S O U L J O B 4, 5, 6
- Vag Germanyan
- 24 сент. 2019 г.
- 23 мин. чтения
Обновлено: 11 окт. 2022 г.
Գլուխ 4
Չուղղվող սխալները հենց ճակատագիրն են: Եվ թե չես կարող ուղղել ճակատագիրդ, ինչպես չուղղես հարց դրան: Նորից ու նորից, հազարավոր անգամները, միշտ նույնը:
Իմ ամբողջ կյանքում հաճախ կրկնվող ու առանց պատասխան խլացող հարցը. «Ի՞նչ եմ ուզում ես ինձ ինձ սիրող կնոջից»: Տարիների եղած-չէղածով անցնելու ընթացքում գումարվեցին այլ հարցեր` ինչի չեմ վախենում կորցնել էդ կանանց, ինչի ոչինչ չեմ անում նրանց պահելու համար, ինչի եմ տառապում իրենցից, երբ ազատում են ինձ իրենցից, ինչի ունակ չեմ փոխվելուն:
Վերջին հարցը արժեր տալ ամենասկզբից, բայց գիտակցելու համար, որ ունակ չես փոխվելուն, պետք էր տարիներ շարունակ չփոխվել: Փոխվելուց կոնֆորմիզմի հոտ ա գալիս, փոխվելը թուլություն ա, փոխվելուց փոխանակում ես, այլ կերպ ասած`վաճառում ես սեփական անձդ:
Չգիտեմ որ պահից մեր նանո դարաշրջանի մարդիկ սկսեցին նույնականացնել հոգևոր աճն ու կոնֆորմիզմը` հոգեթերափեֆտների սենյակներից ուրախ դուրս գալուց որդեգրելով սկզբունքը`որքան հարմարվում ես, այդքան աճում ես: Ես կարծում եմ` թե կյանքին հարմարվել եք, ուրեմն կյանքը ձեզ կոտրել ա, որովհետև կյանքը մարդուն փոխելու միայն մի միջոց ունի` կոտրելու միջոց: Ու մի տեսակ դրա մեջ հպարտանալու բան չկա:
Դրանցից ավելի շատ չեմ սիրում կյանքի ու աշխարհի դեմ կռիվ տվողներին: Ընդ որում դրանք բաժանվում են երկու խմբի, մեկը, որ սեփական կյանքի դեմ ա կռվում` հաջողության հասնելու անվերջանալի մոլուցքով: Սրանք ձեռքբերելու, ուենալու ու կուտակելու գերիներն են: Միշտ մրցակցության մեջ, միշտ կռվի մեջ` ինչ-որ անհասկանալի հաշվի մեջ առաջ անցնելու հիմար մղումով: Կողքից նման են վանդակի մեջ անվերջ թփրտացող կենդանու: Մի կողմից կյանքի ու աշխարհքի դեմ եմ կռվում, բայց մյուս կողմից հանուն էնպիսի նպատակների, որոնք հենց էդ աշխարհքի ստանդարտներով էլ թելադրված են` բարեկեցության, գեղեցկության ու անգամ երջանկության: Աշխատամոլ են մրջյունի պես, զրկանքներին դիմացող, ատամները սեղմող ու ջարդող, չհանձնվող, իրանց աշխատանքային 8-ժամյա օրը 18 սարքող, ոչ կանգ ունեն, ոչ հաշտություն, ինչի պատճառով և իմաստնություն: Ու սրանք սովորաբար էնքան են տարվում իրանց կռվով, որ քթի տակ եղածը չեն նկատում, երբ հանկարծ իրանց հաջողության գրավական դարձած ու ձեռքբերում համարվող գեղեցիկ կանայք գլխներին պոզեր են տնկում:
Առավել անտանելի են ուրիշների կյանքի համար կռիվ տվողները` իրանց արևին աշխարհ փոխողները: Էդ դրոշակ բռնած պայքարողները կամ երեսպաշտներ են, կամ էլ թաքնված սադիստ մոլագարներ: Էդ գաղափարական դաշտում մարդկանց փրկողները շատ արագ վերածվում են իրական դաշտում մարդկանց սպանողների, ու ձեռքերի դրոշանկերն էլ փոխվում են հրացաններով: Ամենավտանգավոր մարդը գաղափարական մարդն ա, ինչքան էլ դրանց գաղափարները խաղաղասեր ու ազատատենչ լինեն, վերջում մեկա բերում են սպանությունների ու ենթարկացման:
Աշխարհին հանգիստ թողնեմ, ու վերադառնամ առաջին հարցին: Ի՞նչ եմ ուզում ինձ սիրող կնոջից:
Ամենապա՞րզը ու տղամարդկանց` էդ թվում իմ մասին կարծրատիպային կարծիքով հաստատվա՞ծը:
Կնոջ մարմինը ստանալը հեշտ բան ա: Ու թե ուզածդ կնոջից միայն դա ա, ուրեմն կամ կինը լավը չի, կամ կինը միշտ պակասել ա կյանքումդ, դե կամ էլ դու էն կանանց հասցեին մշտական ուս թափ տվողներից ու "Да кто поймет этих женщин?!" կրկնողներից ես: Любой, кто не страдает солдатской тупостью, поймет. Կանայք չեն էլ պատկերացնում, թե ինչ լավ ա, որ տղամարդիկ չեն հասկանում իրենց, հակառակ դեպքում հասկացածը միանգամից կօգտագործեին իրենց դեմ` տիրելու, ենթարկացնելու և վերջում ավիրելու համար: Տղամարդկային ձգտում ա` ամեն բան տիրել, ենթարկացնել ու ավիրել: Կարծում եմ կնոջ համար ավելի լավ ա չհասկացված ու օգտագործված լինել, քան փլատակների վերածված:
Սեքսից հետո թե ցանկանաս ստանալ ավելին, դժվարություններ կհանդիպեն: Փորձիր ուղեղում հայտնվես, հոգին խլես: Փորձիր ստանալ պատկանելություն, կամովի պատկանելություն: Ինքնակամ ի պահուստ քեզ հանձնած անղեկ ճակատագիր: Երբ կինը ուզում է պատկանել քեզ, բոլոր պատերազմները հանուն նրա կարելի է արդեն ավարտել…Ու չկա ավելի արտակարգ ինքնակործանվող արարած, քան սիրահարված կինը:
Ու էդպիսով, ի տարբերություն տղայական շրջապատիս, ես կին-տղամարդ հակադրության մեջ չէի մտնում , գուցե որովհետև երբեք շատ լուրջ չէի ընդունում իրենց, երբեք չէի չարանում իրենց վրա, ուշադիր էի իրենց վարքագծի, խոսքի, տեսքի հանդեպ ու կարողանում էի ապրել հիացմունք նրանց հանդիպելիս, ինչի պատճառով էլ, հավանաբար, սիրո աստվածները բարյացակամ գտնվեցին իմ հանդեպ ու որոշեցին շռայլ լինեն: Սիրո աստվածները…Աստվածները… Ուզում եմ հավատալ, որ նրանք շատ են, և որոշում են կայացնում հանձնաժողովով` ձայների մեծամասնությամբ: Հանձնաժողովով ընդունված որոշումների սխալությունը ավելի խնդալու ու զվարճալի պիտի որ լինի, քան միանձնյան: Իսկ իմ հարցով նրանք միշտ էլ սխալվում էին: Չէ որ ունակ էի ապրել հիացմունք կնոջ հանդեպ, բայց ոչ երջանկություն նրա հետ:
Շռայլ էին, և ուզածս կնոջ պատկանելությունը գրեթե միշտ էլ ստանում էի: Ստանում էի իմիջիայլոց, կիսախաղով, կիսակատակով, անգամ կիսատ մինչև վերջ չլցված ցանկության սրվակով:
Ստանում էի, ու երբեք չէի վախենում կորցնելուց, ու միշտ կորցնում էի:
Ստանալուց հետո, ըստ երջանկության ինստռուկցիայի պիտի վայելես: Պիտի կանգնացնես նրա կործանումը, և վայելես նրան:
Բայց դա իմ մասին չէր: Երջանկությունը ինձ համար ցածր մի բան էր, որ ձգտումներիս շարքում տեղ չուներ, իսկ վայելել ոչ գիտեի, ոչ էլ ուզում էի:
Ձգտումները ինձ բնորոշ էին, մղումների պակաս չունեի: Բայց սիրում էին դրանց անվերջությունը: Սահմանանցությունը: Ծայրահեղությունը: Անկարգությունը: Երջանկությու՞ն: Երջանկությունը կանգ ա: Չկա ձգտում դրանում, չկա ավելին դրանում: Երջանկությունը բավարարն ա: Նույն ինստռուկցիայով, այդ երջանկությունը պետք է դանդաղ ու աննկատ ինքնաոչնչացվի հիպոտեքի, ճչացող ու անկարգ փոքր մարդուկների ու անվերջ սիրելու երդում տված ու դրա ձեռը կրակն ընկած կնոջդ միջավայրում: Պատահական չի, որ հիպոտեքի գովազդներում միշտ երջանկություն կա: Երջանկությունը սպառողական հասարակության փողփողող ու կանչող դրոշակն է:
Չէ, թող գրողի ծոցը կորեն բոլոր կանգերը, բոլոր բավարարները: Եվ թե հասել ես երջանկության սկզբին, կա ևս մի ելք: Այնպես ինչպես կառուցել ես այն, սկսիր այն քանդել, կործանել, ոչնչացնել եվ սրտակից կլինես Նեռոնի մղումներին` Հռոմը այրելուց:
Էդ ամենը պարզ էր ամենասկզբից: Ես էլ սուտ խոսող չեմ, ուրիշի տեղը ինձ դնող չեմ, առավել ևս` խոստումներ տվող չեմ: Ինքը դա գիտեր, ու ինչպես ինքն էր ինձ օրերից մի օր արցունքների տակից վաղաժամ ախտորոշել «Քո չափը չափազանցն է»:
Ես հանդիպել էի իրեն իր օրիորդության փուլում: Որքա՜ն սքանչելի օրիորդ: Որքա՜ն սիրելու ու վայելելու ենթակա արարած: Օրիորդ, որը կամաց-կամաց տեղափոխվում էր կանացիության թագավորություն: Կին էր բոլոր բնազդներով ու ամբողջ գիտակցութամբ: Այդպիսի կանացիությունը վայելում են, և ոչ թե նյարդայնանում: Հանդիպել էի, սիրահարվել էինք, սիրել էր և հանձնվել էր, տրվել էր` պատկանելու: Սիրել ու պատկանել գիտեր: Նա նույնպես գիտակցում էր սեփական կանացիությունը և դրա գլխավոր կանոնը` սիրելու ունակությունը: Հիշում եմ ասել էր.
