S O U L J O B 7
- Vag Germanyan
- 28 дек. 2019 г.
- 6 мин. чтения
Обновлено: 11 окт. 2022 г.
Գլուխ 7
Նա իմ կյանքում պլանավորված չէր: Ինչպես պլանավորված չի բանկ թալանողների կատարյալ պլանի վերջում փողը կիսելուն փոխարինած դավաճանությունը:
Նա իմ կյանքում հանկարծակի էր: Ինչպես հանկարծակի ա տան մեջ թռչնի մտնելը:
LiveJournal բլոգերի պլատֆորմա կար էն ժամանակ: Ով գրելու բան ուներ, լիներ գրող, բլոգեր, լրագրող թե պոետ, ըտեղ էջ էր բացում, գրում ու հետևորդներ հավաքում: Մեր մեջ ասած, էդ հետևորդները իրենցից ներկայացնում էին մի փակ շրջան, որոնք մեծամասամբ հենց գրողներից էլ բաղկացած էին: Սկզբունքորեն նոռմալ ա, գրականության շուկայի առաջարկը միշտ գերազանցում ա պահանջարկին` մի քանի հազար անգամ:
Հետո մի քանի տարի անց պետք ա ձևավորվեր մի ուրիշ փակ շրջան, խմբվեր միհատ հրատարակչատան շուրջ ու գրական մաստուռբացիայի ենթարկվեր: Գիրք շարժելը, էէ, կարդալը նորաձև է, չէ՞ ի վերջո: Մոռացել էին, կամ չգիտեին էլ, որ գրականությունը ոչ մի կապ չունի գրական աշխարհի հետ, ու միշտ ստեղծվում ա դրանից դուրս և սպառվում` խիստ պատահական: Փորձում էին կարգավորել ոլորտը, ու կարգադրումով մարդկանց ստիպել կարդալ, բայց գրականութունը ռոքռնռոլի պես անկարգ ա: Իրանք հավատում էին, որ կարևոր ու լավ գործ են անում, տիրություն են անում գրական ոլորտին, բայց գրականությունը անտեր շուն ա, ու միշտ էլ անտեր մարդիկ են իրան ստեղծում: Ու ստեղծում են էդ գրականությունը քանի դեռ անտեր են, տերերին հերքած ու տերերից մերժված են, ազատ են: Գրականությունը ստեղծվում ա հանուն գրականության, գրականությունը ինքնանպատակ ա ու ոչ մի բանի բացի գրկանանությունից ծառայել չի կարա: Մարքեթինգով կարաս ստիպես մարդկանց գիրքը առնել, բայց կարդալ, սիրել, հիշել, մեջբերել, կիսվել, պատմել չի ստացվի:
Ինչևէ, էդ վախտերով, փառք տիեզերքի տերերին, ես արդեն չէի գրում:
Բայց լայվջուռնալի վախտերով բացած էջ ունեի էնտեղ ու անգամ մի քանի ընթերցող: Գրում էի ծանր, լուրջ ու խիտ: Չորրորդ սխալս էն էր, որ գրում էի օյաղ: Թեպետ առաջին երեքը երևի թե սկսում էին վերջինից հենց: Գրել պետք ա լուրջ բաների մասին, բայց անլուրջ, թե չէ կդառնաս պատմագիր:
Մի օր էլ ընթեցողներիս շարքում պատահական հայտնվեց մի քանի տարի առաջ նույնքան պատահական հանդիպած օրիորդը:
Իսկ մի քանի տարի առաջ ընգերոջս քրոջ ծնունդն էր: Ես հրավիրված էի մի նպատակով` ծնունդի x րոպեին ընգերոջս փրկել անպայմանորեն վրա հասնող ձանձրույթից: Նպատակին ինձ ծառայեցնելը հիմար միտք էր. խմելու էի ու գտնեի իմ չափ խմած մի ծիտ, ում հետ կարելի էր էլ ավելի խմել ու հետո երկուսով կորել մի տեղ: Թեպետ ինձ հրավիրողը ընկերս էր, բայց ինձ տեսնել ուզողը քույրն էր, ում հետ մի անգամ կույր հանդիպման գնալով հասկացել էի, որ ես էնքան մակերեսային մարդ եմ, որ կնոջ մարմնի ու դեմքի սանտիմետրերի ճիշտ բաշխումը ինձ համար առաջնային են:
Ինչևէ, նոր-նոր էին բաժակները լցրել, երբ նոր հյուրեր եկան: Սենյակ մտավ օրիորդը, ում ձեռքը բռնած էր մի տղա: Հերթականությունը հենց էդպիսին էր: Սկզբից օրիորդը, հետո նրա ձեռքը, որին բռնած էր, ավելի շուտ որից բռնված էր տղայի ձեռքը, ու նոր տղան: Մոտեցան, տղան մեկնեց ազատ ձեռքը, ծանոթացավ մեզ հետ, այնուհետև ներկայացրեց իր օրիորդին: Օրիրոդը ինքը հենց ներկայացավ:
- Լառա:
Ու էդպես միակ բառը որ ես իրենից էդ օրը լսեցի իր անունն էր: Բայց տեսարանը էնքան հետաքրքիր էր, որ մի րոպեով իմ դիտունակությունը միացավ:
Օրիորդը անկախ էր, հա, հենց էդ բառով` անկախ էր: Կարծես անվերջ շարժի մեջ լիներ կամ դրա կարիքի, չէ, անհրաժեշտության, ու էդ անրաժեշտությունն ինչ-որ հրդեհից ծագած էր: Ու էդ հրդեհից մեծ ու սև աչքերի մեջ էլ կար: Ինչ-որ արևելյան «շահանեություն» ուներ, որ խաղի մեջ էր մտնում իրեն նայողի հետ: Նա փարիզուհի կընկալվեր Բեյրութում ու բեյրութուհի` Փարիզում: Իսկ տղային ձեռքը կարծես մի կերպ պահեր իրեն, և տպավորություն էր, թե հենց ձեռքը բաց թողնի, օրիորդը միանգամից կթռչի մոտից: Տղան պահում էր իրեն լուրջ ու ծանր: Թեպետ իր լրջությունն ու ծանրությունն ընդգծելու համար պակասում էր բոյը ու միքիչ էլ թիկնեղությունը, ու հավանաբար նաև ծանրությունն ու լրջությունը:
Մի քանի բաժակ գցելուց հետո, դուրս եկա բալկոն ծխելու, ընկերս հետս եկավ: Բալկոնի ապակուց աչքս ընկավ մի նոր անծանոթ աղջկա վրա, որ բաժակը ձեռքին պարում էր, որ ավելի շատ լողալու էր նման, ու հաշվի առնելով որ բաժակի պարունակությունը շարժվելուց գնում գալիս թափվում էր, հասկանալի էր խմածության աստիճանը: Ծխեցի, ծնունդի x րոպեին համարելով, որ իմ պատրքը ընկերոջս առջև կատարված է, մտա ներս ու մոտեցա պարող աղջկան` իր պարը ինձնով հարստացնելու: Աղջիկը հարստացնելու առաջարկը իսկույն ու սահուն ընդունեց, ու մի քանի երգ հետո արդեն մեր միջև տարածությունը էնքան քիչ էր, որ մեր արանքից թուղթ մտնցնել անգամ դժվար կլիներ, ուր մնաց` պատասխանատու վարքագիծ: Պարուհուս հետ դուրս եկանք ծխելու և վերջապես ծանոթանալու: Երբ ներս մտանք, ծանր ու լուրջ տղեն ու իր թռչելու ունակ օրիորդը արդեն գնացել էին: Ակնհայտ թարս հայացքներ բռնելով թե ընկերոջս, թե պարուհուս ընկերուհիների կողմից գնացինք նստեցինք հեռվում` բազկաթոռին: Ավելի ճիշտ ես նստեցի բազկաթոռին, ինքը` գիրկս: Մի բաժակ էլ դատարկելով, հասկանալով, որ ընկերոջս թարս հայացքը բացարձակ խոսք չի տալիս առանձին սենյակ իմ ու պարուհուս համար, առաջարկեցի դուրս գալ տնից: Պարուհիս սահուն ու իսկույն համաձայնեց:
Դրանից մի քանի տարի անց Լառան հայտնվեց ընթեցողներիս ցուցակում: Մի քանի շաբաթ անց էլ արդեն մեսսենջերիս ամենահաճախ բացվող պատուհաններից մեկում:
Վերևի տողը գրելուց հետո կես ժամվա ընթացքում փորձում էի հիշել թե ինչից էինք գրվում: Չհիշեցի: Չեմ հիշի, բոլոր նամակագրություններն էլ ջնջված կամ կորած են: Միայն հիշում եմ էնտեղ կար գրականություն, գիշեր և շատ բազմակետեր: Բոլորը սիրախաղի ամենանուրբ կանոններին համապատասխան: Մի խոսքով պոեզիա կար էդ արձակ նամակագրությունում: Ինչևէ…
Հա ու մեկ էլ Պիտեռ Պենը կար էնտեղ: Հա, մուլտը: Հա, երկուսս էլ սիրում էինք մուլտը:
“Վընտը ըն Ժուըն”` հունիսի 21: Ֆետ դը լա մյուզիք: Ֆիգնյա ֆրանսիական տոն կար, որ չգիտես ինչի մի քանի տարի սկսվեց նշվել նաև Երևանում և նույնքան աննկատ դադարեց մի քանի տարի անց:
Էդ օրերին Երևանի մի քանի հատվածներում տարբեր երաժշտություն էին նվագում` տարբեր մարդիկ` այդ թվում պատահական և հիմնականում պատահական:
Ես էի, Արոն ու Լևը: Չնայած ֆրանսիական կրթությանը, բացարձակ բանի տեղ չէինք դրել ֆետին ու գնացել էինք ըստ ուրբաթօրյա սովորության “Wild West”` Երևանի առաջին ու միակ փաբը, որտեղ խմում էին ուսանողությունը և 50-անց միջին տարիքի ճգնաժամը չհաղթահարած տղամարդիկ: Շատ մուժյսկոյ տեղ էր` խրախուսվող բեսպրիդելով: Ինչպես ամեն տեսակ մուժսկոյ տեղում էնտեղ կար շքեղ կրծքով ու առանց բացառության ամեն կատակի վրա ծիծաղող մատուցողուհի:
Մի քանի գարեջրից ու պերցովկաներից հետո օրորվելով դուրս եկանք էդ պադվալից: Էն քիչ դեպքերից էր, երբ դուրս գալուց դեռ լույս էր: Ինչ-որ դատապարտող բան կա էդ լույսի մեջ: Բացառությամբ լուսաբացի լույսի, որ լայնսիրտ ու ներողամիտ ա բոլոր խմողների հանդեպ:
Օրորվելով դուրս եկանք ու լսեցինք տարբեր փողոցներից եկող երաժշտության ձայներ: Ես ու Լևը որոշեցինք գնանք դեպի շուխուռ ձայները` տանջվող գիթառները: Արոն չդժգոհեց: Երևի շատ խմած էր: Քայլեցինք, հասանք կինո մոսկվայի հրապարակ:
Ռոք համերգին բնորոշ բոլոր ատրիբուտները կային. ճռռացող գիթառներ, տանջվող սոլիստներ, արագ տեմպով drums-ի ձայներ ու հոծ ժողովուրդ: Բայց հավաքված ժողովուրդը չէր ճանաչում բեմի վրայիններին ու չէր երգում նրանց երգերը, ինչը իմիտացիայի էր ենթարկում ամբողջ համերգը:
Կանգնեցինք բեմից էնքան հեռու, որ իրար հետ խոսելուց ականջը բերաններին մոտեցնել ստիպված չլինենք:
Ամբոխի մյուս ծայրում տեսա Լառային, որ հավանաբար ավելի շուտ էր ինձ նկատել, ու նայում էր իմ կողմ: Նկատեցի ու վերհիշեցի իրա ինչ-որ հրդեհից անվերջ շարժման անհրաժեշտությունը: Մի քանի վայրկյանաչափ շեղված ու վերադարձած հայացքներիցս ոչ մեկը չէր գտնում նրան նախկին տեղում: Մեկ մոտ էր հայտնվում ինձ, մեկ էլի հեռու:
Լևի հետ ինչ-որ բան էի քննարկում, երբ Լևը շեղվեց ու հայացքը ուղղեց ինչ-որ կետի, որը հավանաբար շարժվում էր: Շրջվեցի: Երկու քայլի վրա Լառան էր: Ժպտացի:
- Բարև, Լառա, - ասեցի:
- Բարև:
Մի քանի վայրկյան ժպտում էինք իրար ու կարծում եմ իմ ժպիտն ի տարբերություն իրանի ապուշի էր:
- Ո՞նց ես:
- Լավ, Վիգ; Դու ո՞նց ես:
- Լավ, լավ:
Շարոնակեցի ներքին համոզումով ապուշի պես ժպտալ: Աղջկան, ում հետ մի ամիս շարունակ ամեն օր ժամերով խոսում էինք, ես հիմա ասելու բան չունեի: Էդպիսին ա վիրտուալ շփումը: Բոլոր խոսքերը նախկինում խոսացված, թեմաները` պարապած, հիմա էս պահին անհարմար լռությունը միակն էր, որ հարմարվել էր մեր միջև:
Լավա գոնե իրավիճակը էնպիսին էր, որ նա չէր մոտեցել ինձ, այն ընդամենը անցնում էր ինձ մոտով, և օգտվելով դրանից ժպտալով հեռացավ`փրկելով իրավիճակը:
Արոն ոչ մի հարց չտվեց` հետաքրքվելու թե ով էր: Բայց նկատեցի, որ ունքերը կիտած` կենտրոնացած,ու ուշադիր հետևում ա Լառայի շարժին ամբոխի մեջ: Մի քանի րոպե անց Արոն ականջիս ասեց: Ականջիս ասեց, ոչ թե որովհետև չէր լսվում ժխորի մեջ, այլ որովհետև մի թաքուն բան կար ասելու.
