Զանգեցի նորից. - Ինչ կա՞: - Պատրաստվում եմ, Վիգ… - Հաաա...Լսի, բա տանը մարդ չկա՞: - Կա, - միանգամից պատասխանեց` չզգացնելու տալով, որ հասկացավ, որ պլանը խաթարվեց: - Հաա, լավ, հոգիս, ես էստեղ հով տեղ եմ գտել, մուտքի մոտ` ծառի տակ, արի էստեղ: - Լավ, Վիգ… Ակնհայտ էր, որ ծնողները նկատել էին, որ աղջկա կյանքում մեկն ա հայտնվել, ում հետ հանդիպելիս նա միշտ գալիս ա կեսգիշերն անց, ու ցանկանում էին ծանոթանալ հետս: Ակնհայտ էր նաև, որ Լառան հասկանում էր, որ ես էդ տպերից չեմ, որ ուրախությամբ կընդունեմ առաջարկը ծանոթանալու, իսկ դա վտանգում էր մեր երջանկությունը: Մյուս կողմից, նա չէր ուզում նեղացներ հորը` մերժելով և իմ կերպարին բացասական գիծ հաղորդելով: Էդ իսկ պատճառով նախաձեռնեց մի ուրիշ բան, ու էս անգամ ես ժամանակին չսթափվեցի: Հանդիպել էինք, երեկո էր: Եկավ: Բարևից ու համբույրից անմիջապես անցավ առաջարկին. - Պարոն, կցանկանա՞ք այս երեկոն ինձ հետ կիսել ներկայացում դիտելով թատրոնում: - Եթե միայն Դուք եք խաղում, օրիորդ: - Ես չէ, բայց քույրս: Սուսաննայի ներկայացումն ա էսօր, սերս, կարո՞ղ ա գնանք: Մտածեցի, ակնհայտ չէի ուզում գնալ, թատրոնը ինձ համար գերակատարած դերասանական խաղ ա, բայց և մերժել հարազատ քրոջ ներկայացմանը գնալը սխալ կլինի: Փորձելով սրբել դեմքիցս դժգոհությունը, ասեցի` գնանք: Գնացի ու այ քեզ զարմանք, հարիֆ ջան, ծնողները էնտեղ էին: Ներկայացման վերջում ծանոթացա երկուսի հետ էլ: Առաջին տպավորություն գործել գիտեմ, ու գործեցի: Ցավոք առաջինը երբեք վերջինը չի լինում իմ դեպքում: Աննկարգրելի էր Լառայի ուրախությունը էդ պահին: Թռչկոտում էր, անկապ ու տարօրինակ բաներ ասում, անվերջ ծիծաղում: Կանայք երջանիկ լինելուց միշտ էդպիսին են` տարօրինակ: Զգացվում էր, որ ուրախ ա, որ վերջապես լուծեց երկար կախված խնդիրը: Ծնողների համաձայնությունը ու հավանությունը ստացել էր, իսկ դա նրան շատ էր պակասում: Պակասում էր ոչ թե որովհետև կախված էր ծնողների կարծիքից, այլ որովհետև իրականում շատ լավ հասկանում էր, թե ում ա հանդիպում: Եվ ինձ հանդիպելու համար ինքն իրեն միքիչ մեղավոր էր զգում: Զգում էր ու նկատել էր ներսիս անկախության ձգտումը, որն անհամատեղելի ա երջանկության հետ: Նկատել էր հասարակ մարդկային երջանկության հանդեպ քամահրանքով վերաբերմունքս: Նկատել էր, որ ցինիզմով եմ վերաբերվում սիրուն և մնացած իրա համար կարևոր բաներին էս կյանքում: Բայց նա սիրում էր ինձ: Եվ սիրել էր ոչ թե աչք փակելով, այլ լռիվ բաց գիտակցութմամբ: Գուցե օրիորդին բնորոշ միամտություն ուներ, բայց հիմար չէր: Արդեն ասել եմ, Լառան չափից ավելի կին էր հիմար լինելու համար: Դրան գումարվում էին տարբեր բամբասանքները ու ասեկոսեները իմ մասին, որ քաղաքաում պտտվում էին ու բացարձակ չէին խոսում հոգուտ հուսալի ու հոգատար տղամարդ լինելու: Շատերը արդեն հասցրել էին մեզ փողոցում տեսնել միասին, շատերը` իմ նախկիններից: Հիշում եմ մի օր հանդիպելուց եկավ ու միանգամից հայտնեց. - Էսօր Լիլիթն էր զանգել: - Հա՞: Ու ի՞նչ ասեց: - Ասեց որ զգույշ լինեմ: - Հաա, ինչի՞: - Ասեց որ հանդիպել ես