- Քեզ քաղաքում, փողոցներում տեսնելու են ծանոթները և հարցնելու են. «Ինչպե՞ս է ձեր հիասքանչ կինը»:
Եվ ես շոյվելու էի ծանոթների այդ խոսքերից: Ինչ-որ մի տեղ: Զուգահեռ իրականությունում պետք է որ էդպես լիներ:
------------------------------------------------------------
Ինչի են համարյա միշտ կանայք նախաձեռնում բաժանում: Տղամարդիկ զուտ ալարում եմ դա անել: Դրա պատճառն էլ կա: Կանայք լքում են մեզ առանց մեզ տեսանելի նախորդող և հաջորդող փուլերի: Միանգամից, մեկընդմիշտ, առանց ետադարձ հայացքների, որոշ դեպքերում անգամ առանց բացատրության:
Այլ ա տղամարդկանց նախաձեռնած բաժանումը: Տրիբունալի առջև կանգնած զինվորի պես մենք պարտավորվում ենք բացատրել որոշման տեղիությունը, կարևորությունը և իհարկե, անհրաժեշտությունը: Բոլորը փաստերով: Այս փաստաիրավական փուլը մեզ համար անհրաժեշտ է, որպեսզի հանկարծ չստանանք մեր միակ դատավորի` կնոջ, ամենածանր դատավճիռը` սրիկա: Կհավատաք թե չէ, բայց ոչ մի տղամարդ էլ սրիկա լինել, կամ առնվազն ընկալվել չի ցանկանում: Չգիտեմ միջնադարից եկած ասպետական համբավի կարիքն ա, թե մի ուրիշ հիմար բան, բայց էդպես է: Փաստաիրավական փուլը ավարտելուց հետո գալիս ա մխիթարանքի ու բաժանման հարվածի մեղմացման գործընթացը:
Անպայման մի քանի բարձ դնել, որին պետք է հենվի օրիորդը, բաժանման պատճառը`մեղքի բեռը վերցնել ձեր ուսերին և վերջում ապահովել արցունքները մաքրելու թաշկինակ: Թաշկինակ, և ոչ թաշկինակ մեկնող, որովհետև ցանկացած թաշկինակ մեկնողին պատրաստ ենք տեղնուտեղը հոշոտել:
Էսքանից հետո պարզ ա, որ տղամարդը ալարելու ա թվարկված ամենը անել և հետաձգելու ա ամեն կերպ:
3 օր կորած էի ման գալիս: Գրածներին կարճ-կարճ էի պատասխանում, զանգերին էլ ասում` հարմար չի, տանը չեմ, ուշոտ կզանգեմ:
Հարմարվում, վերհիշում էի մենությունս, որ դեռ պետք ա լցներ հոգուս դատարկ պալանտները և վերածվեր ազատ տղամարդու ինքնագիտակցման:
Իսկ իր հետ շփումը կարող էր կանգնացներ այդ գործընթացը, չէ որ, թեպետ ոչ մի կարևորություն չէի տալիս էդ փաստին, բայց, մեկ ա, սիրում էի իրեն:
Մյուս կողմից ազնվությունս էի քրքրում` փորձելով վերջապես ինքս ինձ խոստովանել կործանված հարաբերոթյունների մեղքը, որը իհարկե միայն իմն էր:
Եվ իհարկե ալարում էի սկսել այն, ինչ անպայմանորեն պետք էր վերջացնել: Մեկ խոսակցություն չէր լինելու: Հաշտությունը երկար էր լինելու իր մոտ: Իսկ ես խղճիս պատճառով մասնակից էի լինելու այդ գործընթացին:
Զանգեցի.
- Բարև:
- Բարև, ա՛յ տղա, կարոտել էի, կորես ես...
- Հա, տա՞նն ես:
- Չէ, կյանք, կլինեմ մի 15 րոպեից:
- Հասնես տուն զանգի վիդեո քոլլով:
- Բա՞ն ա պատահել:
- Պետք ա խոսենք:
Լռեց: Մտածեցի` կանխագուշակեց խոսակցության թեման: Ուզում էի կանխազգար, որ գոնե միքիչ պատրաստ լիներ: Ասեց.
- Լավ, Վիգ…20 րոպեից կզանգեմ:
20 րոպեն դարձավ մի 40:
Ես զանգեցի, ուշ պատասխանեց զանգին: Կիսահագնված էր:
- Մոռացա՞ր զանգես:
- Չէ, սերս, էստեղ երեկույթ են կազմակերպել. – շրթներկը քսելով ասեց ու շարունակեց, - Նոր շորիկ էի առել: Ուզում էի պատրաստված, սիրունացած ինձ տեսնեիր:
Հասկացա, որ ոչ մի բան էլ չի կանխագուշակել և ոչ մի բանի էլ պատրաստ չէր: Բացի իհարկե երեկույթից: Կանգնեց, հեռու գնաց, շորիկի մեջքի ճարմանդը փորձում էր կոճկել, կոճկելուց ասեց. «Ու՞ր եք, է՜, պարոն, կոճկեիք զգեստս»: Կոճկեց, շրջվեց: Նայեցի, հիացա, ժպտացի ու կրկնեցի սովորական դարձած խոսքս.
- Աշխարհի ամենասիրուն կինը, ինչ խոսք...
- Շնորհակալ եմ, պարոն: - ամաչելով ու ժպտալով, կանացի շոյվելով ասեց:
Շարունակում էի ժպտալ իրեն: Արդեն մոռացել էի, ինչի համար եմ զանգել:
- Ի՞նչ պիտի խոսեինք, Վիգ:
Հայացքս փախցրի: Փորձեցի խոսքեր գտնեմ սկսելու համար: Երևի էդ պահը երկար ձգվեց:
- Վի՞գ:
- Հա, հոգիս…
- Բան պիտի ասեիր ինձ:
- Հետո կխոսենք, հոգիս...Դու գործերիդ նայի: Էդ ի՞նչ երեկույթ ա:
- Ցուցահանդես ա:
- Պարզ ա, ուշ չգաս:
- Չէ, կզանգեմ էնտեղից քեզ:
- Լավ:
- Պաչում եմ, - շրթունքները կլորացնելով ասեց:
Օդային ուղարկեցի: Ձեռքով արեց, ժպտացի, անջատեց:
Կգնար երեկույթի, հետ կգար, ուշ կլիներ, հոգնած կլիներ, ես տանը չէի լինի, ուշ կգայի, քնած կլիներ, քնից պիտի հանեի, որ խոսեի: Կհետաձգվեր ևս մի օրով:
Կիսատ ծխած սիգարետս հանգցրի մոխրամանի մեջ ու զանգեցի նորից.