- Ապեր, էդ աղջիկը քեզ ա սիրահարված:
- Չէ հա, դժվար:
- Բան եմ ասում քեզ, արա, ամեն անգամ քո կողմ նայելուց ժպտում ա:
- Հա, էդ իրա ձևն ա, ժպտերեսիկ ա:
- Չէէ, ապեր, չէ: Ինքը չի ժպտում ուղղակի, քեզ տեսնելուց ուրախանում ա: Հաստատ բան եմ ասում: Տես ինչ ես անում, - ասեց, թպացրեց ուսիս, հեռվացավ ինձնից ու ականջիցս, ու հայացքը Լառայից թեքեց արդեն:
Նայեցի Լառային: Արագաշարժ էր, և նրա շարժը ցատկերի էի նման: Միգուցե ճիշտ ա Արոն: Միգուցե դու ուրախ ես ինձ տեսնել, միգուցե ցանկանում էիր տեսնել մինչև էդ անգամ ու կուզես տեսնել էլի…
Անցավ մոտ կես ժամ: Ես պարբերաբար հետևում էի Լառային`մտքում նախագծելով մեր հնարավոր հանդիպումը, վերաիմաստավորում էի մեր նախկին խոսակցությունները ու ուրվագծում էի նրա կերպարը` ժարժուձև, հագնված ոճը, հայացքի տեսակները, ծիծաղը: Եվ էդ ամենը անում էի ինչ-որ ենթագիտակցական հիացումով: Մի զգացում էր, որ երբ կարդում վերջացնում ես գիրքը, փակում, մոռանում ես ու սկսում ես մտածել դրա մասին օրեր անց միայն, մտքեր, գաղափարներ հիշել, վերհիշել և սիրել տողեր: Թեպետ գիրքը սիրել ես կարդալ, վերջացնելուց ու փակելուց հենց հետո,կարծես սկսում ես հիշել, որ սիրել ես…Նման մի բան էր մոտս: Ինչ-որ թաքուն, աննկատ ու կանգնացնելու անհնար ընթացք էր գնում ներսումս: Հիմար բան ա, բայց զգացմունքը մենք զգում ենք միայն վերջնական ձևավորվելուց հետո, նրանից հետո միայն, երբ ետդարձ էլ չկա:
Հեռվից տեսա, որ մոտենում ա իմ կողմ` ընդ որում ուղիղ գծով: Հասավ ինձ, կանգնեց երկու քայլ հեռավորության վրա ու ասեց.
- Վիգ, մենք գնում ենք արդեն: Եկա քեզ «Ց» ասեմ:
- Էսքան շու՞տ:
- Դե կհանդիպենք, կխոսենք, - ակնհայտ նկատի ուներ սոցիալական ցանցում:
- Իրականում թե՞ վիրտուալում:
- Ի՞նչ:
- Հեչ, հեչ, - վստահ չլինելով, որ ճիշտ հարց տվեցի, ավելի ճիշտ ակնարկով առաջարկ արեցի, փորձեցի ցրել:
Մի քայլ մոտեցավ ինձ: Ուղիղ նայեց աչքերիս ամենախորքին, ու ստիպեց օտարությանը նահանջել: Հետո ձգեց ձեռքը, հպվեց իմին, ասեց` «Չէ…ասա» ու դանդաղ ետ տարավ ձեռքը: Էդ հպման մեջ վայրկյանաչափ հայտնված ու փախցրած կախարդանք կար, որ կստիպեր խոստովանել տղամարդուն ամեն ինչ:
- Հարցնում էի…Իրականում կհանդիպենք, թե՞ գիշերը սոցիալականում:
Նայեց, ժպտաց, ակնհայտ ուրախացավ, բայց տվեց անուղղակի համաձայնություն.
- Ոնց դու կուզես, Վիգ:
- Լավ..Լավ...
- Ց:
- Ց:
Ասեց, շրջվեց ու վայրկյանների ընթացքում կորավ տեսադաշտիցս:
Comments