իրան…ու ոչ միայն իրան: Լռեցի, մի պահ ուզեցա խեղդել Լիլիթին` երեսպաշտորեն սեփական խանդը կանացի սոլիդարության տակ ցուցադրելու համար: Զգույշ լինել, հա Լիլո, դու ինձ հետ չափից ավելի անզգույշ էիր, ու կարծում եմ ուզածդ հենց էդ էր: Հարցրի. - Իսկ դու ի՞նչ ես կարծում էդ ամենի մասին: Նայեց վրաս, տխուր էր, մտածեց ու ասեց. - Ես թքած ունեմ, Վիգ, էդ ամեն ինչի վրա: Ասեց ու անմիջապես եկավ փաթաթվեց: Նա սիրուց արտակարգ կործանվող էր ու հանդիպել էր սերը արտակարգ կործանողին: Մի ուրիշ դեպք էլ մտաբերեցի: Մինչ ինձ հանդիպելը թատրոնում էր խաղում, տենց` սիրողական: Կողքից լսել էի, որ խաղում էր գլխավոր դերը` ամուսնու մահից խելագառված կնոջ: Ասում էին` խելագառությունը էնքան լավ էր խաղում, որ վախեցնում էր հանդիսատեսին: Ներկայացումը նաև ռեժիսյեռ ուներ: Նարեկն էր: Նարեկին շատ շուտվանից գիտեի, մեր համալսարանից էր: Շառը քաշած, խելոք տղա էր, ու էնքան աննկատ, որ միակ բանը որ կարելի ա իրա մասին ասել էդ ա` շառը քաշած, խելոք: Մի քանի շաբաթ էր, ինչ հանդիպում էինք, երբ զանգեց ինձ ու խնդրեց հանդիպել հույժ կարևոր խնդիրի համար: Գնացի: Բարևեցինք, դեսից դենից խոսեցինք, երկար չէր կարում սկսեր, դուխ տվեցի. - Ներկայացումդ լսել եմ բոմբել ա: - Հաա, մերսի: - Նորը ե՞րբ ես դնում: - Շուտով երևի… - Կկանչես դե ինձ էլ: - Անպայման, Վիգ ջան: - Դե պատմի տենամ ի՞նչ կարևոր բան ա էղել քո կյանքում: Ի՞նչով կարամ օգնեմ, ախպերս: - Հաա…Բան…Լառայի մասին եմ խոսելու: Էս ասելուց փոշմանեցի, որ եկել եմ հանդիպմանը: Թե ոնց չճանաչեցի մինչև էդ տղամարդկային անփոխադարձ սիրահարվածությունը: Խառնել էի իրա խելոքության ու անշառության հետ: - Հա, լսում եմ քեզ, եղբայր: - Դու իրա հե՞տ ես: - Մենք իրար հետ եք: - Լուրջ ա ձեզ մոտ? - Դե, եղբայր, ընկերուհիս ա, ինձ թվում ա քիչ կլսես ինձնից նման բան: - Գիտես ինչի՞ համար եմ հարցնում: - Չէ, պատկերացում չունեմ, - որ ասեի գիտեմ, մեկա ինքը պատմելու էր: - Ես իրան սիրում եմ: - Լավ չիի… - Ինչի՞: - Դե ինքը քեզ չի սիրում: - Գիտեմ, գիտեմ…Վիգ, ես կես տարի ա` սիրահարված եմ իրան: - Բա կես տարի մի քայլ ինչի՞ չարեցիր: - Արեցի, էս ներկայացման բեմադրումը հենց դրա համար էր: - Դե դրա համար, դու ռեժիսյեռը չպետքա լինեիր, այլ ամուսինը` գլխավոր հերոսը…Չնայած չէ, գլխավոր հերոսը մեռնում ա, ընդեղ հերոսուհուն փարատող չկա՞ր սյուժեով: Խեղճ հայացքով նայեց վրաս: Բացարձակ խիղճս չշարժեց: Տղամարդու տառապանքը միայն լռության մեջ ա առժանի գնահատանքի: Բայց եվ շարունակել ցքալ որոշեցի որ չարժի. կարող ա հասներ Լառային, իսկ Լառան ինձնից խղճով ա: - Կներես, ախպերս: Գիտես իմ խասիաթը: - Գիտեմ, գիտեմ խասիաթդ ու հենց դրա համար եմ հանդիպել քեզ: - Այսի՞նքն: - Վիգ, եթե դու անլուրջ ես իրա հետ, եթե հերթականդ ա, եթե գիտես որ շուտով ամեն ինչ ավարտվելու ա, եկել եմ խնդրեմ, որ չանես, չշարունակես: Նայեցի վրան, ավելի ապուշ իրավիճակ չէի կարա պատկերացնեի, կարայիր գայիր տայիր բռունցքով դեմքիս, տո անգամ ձեռնոց շպրտելը ու դուելի կանչելը ավելի քիչ ապուշ կլիներ, քան էս արածը: Սիգարետ վառեցի, մի երկու մուխ ծխեցի: Առանց վրան նայելու հարցրի. - Ենթադրենք, մենք բաժանվում ենք: Հիմա գնում եմ, իրան հանդիպում եմ ու ասում եմ, որ բաժանվում ենք: Մի կողմ դնեմ, թե ոնց պետք ա բացատրեմ էդ բաժանումը: Դու կարծում ես ինքը դրանից հետո կլինի՞ քեզ հետ, Նարեկ: Նայեց ինձ: Բան չուներ պատասխանելու, ճիշտ պատասխանը ակնհայտ էր, բայց էդ պատասխանը ինքը տալ ի վիճակի չէր, ինչը և ստիպել էր իրան անել ապուշ արարք` անուղղակի խնդրելով բաժանվել Լառայից: Շարունակեցի. - Ես չեմ կարծում թե ես էի խանգառում իրան քեզ հետ լինել: Խանգառողը ինքն ա, թե կուզես` իրա սիրտը, ու դրան դեմ գնալը գլխով պատ ջարդելու պես անիմաստ ա: Կներես, եղբայր, բայց ես որևէ իմաստ ու պատճառ չեմ տեսնում քո խնդրանքը կատարելու` հատկապես, որ իմանում եմ քո զգացմունքների մասին նոր միայն: Իրա տեղը բարձրաձայնեցի իրան հայտնի ճշմարտությունը, որի հետ արդեն ուզած-չուզած պիտի հաշտվեր: - Հասկացա... Ձեռքս մեկնեցի, սեղմեցի ձեռքը ու ասեցի. - Գնա միհատ լավ խմի էսօր, մոռացի իրան ու գիտակցի, որ դու ուժեղ ու ազատ տղամարդ ես, - էս մի խորհուրդը անկեղծ էի տալիս: Բացարձակ չէի ուզում, որ տանջվեր: Ասեցի, ուզում էի շրջվեի, հետևիցս ասեց. - Մյուս շաբաթ նոր ներակայացում եմ դնում: Քեզ ու Լառաին հրավիրում եմ: Չհասկանալով ինձ հրավիրելու իմաստը, հետո հիշելով, որ խոսակցության սկզբում ինքս էի ասել, որ հրավիրի, հետո չհասկանալով թե ինչի ա Լառային հրավիրում, հետո չհասկանալով թե ինչի ա մեզ միասին հրավիրում, երկար լռվելուց հետո ասեցի` մերսի ու գնացի: Մի քանի օր անց Լառայի հետ քայլում էինք, պատահական հանդիպեցինք Նարեկին: Բարևեց մեզ նենց, ոնց որ թե մեր միությունը օրհնողն էր: Կրկին հրավիրեց մեզ: Պաշտոնապես: Ասում եմ պաշտոնապես, որովհետև տենց էլ ասեց. «Երկուսիդ էլ պաշտոնապես հրավիրում եմ մենաներկայացմանս:» Մենաներկայացում բառը ասելուց հետո հասկացա, որ ամբողջ ներկայացումը լինելու ա իրա անփոխադարձ սիրո մասին: Ու եվս մի անգամ չհասկացա մեզ հրավիրելու իմաստը: Եթե էդ ներկայացումով փորձում ես ցույց տալ քո ցավը Լառային, ուրեմն տոտալ իդիոտ ես, որովհետև միակ զգացումը, որ կարթնացնես Լառայի մոտ, դա մեղքի զգացումն ա, որի պատճառով նա էլ ավելի հեռու կփախչի քեզնից: Եթե փորձում ես ինքնաարտահայտվել, ուրեմն էլի տոտալ իդիոտ ես, որ ինքնաարտահայտվում ես իմ ու Լառայի ներկայությամբ: Ինչևէ: Ներկայացման օրը մոտենում էր: Լառան ասում էր. «Պաշտնոապես ա հրավիրել, ուզած-չուզած պետք ա գնանք»: Ես ասում էի. «Դե ես պարտավոր չեմ գնալ, դու էլ, բայց դե դու իմ պես ամոթը չես կարա անտեսես, ու կգնաս առանց ինձ ու կամաչես էնդեղ էլ ավելի:»: Ջղայնանում էր վրաս: Օրը հասավ: Ժամն էր արդեն մոտենում, 7-ին ներկայացումն էր, մի ժամ էլ չէր մնացել: Եվս մի անգամ ասեցի Լառային. - Լառ, ես եկող չեմ: - Ես չեմ կարա չգնամ: - Դե գնա, կսպասեմ քեզ, դուրս կգաս, կդիմավորեմ: - Լավ: Ժամը 7-ին 5 պակաս Լառային ճանապարհեցի Աբովյան-Թումանյան խաչմերուկի մոտ, որից մի քանի մետր վերև թատրոնն էր: Ես անգամ մայթը չանցա: Խոստացանք կապի մեջ լինել: Ես գնացի նստեցի մեղեդի, մի տեղ, որտեղ Լառայի հետ չէի գնա, բայց որի հետ չափազանց կապված էի ուսանողական ամառային կյանքով: Երկրորդ, երրորդ գարեջուրը խմեցի, ստացա սմս Լառայից. - Ու՞ր ես: - Մեղեդիում: - Արի խաչմերուկի մոտ: 5 րոպեից: Չուշանաս: - Լավ:
Դուրս գալուց արագ հաշիվը փակեցի` առանց մանրը սպասելու, վազելով գնացի խաչմերուկի մոտ: Վերևից Լառան էր վազելու պես քայլում: Այլայլված էր, անգամ անցավ կարմիրի տակ: Եկավ մոտս, կես վայրկյանով գրկվեց ու ասեց. - Շուտ գնացինք էստեղից: Պարզվեց ներկայացման սյուժեն հետևյալն էր: Ամբողջը մոնոլոգ էր` ետ ու առաջ քայլելով բեմի վրայով, որը նկարագրում էր հերոսի աննկարագրելի սերը օրիորդի հանդեպ: Եվ էդ ամբողջ ներկայացման ընթացքում հերոսը կարմիր վարդը ձեռքին էր: Ներկայացման իքս րոպեին հերոսը գոռում-գոչում-բղավում ա. - ՀԱՐՎԱԾ… Բոլոր լույսերը` դահլիճի, բեմի, հանգչում են: Մի քանի վայրկյան անց լույսերը վառվում են և հերոսը կանգնած ա կոտրված կարմիր վարդով: Ներկայացումն ավարտվում է: Բոլորը բարձրանում են բեմ, սեղմելու ռեժիսյոռի, նույն ինքը` դերասանի ձեռքը և շնորհավորելու պռեմիեռայի կապակցութմամբ: Ըստ Լառայի էդ շնորհավորանքը ավելի շուտ նման էր ցավակցականի` հոգեհանգստին: Հենց էդ պահին Լառան բռնում ա մի քանի թարս ու մեղադրական հայացք տարբեր հանդիսատեսներից, վազելով փախնում ա զուգարան, գրում ա ինձ սմս, ու վազելով դուրս փախչում դեպի ինձ: Երկու ամիս երջանկություն: Երկու ամիս անց, խախտեցի օրումեջ հանդիպման ավանդույթը: Չհանդիպեցինք երկու օր իրար վրա: Զանգեց Լուսեն: Ետ էր եկել եվրոպայից: Հիվանդագին կապ կար մեր միջև, որի պատճառը ես էի, հետևաքը`ինքը: Եվ իբրև հետևանք նա ենթարկվում էր իմ պատճառին: Կապված էր աներևակայելի ինքնազոհողության հասնող սիրով ինձ հետ, ես էլ կապված էի բոլոր թուլություններովս իր հետ: Չկա ու հավանաբար չի լինի այլ կին, ում առջև ես էդքան սխալական ու էդքան խոցելի կլինեի, որքան իր առջև: Նա այն կանանցից էր, որոնց հանդեպ միշտ սխալներ են գործում, միշտ մեղավոր են իրենց զգում, երբեք չեն ստանում մեղադրանք ու երբեք չեն հատուցում: Տերյանի քրոջական հոգատար տեսակն էր: Նա իմ մեջ երեխու էր տեսել, մանչուկի` իր ասած, ու էդ երեխայությամբ կարողացել էր արդարացնել իմ բոլոր մեղքերը: Եվ նա թույլ չէր տալիս ինձ մեծանալ: Թեպետ սպասում էր դրան. իմ մեծանալն էր իր փրկությունը ու ազատումը: Միակ ազատումը, քանի որ երկրորդը` իրեն սիրելը, չէր լինելու: Ինքնակործանման ճամփեն բռնած կնոջը երկու բան կարա փրկի միայն` տղամարդու կամ հասունությունը կամ սերը: Ինչ-որ մի պահ ինչ-որ մի բան սխալ էր գնացել ու մենք կապվել էինք: Կապվել էինք անհասկանալի երդումով: Շատ վաղուցվանից: Նա երդվել էր միշտ ներել ինձ ու ընդունել, ես էլ` միշտ սխալներ գործել, բայց փնտրել ու կանչել իրեն: Ետադարձ հայացքով հասկանում եմ, որ թեպետ իր կյանքի հավանաբար ամենամեծ սխալը ես էի, բայց և ամենաշատը նա էր ինձ փչացրել, սովոր դարձրել անհոգության ու անպատասխանատվության, միշտ ներված ու սիրված լինելուն: Երբ Լառային հանդիպեցի, ասեցի Լուսեին