- Հա, Վիգ:
- Լավա դուրս չես եկել: Պիտի խոսենք:
- Ասա:
- Պետք ա բաժանվենք:
Եկավ նստեց դիմացս`վրաս չնայելով:
- Ինչի՞:
- Ինչը՞ ինչի, հազար պատճառ կա: Դու ինքդ էիր ասում հարյուրավոր անգամներ, որ պետք ա բաժանվենք:
- Ինչի՞ ես դու որոշել բաժանվել:
- Հաշտություն չի լինելու, հոգիս, խոսք եմ տալիս քեզ, որ հաշտություն չի լինելու, դու անվերջ սպասելու ես, ես երբեք կանգ չեմ առնելու: Մինչև ե՞րբ ես ինձ սպասելու:
Գլուխը դեռ չէր բարձրացնում: Արցունքները գնացին: Դե իհարկե, արցունքներ էին լինելու, իսկ դու ի՞նչ էիր սպասում, Վիգեն:
- Նայի ինձ, - համարյա գոռացի ես: Տարօրինակաբար կամքս սկսեց ուժեղանալ: Հավանաբար որովհետև տեսա արցունքները: Տեսա խոչընդոտը, որը պետք ա հաղթահարեմ: Չէ, հոգիս, չէ, չես կանգնացնելու ինձ, չեմ հալվելու, ետ չեմ կանգնելու: Դե տե՛ս, ոնց եմ մինչև վերջ տանում:
- Նայի՛ ինձ,- նորից գոռացի ես:
Գլուխը բարձրացրեց: Քիչ առաջ երեկույթի գեղեկցուհու անվանակարգով աղջիկը լռիվ անպատրաստ էր դարձել: Մակիյաժը կաթիլ առ կաթիլ սողում էր այտերով` մրոտելով դեմքն ու սևացնելով սիրտս:
- Մինչև ե՞րբ, մինչև ե՞րբ ես սպասելու ինձ: Կամ ինչի՞ ես սպասելու: Կամ ի՞նչ ունենք մենք կորցնելու:
Շունչը քաշելով, արցունքները կուլ տալով, մի քանի անգամ խոսքի առաջին տառը արտաբերելով ու կանգնելով, նորից շունչ քաշելով վերջապես ասեց.
- Չգիտեմ, Վիգ...Չգիտեմ...Բայց ինձ թվում էր...թվում էր, մի օր կավարտվի էս ամեն ինչը...ու լավ կլինի...
- Քեզ չէր թվում, դու հույս ունեիր, ես էլ հույս ունեի...Բայց երկու տարուց ավել գերության մեջ ես դու: Սպասում ես երջանկության, բայց ես քեզ մենակ գերություն եմ տալիս: Դու ինձ հետ չես, դու ինձ դիմանում ես: Ինչքան, մինչև ե՞րբ ես դիմանալու դու ինձ: Դե ասա, մինչև ե՞րբ:
Ձեռքերով երեսը փակեց, փորձեց խլացնել լացի պոռթկոցը: Ես շարունակեցի ճնշումը.
- Նայի ինձ, ասա ինձ, ի՞նչ ես ուզում, ի՞նչ էիր ուզում դու մեզանից:
- ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆ, - ճչալով դուրս հանեց մեջից, - միքիչ երջանկություն...
- Չի՛ լինելու: Ես ու՞ր, երջանկություն տալն ու վայելելը ու՞ր: Պետք ա խոստովանել, որ պարտվեցինք մենք, պարտվեց մեր սերը ու քանի դեռ չենք կործանել իրար, ազատվել ա պետք էս գերությունից: Տարբերակ չունենք: Ուրեմն ելք պիտի փնտրենք:
- Չե՛մ ուզում բաժանվել, - հայացքը իջեցնելով ասեց:
- Հոգիս, ախր դու ինքդ էիր կրկնում լիքը անգամներ. «Վիգ բաժանվել ա պետք, պետք ա բաժանվենք», իսկ ես քեզ կանգնացնում էի, հիմա ինչի՞ ես դեմ գնում:
Լացում էր: Շարունակեցի:
- Դու երջանկություն ես ուզում ու արժանի ես դրան: Ի՞նչ գործ ունես իմ նման մարդու հետ: Ո՞վ եմ ես քո կյանքում: Լացուկոծիդ, ու նյարդային սռիվերիդ հեղինակը՞: Իմացի, ամեն մեր կռիվներից հետո, լացդ կտրելուց հետո ես հանգիստ պառկում քնում եմ: Իսկ դու՞: Լուսացնում ես գիշերները փորձելով մարսել ու կուլ տալ եղած տգեղ տեսարանները, որ նոր ուժ գտնես ինձ սիրելու՞ համար, հա՞: Սիրու՞մ ես ինձ: Ու՞մ` ինձ: Ես ո՞վ եմ քո կյանքում: Դու հա էլ մենակ ես էղել քո սիրելու հետ, ես ժամանակ առ ժամանակ մենակ հայտնվել եմ, որ ոտնատակ անեմ ամեն զգացացդ: Մենակով չեն սիրում, հոգիս, մենակով չպետք ա սիրեն: Ինչի՞ ես վատնում օրերդ, տարիներդ ինձ հետ:
Լռում ա:
- Հիշի, հիշի քանի անգամ դու ինքդ էիր ասում «էլ անհնար ա: Պետք ա բաժանվենք:»
- ԵՍ ԼՈՒՐՋ ՉԷԻ ԱՍՈՒՄ - գոռաց ու կրկնեց գոռալով, - ԵՍ ԼՈՒՐՋ ՉԷԻ ԱՍՈՒՄ, - ու սկսեց նոր թափով հեկեկալ....
Ժամանակ տվեցի, որ լացը գոնե միքիչ թուլանա, խոսել լինի հետը: Չթուլացավ: Ցածր ձայնով ասեցի.
- Կանցնի միքիչ ժամանակ, մի քանի օր, ու կհասկանաս, որ չես բաժանվել ինձնից, փրկվել ես ինձնից, ազատվել ես ինձնից...
Նայեց վրաս: Արցունքները մաքրեց: Դե ասա մի բան, ասա որ ճիշտ եմ, ասա որ համոզեցի քեզ: Զկրտալով ասեց.
- Միքիչ.. հետո.. կզանգեմ, Վիգ...
- Ե՞րբ:
- Կզանգեմ...
Անջատեց զանգը: Շունչ քաշեցի: Սիգարետ դրեցի բերանս: Վառեցի: Երկու մուխով պրծացրի: Երկրորդը դրեցի բերանս: Անցա, առաջին փուլը անցա, ու ինքն էլ կանցնի: Հո չի մնա: Գիտեի անգամ եթե էսօր զանգի, ուշ ա զանգելու:
Ինքս ինձ հետ մնալ չէի ուզում: Ինքս ինձ հետ մնալը` մեղքիս զգացումից հետն էր նաև: Իսկ էդ կատաղած շունը մենության մեջ ա միշտ հարձակվում ու կծոտում: Զանգեցի Վչոյին.
- Ինչ կա, մօյ լակեյ:
- Բան չէ ազիզ:
- Դե իջի մի տեղ խմենք:
- Սի յու մինուտու, գասպադին:
Գլուխ 5
Հանկարծակի գարուն էր փողողներում, որ սովորաբար տևում ա մեկ-երկու օր` մինչ կրկին ցրտելը: Գարնան առաջին օրերի պես ամեն ինչ անսովոր էր: էն անսովորությունն էր, որ մարդկանց միշտ ստիպում ա պատուհանը բացելիս երկնքին նայել, տեսնել աչքեր ծակող արևը ու ասել “Գարուն ա…” :
Ամսվա վերջ էր: Ես ու Վչոն էլ ամսվա սկզբին էինք սպասում`փողին: Իսկ մինչև էդ զվռնում էինք ստեղ ընդեղ փողոցներով` գրպանի փողերը հաշվելով` մի տեղ գոնե ամերիկանո խմելու հույսով:
Քայլում էինք, Սպենդիարյանի փողոցով իջնում: Փողոցով մեզ հանդիպակաց բարձրանում էր կառե մազերով օրիորդ` գարնան համար չափից ավելի թեթև հագնված` մոտ ապագայից եկած summer girl:
Մոտենում էր մեր հանդիպման պահը: Վչոն ասեց.
- Ֆատոգրըֆն ա, ապե:
- Հա, ջոկեցի:
- Մի բան կանես:
- Մի բան կանեմ:
Մոտեցավ մեզ` հայացքը ուղղած ճիշտ ինձ: Ճանաչել էր: Եվ ժպտում էր: Հետո պետք ա հասկանայի, որ իրա էդ ժպիտը ծաղրանք ա միշտ: Հատվեցինք, ասեցի.
- Բարև:
Զրո արձագանքով, պերիֆերիկ քմծիծաղով անցավ գնաց:
Վչոն արդեն ռեխը ուզում էր բացեր, ղժժար վրես, սաստեցի շուտ ու ասեցի` դե տես:
Վազեցի հետևից: Բռնեցի թևից: Շրջվեց: Թևը բաց չեմ թողնում:
- Վայ, բարև, - ասում եմ:
Նայում ա թևին, նայում ա ինձ: Շարունակեցի.
- Չհիշեցի՞ք ինձ:
- Չէ:
- Մենք հին ծանոթներ ենք:
- Հա՞
- Հա:
- Էդ դեպքում ի՞նչ ա անունս:
- Անու՞նդ...
- Ահա, անունս...
- Ինձ պարտք աղջիկ:
Ժպտաց` ծաղրելու պես: Թևը ազատեց ձեռքիցս: Կանացի երկու շարժումով դզեց պայուսակը ու թի-շըրթը:
- Մինչև կյանքի վերջ քեզ պարտք եմ, հա՞:
- Ահա…Մինչև կյանքի վերջ, - վերջապես իրան արժանի քմծիծաղ-ժպիտով պատասխանեցի ես:
- Ու ի՞նչ ես ուզում: Ուզու՞մ ես պարտքդ տամ:
- Չէ, առայժմ միայն բարև եմ ուզում:
Նայեց, մտածեց: Էս բոլոր դադարները մի նպատակ ունեին` բացառել ավել ասված բառը: Պակաս կասեր, բայց ավել բառ` երբեք:
- Բարև:
Գլխով արեցի` հասկացնելով ազատ ես, կարող ես գնալ:
Դանդաղ շրջվելով, շրջված տեղից դժգոհ հայացք գցելով գնաց: Ես կանգնած մնացի: Ու երևի երկար կկանգնեի, մինչև որ ականջիս տակ ցոգոլ կրճտացնող լակեյիս ձենը չլսեի.
- Հը՞ն, ապե, ի՞նչ ասեց?
------------------------------------------------------------------------------------------------------------
Էդ երեկո եկա շուտոտ տուն` ժամը 11-ին, մտա սոցիալականները, ու տեսա ֆատոգրըֆի ֆռենդ ռեքուէսթը: Կմտածեք, թե ազդված նախորդ հանդիպումից կամ տպավորված հանդգնությունիցս, գրավվել էր և շփում էր ման գալիս: Եկեք արագ բացառենք էդ տարբերակը, քանի որ գործ ունեք լրբի հետ: Ու լրբությունը էդ ես ճանաչել էի դեռևս առաջին հանդիպմանը` ճիշտ էն պահին, երբ նա ֆոտոապպարատը մի կողմ թեքեց ու ժպտաց ինձ: Ժպիտը ժպիտ էր, բայց աչքերը, հայացքը հրճվող էր: Ու էդ հրճվանքի մեջ մի պահ երևաց ու թաքնվեց էն կանացի կործունակությունը, որ հաղթել էր Թմբկաբերդի հերոսին: Արդարության համար ասեմ, որ լրբության չափազանցությունը պատկերացնել չէի կարող:
Սկսենք սկզբից:
Նույնքան որքան ես էի առաջինը ֆիքսել, այդքան էլ ինքն էր կարծում թե առաջինն է ինձ ֆիքսել:
Մոտեցել էր, նախաձեռնել էր առաջին խոսակցությունը` ակնհայտ չխուսափելով առաջինը լինելու տպավորությունից: Չխուսափելը որն ա, դա իր որոշումն էր և իր քայլը, իսկ ես պարտավոր էի ենթարկվել դրան ու ամբողջ վարքագիծս դրսևորեի հենց իրա պլանավորածով: Լրբերը տենց են, նրանք միշտ դոմինանտ են, վերահսկողություն պահող, թեպետ սիրում են իրենց ենթարկողներին, բայց և երկար հաշտվել դրա հետ չեն կարող: Ուստի իրենց կյանքը սովորաբար կառուցում են գուցե արտաքնապես բռուտալ ու առնական, բայց փայտահատի միամտությամբ տղամարդկանց հետ:
Բայց ամեն բան իր պլանավորվածով չէր գնացել: Իր առաջին խնդրանքից հետո ես չէի փորձել ծանոթանալ հետը, որին կհետևեր իր սեթևեթանքը, չէի երկարացրել շփումը որևէ կերպ, որն ինքն իր ուզած կետում պետք է ընդհատեր, ավելին` հանդգնել էի համարյա լուրջ հայտարարել` բա թե, հոգիս, պարտք ես ինձ:
Հենց էդ պատճառով նա ինձ չբարևեց ու անգամ արհամարհեց բարևս, քանի որ չէր ուզում շարունակեր ընդհատված կետից: Ընդհատված կետում իր նախաձեռնությունը ջրել էին, պլանավորածը`շեղել: Չբարևեց, ապագային և իր պլաններին թողնելով` նորից սկսելը: Զրո կետից, որտեղ նախաձեռնությունը կրկին իրենը կլինի:
Բայց էստեղ էլ խանգառեցի իրեն դա անել: Ստիպողաբար ստացա, պոկեցի բարևս: Զրկեցի իրեն ընտրության հնարավորությունից: Իրա տիպարին չպետք էր տալ ընտրության հնարավորություն:
Ու հիմա սոցիալականում ընկերության իր հայտը կրկին առաջին քայլ է` էլի իրա կողմից: Եվ սրանից պետք է ոչ թե շոյվել, այլ զգուշանալ:
Ընդունեցի, ու վայրկյաններ անց գրեց` առաջինը.
- Բարև:
- Բարև:
- Ո՞նց ես:
- Նոռմալ, մերսի: Դու՞:
- Բա ինչի՞ նոռմալ, ինչի՞ լավ չէ, - հարցրեց` անտեսելով իմ հարցը:
- Օյաղ եմ, երևի դրանից:
- Բա խմի:
- Լցրու:
- Ի՞նչ կխմես:
- Թունդ մի բան:
- Իսկ թու՞յն մի բան:
- Շուտ ա:
- Ի՞նչն ա շուտ:
- Շուտ ա ինձ թույնելը…
- Հաա…Ի՞նչ գիտես որ շուտ ա:
- Այսի՞նքն:
- Ի՞նչ գիտես երբվանից եմ քեզ նկատել:
- Ճիշտ ես, չգիտեմ: Ե՞րբվանից:
- Շուտվանից:
- Անցած կյանքի՞ց:
Ժպիտներ շարեց ու կորավ: Քիչ անց, որոշեցի ես գրեմ.
- Չասեցիր` դու ո՞նց ես?
- Հոգնած:
- Ինչո՞վ պայմանավորված:
- Գործից նոր եմ եկել:
- Հերթական փարթի՞ն:
- Ահա..
Եկել ա փակող պատասխանների հերթը: Խայծը գցել ա, սպասում ա դերերի փոփոխությանը: Լավ, կորեմ միքիչ` մինչև խայծը որոշի փոխի:
Գնացի, բացեցի պահարանի դուռը` որտեղ գրքերին զուգահեռ դրված էին խմիչքները: Գտա ժանգագույն մի բան, գտա նաև փոշոտ բաժակ` փչեցի ու լցրեցի մեջը: Սենյակով քայլելով կում արեցի, դառնացա, դիմադրեցի դառնությանը, վայելեցի`մտածելով ինչ վատ թույն ա: Կյանքում էլ ամեն բան թունդ խմիչքի պես. թե կարողացար բավարար չափով դիմադրել դառնությանը, վայելքը կգա:
Երրրոդ` բաժակը դատարկող կումն էի ուզում անել, երբ ստացա նամակ`էսէմէս, Գերմանիայից. «Ո՞նց կարայիր, Վիգ…Ո՞նց կարեցար…»:
- Ի՞նչը:
- Բաժանվելդ…
- Ես քո տեղը լինեի կհարցնեի` ո՞նց կարացար էսքան ժամանակ ինձ տանջել:
- Ու բաժանվել:
- Կնախընտրեի՞ր շարունակեի տանջել քեզ:
Չպատասխանեց: Լցրեցի երկրորդ բաժակս` խղճիս բաժակը լցնելուն զուգահեռ: Զանգեց, վերցրեցի, լռում էր:
- Խոսի, Լառա…
- Բարև, Վիգ….
- Բարև, Լառ…
- Ո՞նց ես դու:
- Նոռմալ: Դու ո՞նց ես:
- Վատ:
- Երևի չհարցնեմ ինչի…
- Մի հարցրու…
- Ու՞ր ես:
- Խանութում:
- Ի՞նչ ես անում:
- Նախաճաշի համար բաներ եմ առնում:
- Պարզ ա…
- Ու չեմ կարում ընտրել
- Ի՞նչը չես կարում ընտրել:
- Ամեն ինչը…Ինչ յոգուրտ առնեմ, ինչ հաց առնեմ, ոչինչ, ոչինչ չեմ կարում ընտրեմ, Վիգ, չեմ կարում…, - վերջին «չեմ կարում»-ը պարուրեց ցածր լացով:
Լռեցի մի պահ: Կում արեցի: Ասեցի.
- Գիտեմ, որ ծանր ա, Լառա, գիտեմ…Բայց այլ ելք չկա: Այլ: Ելք: Չկա:
- Ի՞նչ ես արել էսօր:
- Ոչ մի առանձնապես բան:
- Պատմի քո օրվա մասին:
- Լավ…Արթնացա 12-ին, ուշացած հասա համալսարան, ներկաներս ստացա, Վչոյի հետ իջանք կոֆե խմելու, ման եկանք, եկա տուն:
- Որտե՞ղ սուրճ խմեցիք:
Ուզում էի ասեի ռետրոյում, բայց հիշեց,ի որ ավելորդ հիշողությում կտամ իմ ու իր հաճախ այցելած վայրի մասին: Ասեցի.
- Քրամբսում:
- Էդ որտեղ ա:
- Մաշտոց, նոր տեղ ա, Լառ:
Լռեց:
- Լավ, Վիգ…
- Լավ, Լառա…Զանգի էլի, եթե կուզես…Եթե պետք լինեմ...
- Լավ…
Առանց հաջող անելու դրեց հեռախոսը:
Դուրս եկա պատշգամբ: Գարնան խաբկանք էր, որ թվում էր թե ձյուն լինել էլ չի կարող: Ստացա սմս. «Չեմ կարում դուրս գամ էս խանութից: Նստել եմ գետնին սուպերմարկետի, կողքս դրել դատարկ զամբյուղը: Չգիտեմ` ո՞նց վեր կենամ, դուրս գամ ստեղից, ո՞նց գնամ տուն…Ես գիտեմ, որ որոշումը ճիշտ էր, էլ չեմ վիճի, դու ճիշտ ես, բայց ասա ինձ` որտե՞ղ ա ելքը ստեղից…Ո՞նց վեր կենամ էս սառը գետնից, բռնեմ զամբյուղը, ընտրեմ գնումներս, լցնեմ զամբյուղս, գնամ դրամարկղի մոտ, վճարեմ ու դուրս գամ էս գրողը տարած սուպերմարկետից….Դե ասա` ո՞նց...Դե որ ճիշտ որոշումը գիտես, էս էլ ասա` ո՞նց...»:
Խղճիս մեջ խփած մեխ…Ուզեցա հենց էդ պահին զանգեմ, ասեմ որ սիրում եմ քեզ, որ չենք բաժանվում, որ մնաց մի ամիս ու օդակայանում քեզ դիմավորելու եմ, ու էլ ոչ բաժանվելու ենք, ոչ էլ ելք ենք փնտրելու: Բայց իրավունքը չունեի, հենց նույն քիչ առաջ մեխված խղճի պատճառով ես ինձ զրկել էի իրավունքից ու պարտավորեցրել էի բաժանվել:
Սկսեցի գրել պատասխան sms: Որտեղից էլ սկսեի, ելքը իրեն ցույց չէի տալու, սուպերմարկետի գետնից չէի բարձրացնելու: Գրեցի-ջնջեցի, գրեցի-ջնջեցի, գրեցի.
«Լառա: Մինչև սկսելս, վերջին անգամ խոստովանում եմ. սիրում եմ քեզ: »
Նոր պարբերություն իջա որ սկսեմ, ու էդ պահին լսեցի սկայպի զանգի ձայն: Մոտեցա կոմպին. «Maria A.-yan is calling you»: Մարիան ֆոտոապպարատ բռնած` կլորիկ անմեղ աչուկներով, բայց մեղսավոր հայացքով ֆատոգռըֆն էր:
Վերցրի, իրա վիդեոն միացավ: Վերևից ներքև ինձ ա նայում հրեշը ու ասում.
- Միացրու վիդեոն:
- Ինչի՞ համար:
- Ուզում եմ քեզ տեսնել:
- Ինչի՞ համար:
- Ուզում եմ:
Միացրեցի. Նայեց, ժպտաց, առանց ձայնի շուրթերով ասեց. «Բա-րեվ»: Գլխով արեցի: Արդեն ձայնով ասեց.
- Պատմի ինձ քո մասին:
Խոսակցությունը տևեց ժամուկես: Ավարտեցի: Դուրս եկա պատշգամբ` ծխելու: Հեռախոսս միացրի, որ ժամին նայեմ` տեսա կիսատ նամակս: Ջնջեցի ու նորից գրեցի.
«Ուզում էի սկսեի խոսքով, թե սիրում եմ քեզ, բայց մտածեցի ո՞նց կարա քեզ սիրի մի մարդ, ով ընդամենը առաջին երկու ամիսը երջանկություն քեզ տալով ու հանդիպելով` կորավ, ու հայտվեց, երբ հարմար գտավ, իսկ հետո 2 տարի շարունակ քեզ տանջեց` օդում պահելով, բայց կապանքներով շղթայելով, անվերջ մեղադրելով ու սերդ նսեմացնելով` փոխարենը ոչինչ չտալով ու շաբաթը մի անգամ քեզ հանդիպել ալարելով: Ուզում եմ, որ վեր կենալուց մտածես սրա մասին, հայհոյես ինձ ու էլ երբեք իմ պատճառով գետնին չնստես:»
Գլուխ 6
Մի քանի օր անց Արոենց տանն էի: Արոենց տունը կարելի էր բաժանել երկու մասի` տան ու բալկոնի ու վստահ չեմ, որ վերջինը ավելի մեծ չէր, քան առաջինը: Երևի իսկական հային բնորոշ ավանդույթն էր ստիպել իրան բալկոնը առաջ տալ էնքան, ինչքան հնարավոր էր: Իսկ Արոյի նման տղերքի համար հնարավորը միշտ շատն էր ու մեծը:
Ուղնուծուծով համով-հոտով հայ էր: Էն վախտերի չափանիշներով հարուստ էր, ծանր ու շքեղ էս կլասս մերսեդես էր քշում ու իրան սազում էր հարուստ լինել, ուղնուծուծով հայ էր, չէ, ի վերջո: Հային բնորոշ ծանրություն ուներ, դանդաղաշարժ էր ու հանգիստ սիրող: Թողեիր` սաղ օրը կքներ` կեսը դիվանին ու խոհանոցի թախտին, մյուս կեսը` անկողնում: Բայց որտեղ էլ ու ինչքան խորն էլ քնած լիներ, րոպեների ընթացքում հայնվում էր իմ պռոբլեմների մեջ ու արագ լուծում տալիս դրան: Ընգերս էր: Ու հային բնորոշ ընգերություն անել գիտեր` միշտ ջիգյարով:
Կողքից մեր ընգերությանը նայողը հաստատ փռթկալու էր, փորը բռներ ծիծաղից ու հարցներ. «Արա, դուք իրար հետ ի՞նչ գործ ունեք»:
Դե պատկերացրեք. Արոն համարյա միշտ կաստյում շալվարով, իդեալական հարթ հարթուկած շալվարի տակ մտցրած սառոչկաներով ու դասական կաշվե կոշիկներով, որոնց ես անգամ հարսանիքի չէի գնա, միշտ կարճ մազերով ու սափրված, ձեռքին` միշտ ոսկե շղթա, դեմքին` միշտ լրջություն: Ես` ճղճղված ջինսերով, ճմռթած սարոչկով, ձեռքերիս` բեզդելուշկա բռասլետներով` երևի մի 5 հատ, որոնք տեսնելիս Արոն հարցնում էր. «էս խի՞ ես քցել» ու իմ պատասխանը` հենցընենց, ստանալով, արագ թեման փոխում էր` մտածելով իրա խելքի բան չի, մատերիս` արծաթե տարօրինակ սիմվոլներով ու նախշերով մատանիներով, մազերս` միշտ երկար ու գզգզված, համարյա միշտ 4-5 օրվա մորուքով ու մինչև վիզս հասնող բակերով:
Կողքից իսկապես ծիծաղելի պետք ա թվար մեր «միությունը», ու տենց էլ կար, դրա համար ծանոթ մարդիկ մեզ տեսնելով` ժպտում էին:
Բայց ընգերացել էինք: Ընգերության սկիզբն էլ դրել էր երկուսիս միակ համընկնող գիծը` կրթական համակարգը խաբելը: Սովորելով Հայաստանի արևմտյան ԲՈՒՀ-երից մեկում` ամենախիստ վերահսկողությամբ, շատ արագ հասկացել էինք, որ մեր ուսանողական տոմսերի վոեննիյ բիլետի վերածվելը սարերի հետևում չի, իսկ շուտ արթնանալն ու ռազմինկա անելը ոչ ինձ էր բնորոշ, ոչ Արոյին: Հեշտ քննությունները ստանում էինք, ավելի ճիշտ ես ստանում էի, իսկ Արոն հաճախ ընկնում էր լիկվիդ, դրա համար էլ շատերի հեռախոսում գրանցած էր համարը որպես "Արո Լիոկվիդ", բայց բարդ քննությունների պատրաստվելու համար կամ համբերություն ա պետք, կամ տարվածություն էդ առարկայով: Առաջինի համար չափից ավելի երիտասարդ էինք, իսկ երկրորդի համար...Էլի չափից ավելի երիտասարդ էինք, որպեսզի առարկան գրավեր մեզ ավելին, քան ուսանողական կյանքի ոչ ուսուցման հատվածները:
Բարդ քննության պատրաստվելը սկսում էր դրա նախորեին գիշերը 10-ի կողմերը Արոյի զանգով. «Ի՞նչ ենք անելու, ախպեր:» Դրանից մի կես ժամ անց հանդիպում էինք Արոենց բալկոնում, ու մինչև լուսաբաց լույսի արագությամբ ու ատոմակայանի արդյունավետությամբ տարբերակներ մշակում առավոտվա քննությունը գոնե դրական բալով հանձնելու համար: Ու ստացվում էր: Հիշում եմ, մաստեռի վերջին կուրսում ինչ-որ շատ բարդ, ու որպես կանոն կյանքում չպետքական առարկայից մեր երկուսիս բարձր գնահատականը վերջապես կասկածի տեղիք էր տվել համալսարանի ադմինիսրացիային: Էդ էլ երևի թե, որովհետև խմբի կրծողները կտրվել էին էդ քննությունից, իսկ իմ ու Արոյի մի գծով շարած բացակաները էդ առարկայից վստահություն չէին ներշնչում: Կանչեցին երկուսիս եվրոպացի երիտասարդ պրոռեկտորի մոտ, որը ուսանողների հետ ռուսերեն էր խոսում: Մտանք կաբինետ, առանց բարևելու սեղանին շպրտեց երկուսիս գրավոր աշխատանքները` վրան համապատասխանաբաև 15 ու 16 բալերով, ու ասեց.