էդ մասին: Ասեցի, որ սիրահարված եմ: Ծայրահեղ մեղավոր էի զգում իր առջև, թեպետ ֆորմալ իմաստով ոչնչով էլ պարտավորված չէի: Ծանր տարավ: Ասեց որ երկու ամսով կգնա Եվրոպա, հետ կգա, եթե դեռ հետը լինեմ, մեր կապը ավելի ճիշտ կլինի ընդհատել: Համաձայնեցի: Լառաին էլ էի պատմել Լուսեի մասին: Որքան որ հնարավոր էր, բացատրել էի հարաբերությունների տեսակը, ասել էի, որ մեղավորության զգացում ունեմ: Լսեց, չընդհատեց: Հարց չտվեց: Ծանր չտարավ: Վստահ էր, որ սիրում էի իրան: Ծանր տանելու բան չկար իր համար: Զանգեց, ասեց Երևանում ա: - Ինչի՞ չասեցիր գայի դիմավորեի քեզ: - Գիշերն եմ եկել, քնած կլինեիր, պուճուր, - ինձ հաճախ դիմում էր էդ բառով, ու ընդհանրապես ինչ երեխու պես էր վերաբերվում, - Ո՞նց ես: - Լավ, լավ դու՞: - Լավ, Վիգ: Հոգնած…Ի՞նչ նորություն կա, - էս հարցը իրականում պետք ա հնչեր որպես «Ի՞նչ կա Լառայից» - Ոչ մի: Քեզ մո՞տ: - Ոչ մի, պուճուր: Արի էսօր տեսնվենք: Արի մեր տուն: - Լավ, ե՞րբ: - Երբ կարաս: - Մի երկու ժամից կլինեմ: Մեր կապը էնքան ուժեղ էր, իսկ ավելի ճիշտ իմ մեղքի զգացումը իր առջև էնքան սուր էր, որ Լառայի հետ ավանդական դարձած հանդիպումը չեղյալ արեցի: Զանգեցի, ասեցի, որ գործեր կան, մյուս օրը կհանդիպենք: Տխրեց, բայց ոչինչ չասեց, անգամ չհարցրեց ինչ գործեր էին: Ի տարբերություն Լուսեի հարցեր տալ չէր սիրում. Համարում էր, որ ինչ պետք ա ես կասեմ, իսկ ինչ չեմ ուզում ասել, կվերածեմ ստի, որը լսել ինքը չէր ցանկանում: Գնացի Լուսեի մոտ: Լուսեն ապրում էր Լառայի դիմացի շենքում: Մի նեղ այգի էր բաժանում երկու շենքերը իրարից: Բարձրացա: Դուռը բացելուն պես, դուրս եկավ տնից, ու գրկեց ինձ: Ես էլ գրկեցի: Կարոտել էր, ես էլ: Մտանք ներս երկուսով ու բարձրացանք տան երկրորդ հարկ` իր սենյակ: Սենյակում նոր ժամանած մարդու թափթփված վիճակ էր: Էս ու էն կողմում բացած, կիսաբացած ու կիսադատարկած ճամպրուկներ էին: Մոտեցավ լռիվ լիքը բայց բացած ճամպրուկին: Ասեց. - Էս քո նվերներն են: - Վա՞տ ես: - Հա լուրջ եմ ասում: Սաղ քոնն ա: - Կարող ա գիտես ամերիկայի հրոխպերս ես? - Չէ, կյանք, հորքուրդ եմ, - ծիծաղելով ասեց: Մոտեցա ճամպրուկին: - Ինչքա՞ն փող ես տվել էսքանին: - Քո գործը չի: - Ասա իմանամ: - Շատ չեմ տվել, զեղչեր են էնդեղ ուժեղ: - Սուտ ես խոսում: - Չէ: - Սուտ ես խոսում: - Չէ, ազնիվ խոսք, - ասեց ու ժպտաց ու մատնեց սուտը, - լավ բացի տեսնեմ, դուրդ գալիս ա թե չէ: Ճամպրուկին անգամ չկպա: Մոտեցա պատուհանին: Սիգարետ դրի բերանս, վառեցի: Լռություն էր: Ինքը մյուս ճամպրուկը սկսեց դասավորել: Մի րոպե անց շրջվեց դեպի ինձ` ակնհայտ գործը կիսատ թողնելով ու ուղիղ հարցրեց. - Լառան դեռ կա՞: Գլխով արեցի: - Վիգ, սիրու՞մ ես իրան: - Սիրահարված եմ, - ասեցի ես` խնայելով իրեն: Ես չէի վախենում իրեն կորցրելուց: Երբեք չեմ վախեցել: Ավելին, միշտ ազատ եմ թողել իրեն: Բայց ասել «սիրում եմ Լառային» նշանակում էր անբուժելի ու վերջնական ցավ տալ իրան: - Բայց սիրու՞մ ես: - Շուտ ա դեռ սիրելու համար: - Վիգ, ասա որ սիրում ես, ու ես էլ հարցեր չեմ տա: Հասկացի, եթե իմացա սիրում ես, կուրախանամ քեզ համար ու կկորեմ մոտիցդ: Մենակ ասա ինձ: - Ասեցի քեզ արդեն ինչ կա, - ստեցի ես, տվեցի էն, ինչ ինքը ուզում էր` ճիշտ սուտը: Գնացի նստեցի անկողնուն: Մտածելու բան կար, ու որ ամենակարևորը, ընտրություն կատարելու վերջապես: Բայց տղամարդկանց երբեք էլ բնորոշ չի ընտրություն կատարելը: Վայ էն կանանց, որ տղամարդուն թույլ են տալիս ընտրել կանանց միջև: Մոտեցավ ինձ: Գրկեց, ես էլ գրկեցի: Անկեղծությամբ, հոգատարությամբ ու քնքշանքով լիքն էր գրկելը: Նայեց ինձ. - Ի՞նչ ես ուզում, Վիգ...Ուզու՞մ ես կտրենք մեր կապը: Ծանր հոգոց քաշեցի: Մտածում էի. իհարկե ուզում եմ կտրել էս կապը, բայց ո՞վ հետո ինձ կազատի մեղքի զգացումից: Որտեղ ես ավելի տականք կլինեմ, եթե հենց հիմա կտրեմ կապը քեզ հետ` էն պահին, երբ իմ կյանք մտավ ուրիշ մեկը, ինչը կնշանակի, որ քո լինելը իմ կյանքում սահմանված էր միայն «մինչևով» ու քեզ խոստովանելով քեզ համար ամենածանր խոսքը` «սիրում եմ ուրիշին», թե շարունակելով քեզ հետ կապը, ստելով քեզ էլ, ինձ էլ ու քեզ պահելով ոչ թե էն հույսով, որ լինես սրտումս, այլ էն խղճուկ հույսով, որ գոնե ուրիշը չլինի սրտումս: Մտածելս ակնհայտորեն երկար տևեց ու պատասխանի չբերեց: Նորից հարցրեց: - Մտածու՞մ ես: - Չէ, Լուս, բան չկա մտածելու: Դու ինձ ամենաթանկ մարդկանցից ես, ոնց կարամ տենց բան ուզեմ: Ժպտաց, ձգվեց ու համբուրեց: Ամենատաք` կարոտ մարող համբույրով: Հետո ետ գնաց, նայեց ինձ, էլի ժպտաց, բռնեց դնչիս մորուքից, մի քանի անգամ տարավ բերեց, ու նորից համբուրեց: Համբուրելով իջավ, հետո ինքը իջավ ծնկների վրա, ու սկսեց արձակել գոտիս, հետո մինետ անել: Կյանքում առաջին անգամ դավաճանողի զգացումը պատեց ինձ: Տհաճ ու անծանոթ զգացում էր, որ պարտավորության կոչ էր անում: Ես ինձ երբեք լավ մարդու տեղ չեմ դրել, ու չեմ էլ ձգտել էդպիսին լինել, բայց և ստորությունը նույնպես ինձ բնորոշ չի, ու ոչ թե բարոյական ընկալումներից ելնելով, այլ ընդամենը որովհետև էդ ինձ համար ցածր ա: Անգամ վատում պետք ա բարձր լինես: Ու չփնտրես արդարացումներ, չգտնես քեզ հարմար կիսաբարի դերեր: Էդ միակ պայմանն ա, որի դեպքում կպահպանես հարգանքդ ինքդ քեզ հանդեպ: Իսկ ստորին հարգել չես կարող, անգամ եթե աշխարհը տիրածն ու հաղթանակածն ա: Ու թե քեզ պիտի սիրեն, թող սիրեն բոլոր դևերովդ ու մեղքերով, ու էդ դեպքում ատելուց էլ կատեն քեզ նույն բանի համար: Եվ թե քեզ սիրում ու ատում են նույն բանի համար, ուրեմն էդ բանը արժանիք ա: Հեռախոսս զանգեց: Ասեցի` կարևոր զանգ ա, վեր կացա տեղիցս, կոճկեցի շալվարիս կոճակը առանց գոտու, ու դուրս եկա միջանցք, էնտեղից էլ բալկոն: Արոն կանչում էր Սևանի դաչան հերթական հավաքի: Մտա սենյակ, ասի` պետք ա գնամ: - Լավ, նվերներդ ինչի՞ մեջ դնեմ: - Հետո կվերցնեմ, Լուս: Պիտի գնամ, - ասեցի ես ու արագ քայլեցի դեպի սենյակի դուռը: - Լավ, սպասի մի վայրկյան: Մոտեցավ, համբուրեց, գրկեց ու ասեց` սիրում ա: Ի պատասխան մենակ գրկեցի: Ասեցի` ինձ մի ճանապարհի, շուտ դուրս թռա սկզբից սենյակից, հետո բնակարանից, հետո շենքից ու փախա մեղավորության տարածքներից: Վաղուց չէինք հավաքվել: Տղերքն