- Вы хотите сказать, что это вы написали?
- Конечно, - պատասխանեց Արոն:
- Ну там ведь наши имена, - հաստատեցի ես:
- Если вы это написали, но тогда я Гарри Поттер, - հավատալու առանց ոչ մի նշույլի հայտարարեց պրոռեկտորը:
- Что ж, тогда чтобы быть похожим на него, вам следует надеть очки, - ասեց Արոն ու առաջացրեց ժպիտս: Համարելով, որ հումորը ամբողջական չի, շարունակեցի.
- И гнаться за философским камнем, а не за нами, - այ հիմա արդեն երկուսով ժպտացինք:
Ոչ մի փաստ չունենալով` պրոռեկտորը ընդամենը կրկնեց վրիժառուին բնորոշ խոսքեր. «Еще увидим, еще увидим…»: Ոչինչ չպատասխանելով` դուրս եկանք կաբինետից: Արոյին ասեցի.
- Պռիցելի տակ ենք սրանից հետո, մի կիսամյակ ա մնացել, արի թարգենք, էս մի կիսամյակինը նոռմալ ձևով ստանանք:
- Հա, հա, ճիշտ ես:
Լսեց, չլսելու տվեց, ասածն էլ` մոռանալու, ու շարունակեց: Բռնվեց: Զրկվեց բոլոր ուսանողական առավելություններից: Իսկ ինձ որպես լավ ուսանող ուղարկեցին եվրոպա պրակտիկա անցնելու. որոշել էին, որ մեր երկուսից լավ ուսանողը ես եմ, վատն ու արտագրողն էլ` Արոն: Ասեմ, որ խիղճ տանջում էր Արոյի համար, չէ տենց, բայց ափսոսում էի, որ եվրոպայում որպես «լավ սովորող» ուսանողներ իրար հետ չտժժացինք փուչ աշխարհի վրա:
Ու տենց էլ համարյա ոչ մի օր ես ու Արոն նորմալ չսովորեցինք էդ համալսարանում, միայն շրջանցեցինք համակարգը: Տարիներ անց էլ համարում եմ, որ միակ բանը, որ արժեր էդ համակարգի հետ անել` շրջանցելն էր, որովհետև կարծում եմ, որ խնդիրը սկսվում ա ոչ թե էնտեղ, որ կրթական համակարգը շրջանցում են, այլ որ այն ցանկանում են շրջանցել:
Ես, որ մարդկանց հանդեպ միշտ կասկածանքով եմ լցված, երկար ժամանակ իր հետ ընգերությունը լռիվ բաց ընդունել չէի կարողանում: Բայց մի դրվագից հետո` հաստատակամ հասկացա, որ ընգերս ա:
Lսում էի հարդ ռոք, գռանժ կամ մետալ, ռոքնռոլ մի խոսքով: Արոյի համար ոչ ռոքն էր ընկալելի, ոչ էլ ուրիշ տենց մի արևմտյան բան: Բայց ի տարբերություն ինձ Արոն սինթեզատռի վրա նվագել գիտեր: Օրերից մի օր իրանց բալկոնում նստած ասեց.
- Քեզ համար նվեր ունեմ:
- Դե տուր:
- Տալով չի, պիտի լսես, - ասեց ու մոտեցավ սինթեզատըռին ու դաշնամուրային ձայներով նվագեց սիսթեմի b.y.o.b.-ն: Դե դրանից հետո էլ ոնց ընգերս չլներ:
Վերադառնամ Արոենց բալկոն:
-----------------------------------------
Արոենց բալկոնում ծխում էինք Վչոյի բերած խոտից: Փորձել էինք ամեն ձև, էլ սիգարետի մեջ, էլ բուլբուլյատըռ[1], էլ նարգիլայով: Տարել ու հետ չէր բերել: Բալկոնի դիվաններից մեկի վրա վեր էի ընգել ու կամ տեսիլք էր կամ երազ, բայց նստած էի գնացքի տանիքին: Ոտքերս բուդդայի պես ծալած: Գնացքը որդից դանդաղ էր շարժվում: Լեռնապատ ու անտառապատ տեղանք էր, կարծես Լոռին լիներ: Դիմացում թունել էր: Թունելի վերևում նեոնային տառերով գրված էր. «Ֆսսալը լա՞վ ա»: Պատասխանեցի:
- Ֆսսալը ճիշտ ա: Ո՞վ ես:
Նեոնային տառերը կորան ու հայտնվեցին նոր գրությամբ:
- Ես եմ:
- Ո՞վ ա եսը:
- Ես էլ դու եմ, ես չկամ:
- Տերյան…
- Բնավ չես գտնի:
- Ի՞նչը:
- Կորցրածը:
- Անիծվի...
- Երբ կյանքդ կանիծես, դուռը չի բանա:
- Լուսաբացին բարձրացի կախաղան...
Գնացքը սկսեց դղրդալ ու ձայներ հանել: Սթափվեցի կամ արթնացա. գրպանումս հեռախոսս էր զանգում: Մարիան էր զանգում. համարներով մի քանի օր առաջ էինք փոխանակվել, և ժամանակ առ ժամանակ sms-ներ էի ստանում իրանից`ոչ էն ա ընկերական, ոչ էն ա ակնարկներով: Անորոշ էր իրավիճակը, ինքն էլ բավականին զգուշավոր էր դրանում: Օ՜, այդ կանացի զգուշավորթյունը, որ միշտ էլ ավարտվում է անզգույշ քայլով...Իրավիճակը էլ ավելի անորոշ էր դառնում իրա բոյֆրենդ ունենալու հանգամանքով և վերջին մի քանի օրը վերջինիս հետ ֆոտոներ քցելով սոցիալականներ: Կողքից` երջանիկ ու ստացված զույգ, որին ոչինչ բացի ամուսնական հիասթափությունից չի սպառնում: Ես էլ էի զգուշավոր. Դեռ չէի հասկանում` ու՞մ հետ գործ ունեմ, դրա համար ամեն ինչ թողել էի ժամանակին:
Վերցրի հեռախոսը:
- Բարևևևև, - ուրախ ձայնով բացականչեց:
- Բարև, բարև...
- Ու՞ր ես, ո՞նց ես, ի՞նչ ես անում:
- Բալկոնում եմ, - պատասխանեցի միայն մեկ հարցին:
- Ի՞նչ բալկոն:
- Մեծ բալկոնում
- Հաա:
Կողքից Արոն քթի տակ ասեց` ասմունքելու պես. «Արարատին նայող բալկոնում»:
- Բա ի՞նչ ես անելու երեկոյան:
- Եթե ոչ մի բան չխանգառի, նայելու եմ բալկոնից Արարատին:
- Ես խանգառելու եմ:
- Հաա: Ու ո՞նց:
- Ուզում եմ պորտրետներ անել: Դու լինելու ես իմ առաջին փորձը:
- Հաա...