էին, մեկ էլ մի քանի աղջիկներ` մեզ հետ միշտ հավաքվողներից: Մտա տեսնեմ Զառան ընդեղ ա: Բոլոր ժամանակների ամենաանկեղծ լիրբը: Աշխարհին ամենահարմարված լիրբն էր, ու իր միակ դերը`սիրուհի: Հնարավորինս հեռու նստեցի իրանից: Շիշը շշի հետևից, հետո մեկը խոտ հանեց ու թռանք սաղովի: Ռոքնռոլլ էր: Արագ, խառը, աղմկոտ, հիշվող, առավոտ ու ընդհանրապես վաղվա օր չխոստացող: Օղին պրծավ, Արոն` թե բա քշեմ-առնեմ-գամ: Կողքիս տեղը ազատվեց: Ես հեռախոսի մեջ լռված էր, Լառայի հետ էի գրվում, երբ եկավ կողքս նստեց Զառան: Ձեռքը դրեց ձեռքիս, հեռախոսի էկռանը անջատեցի, ասեց. - Լուռ եք, Պարոն: Ձեր խոսքը ուրիշի՞նն է, ձեր սիրտը ուրիշի՞նն է: Բան չեմ պատասխանում: Ակնհայտ տեղեկացված ա, սպասում եմ շարունակի: Շարունակում ա. - Ո՞նց կարացավ, ո՞նց ստացվեց… - Կարծու՞մ ես ստացվել ա: - Էնքան սիրահարված ես, որ ափսոս ա չստացվի: Քմծիծաղեցի: Ուղիղ հարցրեց. - Էսօր գիշերը չկանք, չէ՞: - Չէ, Զառա, ես` պաս: - Ուրեմն ես չեմ մնա գիշերը: Գլխով հավանություն տվեցի ասածին: Շարունակեց. - Բայց խմելը միասին ոչ մեկ չի արգելել, չէ՞: - Խմիչքը պրծել ա: - Ես ունեմ, արի դեպի ափը գնանք: Քայլեցինք, հասանք ափին: Նստեցինք ավազի վրա: Սևանը սև էր ու սառը ու ինչքան էլ աղմկում էր` ծովի չէր նմանվում: Պայուսակից հանեց իմ սիրած պարտիդայի փոքր շիշ: Հայաստանում չվաճառվող տեկիլլա էր: Ամերիկայից, որտեղ իր ընտանիքի բոլոր անդամներն էին բացի իրենից, մեկ-մեկ ուղարկում էին դրանից: Շիշը ստանալուց հետո, sms էի ստանում` միշտ նույն բովանդակության «Arriva» ու էդ երեկո մի քանի լիմոն ձեռքս հանդիպում էինք մի տեղ Երևանի կորած տեղանքներում ու դատարկում շիշը: Մի կում արեց, տվեց ինձ: Կումս անելուց ասեց. - Միհատ լավ տող կա: Ասել ա «Սիրելիս, ես այսօր քեզ դավաճանեցի կնոջս հետ»: - Հմ, հետաքրքիր ա...Էդ մի խոսքում 3 հոգու դժբախտություն կա: - Այո, պարոն: Տպավորություն ա թե դավաճանել ես ինձ կնոջդ հետ: - Մեր միջև սե՞ր էր, հոգիս: - Կարար լիներ,- ասեց ու շիշը մոտիցս խլեց, նայեց հեռվին` էնքան հեռվին, որ հորիզոնից էն կողմ էր: Շարունակեց, - բայց լավա որ չեղավ: - Արժի հետաքրքրվեմ ինչի՞: - Կամուսնանաս, ու կլինեմ սիրուհիդ: - Ինչի՞դ ա պետք երկրորդական դերը: - Սիրուհին ներելու բան չի ունենում: Սիրուհուն չեն դավաճանում: Ժպտացի: Ժիզնեննի բան ասեց: Ընդհանրապես ինքը չափից դուրս ժիզնեննի էր: Կոպված էր կյանքով, ու հարմարված էր դրանում: Եվ հենց էդ պատճառով նա ինձ համար հետազոտման իմաստով էր հետաքրքիր, բայց ոչ զգացմունքների: Կյանքի պարտադրանքով կայացած կանանց հետ սերը կարելի ա վայելել, բայց ոչ սիրել: Ժպիտը չէր իջնում դեմքիցս, հարցրեց. - Իիի՞նչ ես է, ժպտում, այ դավաճան: - Գիտե՞ս ինչ եմ մտածում: - Չգիտեմ, ասա: - Սիրուհին սովորաբար հայտնվում ա կնոջից հետո, չէ: Բայց դու էն սիրուհին ես, որ մինչև օրինական կնոջ հայտնվելը կլինես, անգամ հնարավոր ա մասնակցես պսակադրությանը: Սիրուհին գերի ա միշտ: Միշտ սպասումով ա: Բայց քո դեպքում, Զառա...