- Համաձա՞յն ես:
- Էլի ուզում ես պարտքի տակ մնաս, հա՞:
- Մեկա մինչև կյանքիս վերջ ա, հոգիսսս, - վերջին կոչականը ակնհայտ իռոնիայիվ ասեց` ձևս էր անում:
- Լավ, ժամ, տեղ:
- 6-ին, տեղը դու ասա:
- Ես ասեմ…Ամերիկյան համալսարանի 27-րդ աստիճանի վրա:
- 27՞-րդ:
- 27-րդ:
- Ինչի՞ 27-րդ:
- Եսիմ: Լեռմոնտովի մահվան տարիքն ա: Ու Կուրտ Կոբեյնի:
- Ապուշշշ, - վերջին շ-յի վրա քրքջալով ասեց հրեշը:
- Դե պայմանավորվեցինք:
- Սպասի...Սև կհագնես, ու չսափրվես:
- Չէի էլ պատրաստվում:
- Դե լավա, առայժմ, - ասեց ու չսպասելով ընդհատեց զանգը:
Վեր կացա տեղիցս: Գնացի բաղնիք, լվացարանի ջուրը բացեցի: Սպասեցի սառի ջուրը: Ափերս խաչեցի ու մոտեցրի: Ափերս գնում գալիս էին ու կրկնապատկվում: Երեսովս մի քանի անգամ ջուր շփեցի: Ափերի քանակը կրճատվեց: Նայեցի հայելուն. կյանքի դժգունությունը ու իրականութնունը վերադառնում էր: Մի քանի ափ էլ ջուր խմեցի: Դուրս եկա բաղնիքից, գնացի տղեքի մոտ բալկոն, տղեքի մոտ անփոփոխ վառվռուն էր ամեն ինչ դեռ: Հայտարարեցի.
- Ես գնում եմ:
Լռություն էր: Նորից ասեցի.
- Տղերք, ես գնացի:
- Ու՞ր,- հարցրեց Արոն:
- Տուն, մի երկու ժամ հանգստանամ, հետո հանդիպում ունեմ:
- Ու՞մ հետ:
- Ֆատոգռաֆին եմ հանդիպում,- ասեցի ես ու շրջվեցի դեպի բալկոնի դուռը:
- Գզի-մզի՞ եք անելու:
- Դժվար, ընգեր ունի…
- Հա, ընգերոջն էլ մենք կգզենք:
- Հա բա ոնց, - կողքից հաստատեց Վչոն:
- Դալբակներ[2], - քթիս տակ ասեցի ու դուրս եկա բալկոնից:
----------------------------------------------------------------
Ժամը 6-ին 15 պակաս ամերիկյան համալսարանի ասստիճանների տակ էի: Դեռ ոչ մի կին առաջին հանդիպմանը շուտ կամ ժամանակին չի եկել: Երևի կարծում եք պատճառը երկար պատրաստվելն ա: Իմ կարծիքով պատճառը ավելի ռազմավարական ա: Կանանց դեպքում միշտ ամեն բան ռազմավարական ա` 4 հատ բայցով ու 7 հատ սակայնով, ապահովության համար մի քանի հատ էլ այնումենայնիվով: Ու կամ բայցևայնպեսով: Բայցևայնպես, կանայք ուշանում են առաջին հանդիպմանը որպեսզի բացառեն տղամարդուց շուտ գալը` անհարմար պահը: Կարծում եք` փորձում են «թանկացնել» իրենց, չէ, ռազմավարական, ոչ թե մարտավարական. ընդամենը տղամարդկանց երեսն են փրկում` իրենք իրենց փրկելով շուտ հասած հիասթափությունից: Առաջին հանդիպմանը ուշացած տղամարդը հիասթափության կծիկ ա իրենց համար:
Հաշվելով բարձրացա, հասա 27-րդ աստիճանին: Շրջվեցի. քաղաքը բացարձակ ափերիս մեջ չէր: Աջ նայեցի, ձախ նայեցի: Շատ սյուռ կլիներ կանգնել ու սպասել 27-րդ աստիճանին առանց Ախթամարի կրակի 30 րոպե շարունակ. այդքան էի ես գնահատել նրա ուշացումը: Բարձրացա ևս մի քանի աստիճաններ, հասա հարթակին, նստեցի հարթակի քարե պատնեշի վրա:
Եկավ 20 րոպե ուշացումով: Մինչև հասնելը զանգեց հաստատվելու համար. «Ստե՞ղ ես»: «Փարոսի պես կանգնած եմ», - պատասխանեցի: Անջատեց: Զանգից երկու րոպե անց աստիճանների ներքևում հայտնվեց կառե մազերով աղջնակը` մի ուսին կանացի փոքրիկ պայուսակ, մյուսին` ոչ կանացի մեծ ապառատ: Գլուխը բարձրացրեց, տեսավ ինձ: Գլուխը իջացրեց ու հատ առ հատ աստիճաններով բարձրացավ. զգացվում էր` հաշվում ա:
Եկավ հասավ 25-րդին: Բարձրաձայն հայտարարելով` 26, 27, եկավ կանգնեց 27-ի վրա, գլուխը բարձրացրեց, ինձ նայեց` ներքևից վերև ժպտալով: Դժոխքում սատանան անպայման տենց պետք ա նայի նոր ընկածների վրա` ներքևից վերև: Կրկնեց.
- Քսան յոթ: Էլ չեմ բարձրանա:
- Ուշացել ես, կբարձրանաս էնքան, ինչքան պետք ա, - նստածս տեղից չշարժվելով ու ծուխս փչելով ասեցի ես:
- Կբարձրանամ, - ասեց ու ընդհատվեց: Արդեն առանց ժպիտ էր, - Ինչքան պետք ա,- վերջացրեց:
Բարձրացավ էլի հաշվելով:
- Քսան ութ, քսան ինը, երեսուն, երեսուն մեկ, երեսուն երկու, - հասավ հարթակին ու քայլեց դեպի ինձ` վերջին քայլը արեց, ավելի ճիշտ բարձրացավ ուղիղ իմ ոտքի վրա ու կանգնեց, - երեսուն երեք, - ասեց արհեստական ժպիտով` ոտքիցս իջնելու ոչ մի պատրաստակամություն չարտահայտող դեմքով: Շարունակեց.
- Երեսուն երեքում ո՞վ ա մեռել:
Նայեցի դեմքին, նայեցի ոտքիս, որի վրա իրանն էր, ասեցի.
- Հիսուսը:
Ուղիղ ինձ նայեց, փորձում էր ծիծաղը զսպեր, չստացվեց.
- Ապուշ, - ծիծաղեց ու իջավ ոտքիցս: Շրջվեց: Նայեց քաղաքին: Քաղաքը բացարձակ ափերի մեջ չէր:
Քայլեցինք: Նեղ մայթով էինք քայլում, ինքը առաջից, ես հետևից: Հայացքս հետևում էր իրա կառե մազերին, որ պահ առ պահ ցատկում ու վայրէջք էին կատարում քայլելուց ու ի ցույց էին դնում ծոծրակի ոսկորիկները: Սիրուն էր, էնքան սիրուն, որ հայացք չիջացրի հետույքին անգամ: Ճանապարհին զանգ ստացավ: Բոյֆրենդն էր, հետաքրքրվում էր ուր ա: Պատասխանեց հարցին, հետո էլի հարցեր հնչեցին, հավանաբար` ինչ ես անում ու ում հետ, բայց դրանց պատասխանները լսել չհասցրի, արագ առաջ ընկավ մի քանի քայլով ու խոսելու ձայնն էլ ցածրացրեց: Որոշեցի հարցնեմ.
- Վերահսկու՞մ են:
- Չէ, - փակող պատասխանով ասեց ու անցավ:
- Անհագստանու՞մ են:
- Ոչ մի տենց բան: Դու իրան չգիտես:
- Ու՞մ:
- Իրան:
- Հաա:
- Հավատա իրան մեկ ա:
Որոշեցի ոչ մի կերպ չպատասխանեմ ու չորակեմ մեկ լինելը, որովհետև չհասկացա հենց ինքը ինչպես ա դա որակում:
Հասանք ինչ-որ այգի: Հրամայեց նստել ինչ-որ տեղ: Ինքը սկսեց թռչկոտել կողքերով ու կադր բռնացնել` իրա խոսքերով` ռակուրս ու խառակտեռս պետք էր բռնել: Խանգառում էի ամեն կերպ, խոսում, կատակներ անում, ծիծաղացնում, իրա ինստռւկցիաները չհասկալու տալիս: Ինչքան շուտ ձեռ քաշեր ֆոտո անելու մտքից, էդքան շուտ կանցներ հանդիպման բուն նպատակի բացահայտմանը:
Բայց կամ ինձնից համառն էր, կամ էլ նպատակ իսկապես չկար: Մի պահ մոտեցավ, ձեռքը մեկնեց, որ սառոչկայիս օձիքը դզի: Քամելեոնի օրը չհաշված առաջին անգամ դիպավ ինձ: Հավանաբար էդ առաջինությունը երկուսով զգացինք, հայացքներով հատվեցինք: Մի քանի վայրկյանաչափ պահեց հայացքը, փախցրեց ու ինքն էլ փախավ մոտիցս`թռչոկտելով էնքան հեռու, որտեղից կադր բռնել կլիներ:
ֆոտո անելը վերջացրեց, սկսեց ապառատի էկրանի վրա թերթել ստացվածը: Վերջացրեց նայելը, որակեց որպես.
- Վատ չի, գիտե՞ս:
- Դու կիմանաս:
- Չես ուզու՞մ նայել:
- Կուղարկես կնայեմ հետո:
- Լավ: Քայլե՞նք:
- Քայլենք:
Քայլեցինք, շատ երկար քայլեցինք: Երևի մոտ ժամուկես զվռնում էինք քաղաքի տարբեր հատվածներով: Խոսալու թեմա կար: Զվռնում էինք նաև թեմաների վրայով: Պահ առ պահ լռություն էր տիրում: Թաքուն հայացք էի գցում վրան, ու ոչ մի բան չէի կարողանում կարդալ: Վրաս չէր նայում: Լավ նշան չի, կամ շատ լավ նշան ա: Նա կամ հետաքրքրված չի ինձ նայելու, կամ էլ էնքան ա հետաքրքրված, որ վախենում ա դա անել:
Նստեցինք Աբովյանի վրայի «Արաքս» կաֆեում սուրճ խմելու ու կրեպ ուտելու: Ինքը շոկոլադով պատվիրեց, ես հատապտուղներով, որ գոնե միքիչ թթվությամբ ծածկեմ քաղցրությունը: Անհանգիստ էր: Աջ ու ձախ էր նայում: Իմ պետքս չէր, բաժակս բռնել, արիստոկրատներին վայել փռվել էի աթոռին` ոտքս ոտքից գցած ու ծուխս էի ուղարկում դեպի փողոցի կողմը, ուր և հայացքս էր ուղղված: Միտքս գնաց եկավ տարբեր տեղեր, վերադարձավ մեր սեղան, հայացքս ուղղեցի իրան: Ինձ էր նայում` հավանաբար վաղուց: Էս անգամ չփախցրեց հայացքը: Հետազոտում էր: Երկար նայեց, թարթեց ու ժպտաց` էնքան բարի, որքան լիրբը կարա լինի: Հարցրի.
- Ի՞նչ:
- Ոչինչ…Ոչինչ…Ժպտա մեկ-մեկ էլի: Ֆոտոներում ոչ մի տեղ չես ժպտում:
Երևի ժպիտանման մի բան հայտնվեց դեմքիս, շարունակեց.
- Ժպտա, ոչ թե քմծիծաղի, ցինիկ…
Հեռախոսը զանգեց իրա: Վերցրեց, նոր հանդիպման տեղ ժամն էր պայմանավորվում: Մտքումս ասեցի` չափից ավելի գործնական ա սիրահարվելու համար: Վերջացրեց:
- Ես պետք ա գնամ:
- Գնա, հոգիս:
- Միքիչ շտապում եմ, դե՞մ չես հիմա դուրս գամ:
- Նայած` ում մոտ ես գնում:
- Ընկերոհուս, - ժպիտով ասեց:
- Չես ստու՞մ:
Նայեց, լռեց, հետազոտեց, մտածեց.
- Կարծում եմ քեզ սուտ խոսելու իմաստ չկա:
- Որոբհետև չի ստացվի թե՞ որովհետև կարիք չկա:
- Երկուսն էլ…Ու հուսամ չի էլ լինի երբևիցե…
Լռեցի, հիմա էլ ես էի մտածում: Ընդհատեց ինձ:
- Գնացի, - նստած տեղից մեկ շարժումով հանկարծակի ձգվեց, այտս համբուրեց, - մերսի քեզ ամեն ինչի համար:
- Գումարի պարտքիդ:
- Էդքանը հետ տվող չեմ, - ասեց բարձրանալով աթոռից ու պայուսակը ուսին գցելով:
- Հաջորդ կյանք կա, կհասցնես:
Նայեց, լռեց, ասեց.
- Ես նախորդից եմ դեռ պարտք…Ց:
Գնաց: Ոնց որ թե ուզում ա որոշակիանա որոշ բաներ` մտածեցի, ու էլի փռվեցի աթոռին ոտքս ոտքին գցելով: Նոր ծխախոտ վառեցի, որ սուրճից վերջին կումերի հետ վայելեմ գերգրավիչ մենությանս մեջ, որ գալիս ա միայն կնոջը հրաժեշտ տալուց հետո ու տևում ա րոպեներ, երբ մեկ էլ դիմացս եկավ նստեց Վ,չոն:
- Ինչ կա, ազիզ, - ասեց ու ձգվեց սուրճիս բաժակին: Ձեռքով խփեցի:
- Բարև-բարլուս չկա՞ արա:
- Բարև ազիզ, - ասեց, ձգվեց, գրկեց, էլի նստեց տեղը ու էլի ձեռքը տարավ սուրճիս բաժակին, էլի խփեցի ձեռքին:
- Թո՛ղ խմեմ, արա՛, - ասում ա:
- Պատվիրի՛ քեզ համար:
- Բայց կոֆե չեմ ուզում:
- Բա խի՞ ես իմը խմում:
- Եսիմ, - ասեց ու անցնող մատուցողին տեսավ, կանչեց ու ասեց` «Պինա կոլադա միհատ ինձ` զոնտիկները շատ», շրջվեց ինձ, հարցրեց.
- Դու կուզե՞ս:
Դրական պատասխանեցի: Պինա կոլադա խմելը իմ ու Վչոյի ինքնաիռոնիայի դրսևորումն էր, որ եկել էր երկուսիս կողմից պաշտելի Գայ Ռիչիի կինոյից «Lock, Stock, Two Smoking Barrels»: Ու ամեն անգամ տենց ֆինտիֆլուշկա պատվիրելուց հետո, երբ մատուցողը բերում էր, երկուսով միաբերան ասում էինք. “What the fuck is this?!”` անպայման մատնացույց անելով բերածին: Մատուցողը սովորաբար ապշահար մեզ էր նայում` փորձելով մեղքի բաժին ու սխալ գտնել բերածի մեջ: Հետո սովորաբար Վչոն ասում էր. “I asked for refreshing drinks”, ու ես շարունակում էի «Not expecting a fucking rainforest»: Էդ պահին երկուսս քրքջում էինք, մատուցողը շունչ էր քաշում, մենք էլ խմում էինք տրոպիկական անտառները:
- Էս ո՞րտեղից բսնեցիր բա:
- Արոն քնեց բալկոնում: Ես էլ լյոքշ էի բռնել: Զանգում էի` չէիր վերցնում: Ասի ստեղեք կլինես երևի: Ո՞նց անցավ:
- Նոռմալ:
- Ուզածը ի՞նչ ա:
- Ով գիտի, ով գիտի…
- Լառայից ի՞նչ կա:
- Լառան դեռ կա...
- Այսի՞նքն:
- Դե դեռ կա: Դեռ մեկ մեկ շփվում ենք:
- Ոչինչ, կամաց կամաց կպակասի, հետո կկորի:
- Վստահ չեմ, որ էդ եմ ուզում...
- Հա՞:
- Հա:
- Բա ֆատոգռաֆին խի՞ ես հանդիպում:
Աչքերս կկոցեցի վրան, բերանս ծռեցի` հասկացնելով ի՞նչ ես դատ-դատաստան անում դու ինձ: Ու հարցրի:
- Դու ասա: Էսօր ուռած ոչ մեկի սեր չես խոստովանել, տվայտանքներդ սկուտեղի վրա զարդարած չես մատուցել ֆուռշետին կամ չէ, չէ, սպասի…Անկեղծության հորձանուտներդ քանի դամբա են փշրել էսօր?
- Խելոք մնա:
- Աաա, աչքիս արել ես:
- Խելոք մնա, իյա:
Բախտը բերեց ասելու վրա բերեցին պինա կոլադաները, թե չէ լռվելու էի վրեն: Երկուսս էլ ապուշի պես ժպտացինք գույնզգույն զարդարված բաժակների վրա, մատուցողին դրեցինք անհարմար իրավիճակի մեջ, հետո խփեցինք իրար բաժակները` կոտրելու մեծ հավանականության ուժով ու խմեցինք:
[1] Պլաստիկե շշից պարտաստված ծխեցման սարք, որ կուտակում է ծուխը և բաց է թողնում այն ծխողի բերանի մեջ
[2] Ռուսերեն “долбоеб” բառի հակիրճ և հայաֆիկացված տարբերակ` իդիոտ, ապուշ:
Comments