Քո դեպքում ամուսինն էլ, կինն էլ քո գերին կլինեն... - Երևի…Բայց ես ում գերին կլինեմ, - առանց հասցեատիրոջ օդում հարց կախեց: Ու էդ հարցը իրականում «Բայց ես ում պիտի սիրեմ»-ն էր: Բան չպատասխանեցի: Խմեցի մի կում էլ: Բարձրացա, ձեռքս մեկնեցի, բարձրացրի իրան ու գնացինք միանալու: Երբ մոտեցանք սեղանին, Արոն քեֆը միլիոն, մոռանալով իրա հայկական ծանրությունը, մի տեղից քամանչա էր ճարել, կանգնել սեղանին, դրել ոտքերի արանքը ու մետալլիկայի ճռվռ գիթառի ձեներն էր իմիտացնում` շրթունքները ցցած ու ատամները սեղմած: Խնդալու տեսարան էր: Ռոքնռոլլը շարունակվում էր: Գնացի պառկեցի: Խմածությունը ու հետևիցս ընկած մտքերից փախնելու ցանկությունը նպաստեց միանգամից քնելուն: Արթնացա լուսաբացի կողմերը: Տեսա Լառայի բարի գիշերի սմս-ը, որին չէի պատասխանել: Տղերքը սաղ քնած էին: Աղջիկներին գիշերը տաքսիով Երևան էին ուղարկել: Բացառությամբ մեկին, որ Լևի սենյակում էր: Երեկոյան հանդիպեցի Լառային: Օտարություն էի զգում, որ միայն ինձ մոտից էր: Էն օտարությունը, որ լինում ա երկրորդ համբույրի ժամանակ: Երբ հասկանում ես, որ թեպետ սիրահարված ես, բայց բացարձակ հարազատ չես: Կրկնակի դավաճանություն էի զգում իմ կողմից: Մի կողմից կարծես դավաճանեի իմ ազատությանը, իմ ռոքնռոլին էս աղջկա հետ կյանքս կապելով ու անգամ պլաններ գծելով: Մյուս կողմից կարծես դավաճանեի Լառային` մինչև վերջ չբացվելով: Իր` իմ լավ կողմի վրա խաղադրույքը ընդունելով: Նա միակ կինն էր, որի ինձ սիրելու համար ես ինձ մեղավոր էի զգում, իսկ իրեն սիրելու համար` դավաճանված: Մի կին կար, որ կտրեց ինձ հետ հարաբերությունները մեկ հաղորդագրությամբ. “Դու չափից ավելի զգոն ես: Ես հեռանում եմ:” Համարել էր, ես չափից ավելի զգոն եմ ինքս ինձ թույլ տալ սիրելու համար: Կարծում եմ զգունությունս էր միացել ու օտարություն մտցրել իմ ներկայի ու անցած երկու ամսվա միջև: Իմ ու իմ միջև: Ու ես երկու ամսվա սիրավեպն էլ կարծես անտեղի լիներ ու ես էլ չկարողանայի մտնել նախկին դերի մեջ: Курортный роман: Այ էդ էր զգացողությունը: Ու հիմա ամառը վերջանում էր ու նախկին կյանքի ռիթմը արթնանում էր ու ստիպում արագ վերջացնել էս սիրավեպը: Անտեղիություն կար: Նկատել էր սառնությունս ու մտքերով լինելս: Մի քանի անգամ հարցրեց ու վերահարցրեց: Ու ամեն հարցից հետո, անհանգստությունը իր մոտ ավելանում էր: Պատասխանում էի` չէ, հոգիս, ամեն ինչ լավա, ամեն ինչ նույնն ա: Նկատում էր, որ ցրում էի, նկատում էր նաև, որ ինքս ցրվել չէի կարողանում: Ճանապարհելուց, լիֆտի մոտ համբույրը սովորականից կարճ տևեց: Հայացք գցեց վերջին անգամ ինձ: Վախ կար հայացքում: Վախ` կորցնել երջանկությունը: Վախ` մոտեցող վերջնաժամկետի: Վախ` երկու ամսվա երջանկության համար հատուցելու: Գնացի տուն: Ուշոտ մեկի կողմերը զանգ ստացա իրենից: - Վիգ… - Հա, հոգիս: - Կուզե՞ս արձակուրդ վերցնենք: Մտածեցի: Առանց մեկնաբանելու ասեցի. - Հա: - Օքեյ: Ինչքա՞ն ժամանակով: - Չգիտեմ, դու ասա: - Մի ամիսը հերի՞ք ա: - Հերիք ա: - Լավ դե, մի ամսից կսպասեմ զանգիդ…Եթե չզանգես, կհասկանամ էն, ինչ պետք ա: - Լավ, Լառ… - Ց, Վիգ: Ու էդպես ընդհատվեց ու հետաձգվեց մեր երջանկությունը:



Комментарии